
Report.am. 17-2-2010- Իրանը նպատակ ունի զարգացնելու իր միջուկային ծրագիրը և ցանկանում է հետագայում ատոմակայան կառուցել հարևան երկրների համար և նրանց միջուկային վառելիք մատակարարել։ Այդ մասին, ինչպես հաղորդում է AFP-ը, փետրվարի 16-ին հաղորդել է Իրանի դատական իշխանության՝ Մարդու իրավունքների շտաբի քարտուղար Մուհամմեդ-Ջավադ Լարիջանին Շվեյցարիայում։
«Մենք ցանկանում ենք օգնել տարածաշրջանի մյուս երկրներին, մտադիր ենք օգնել ցանկացածին, ով դրա կարիքն ունի»- հայտարարել է Լարիջանին։ Նրա խոսքերով, այդ բնագավառը հետաքրքրում է Իրանին, և պետությունը պատրաստ է ներդրումներ կատարել այստեղ. «Մենք ցանկանում ենք լինել այն պետությունը, որը կառուցում է ատոմակայաններ և միջուկային վառելիք է արտահանում այլ երկրներ»։ Ինչպես նշեց Լարիջանին, ներկայում ավարտվում է Իրանի Իսլամական հանրապետության առաջին՝ «Բուշերի» ատոմակայանի շինարարությունը, իսկ երկրորդինն ընթացքի մեջ է։
Հիշեցնենք, որ այս տարվա սկզբում Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել էին համագործակցել Թուրքիայի ատոմակայանը տեխնիկապես զինելու ուղղությամբ։ Համապատասխան հուշագիրը ստորագրվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի Մոսկվա կատարած այցի ժամանակ։
Իսկ Հայաստանում շուտով կսկսվի Մեծամորի ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցումը, որի պատվերը հույս ունեն ստանալու ռուս ատոմագործները։
No comments:
Post a Comment