Wednesday, February 17, 2010

Ալիևի մոտ Թուրքմենբաշու սինդրոմ է հայտնաբերվել

Tert.am. 17-2-2010- Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավորը առաջարկել է հրաժարվել մարտի 8-ը որպես Կանանց միջազգային օր տոնելուց։ Դրա փոխարեն՝ ադրբեջանի պատգամավոր Էլմիրա Արխունդովան առաջարկում է նոր տոն սահմանել Իլհամ Ալիևի հանգուցյալ մոր ծննդյան օրը՝ փետրվարի 28-ը։ Այս նախաձեռնությունը թեժ բանավեճերի պատճառ է դարձել ադրբեջանական հասարակությունում։ Այդ մասին հաղորդում է Eurasia.net-ը։ Ադրբեջանցի պատգամավորի կարծիքով՝ երկրի քաղաքացիները կարող են նման կերպ իրենց սերը ցույց տալ Իլհամ Ալիևի մոր՝ Զարիֆա Ալիևի հանդեպ։ Ախունդովան հավելել է, որ մարտի 8-ը «կորցրել է իր խորհուրդը», այն հարկավոր է չեղյալ համարել։ Սակայն բազմաթիվ ադրբեջանցի կանայք համաձայն չեն Ախունդովայի այդ առաջարկի հետ։ «Ես չեմ նշի այդ տոնը, քանի որ նման քայլով նրանք պարզապես լիզում են նախագահի կոշիկները։ Մենք նախկինի պես կտոնենք մարտի 8-ը»,- մեկնաբանել է երիտասարդ ադրբեջանցի ուսուցչուհի Նիգար Չինգիզգիզին։ Ըստ նրա՝ պատգամավորները, դրա փոխարեն, պետք է ավելի կարևոր հարցերով զբաղվեն։ Անկախ վերլուծաբան Լեյլա Ալիևան ենթադրում է, որ այս ամենը վկայում է Ադրբեջանում ժողովրդավարության խնդիրների գոյության մասին։ «Աշխարհիկ, ժողովրդավարական հասարակությունում անձնական և հասարակական աշխարհները պետք է տարանջատվեն։ Ավանդական հասարակությունում, ինչպիսին է Ադրբեջանը, որտեղ անձը պաշտամունքի է վերածվում, այդ կապն առավել խորն է»,- եզրափակել է վերլուծաբանը։

No comments: