Monday, February 8, 2010

«Ֆուտբոլային» դիվանագիտությունը մեծացրել է պատերազմի հավանականությունը

7Or.am. 8-2-2010- Մեր ունեցած տեղեկություններով՝ Սոչիում կայացած Սերժ Սարգսյան, Դմիտրի Մեդվեդև, Իլհամ Ալիև եռակողմ հանդիպման ժամանակ քննարկված ղարաբաղյան հակամարտության փաստաթղթին առաջին անգամ ադրբեջանական կողմը համաձայնություն է տվել։ Այդ քայլը բավական շոկային է եղել Սերժ Սարգսյանի համար, ում մարտավարությունը մինչ այդ եղել է հետևյալը՝ համաձայնել համանախագահների բոլոր առաջարկներին այն հաշվարկով, որ Իլհամ Ալիևը չի համաձայնի որևէ փաստաթղթի, որտեղ նույնիսկ տեսականորեն խոսք կգնա Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման մասին։ Սոչիում, սակայն, Ալիևը փոխել է նախկինում ունեցած իր դիրքորոշումը և համանախագահներին ասել, որ պատրաստ է ստորագրել ներկայացված փաստաթղթի յուրաքանչյուր բառի տակ։ Այդպիսով Սերժ Սարգսյանը հայտնվել է բավական անելանելի վիճակում, քանի որ այդ փաստաթղթով նախատեսվում է ազատագրված 7 շրջաններից հայկական զորքերի դուրսբերում, փախստականների վերադարձ իրենց նախկին բնակության վայրեր, ընդամենը Լաչինի միջանցքի առկայություն և Լեռնային Ղարաբաղի հետագա կարգավիճակի որոշման հնարավորություն։ Երկշաբաթյա ժամկետը, որ տրվել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանը Սոչիի հանդիպումից հետո, ըստ էության, հայկական կողմի ցանկությունն է եղել։ Այդ ժամանակահատվածն այժմ իշխանություններն օգտագործում են, որպեսզի ներկայացնեն իրենց վերապահումները Սոչիում քննարկված փաստաթղթի կապակցությամբ, որով պետք է փորձեն ձախողել համաձայնությունը։ Այսինքն, Սերժ Սարգսյանը գնալու է դիրքորոշման կոշտացման, որն այս պահին օբյեկտիվորեն միակ ճիշտ տարբերակն է, քանի որ Սոչիում ներկայացված փաստաթուղթն, ըստ էության, հայկական կողմի կապիտուլյացիա է նշանակում, և այն ընդունել չի կարելի։ Առաջիկա օրերին արդեն պարզ կդառնա, թե ինչ մոտեցում է ցուցաբերել Հայաստանի դիվանագիտությունը։ Երկշաբաթյա ժամկետն արդեն մոտենում է ավարտին։ Մի շարք վերլուծաբանների կարծիքով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը կարող է մտնել փակուղի, որն էլ կմեծացնի պատերազմի վերսկսման հավանականությունը։ Խոսքն առաջիկա ամիսների մասին է։ Տեղեկացնենք, որ ղարաբաղաադրբեջանական շփման գծում արդեն իսկ առկա է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի աճ։ Երկուստեք կան զոհեր և վիրավորներ։ Հայկական կողմի ունեցած կորուստների մասին «7օր»-ը կփորձի ճշտել համապատասխան մարմիններից։ Ի դեպ, հայ-թուրքական գործընթացի մասին արդեն բոլորն էլ մոռացել են, և կողմերի ուշադրությունը հիմա սևեռված է միայն Արցախի վրա։ Այսինքն, վերջնականապես հաստատվեց այն պնդումը, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը թուրքական կողմն ի սկզբանե Արցախի նախապայմանով էր սկսել, և այդ ուղղությամբ տեղի էին ունենալու ակտիվ զարգացումներ, ինչի ականատեսն ենք այժմ։

No comments: