Monday, February 1, 2010

Սաֆար Աբիևի հակառակորդները գործողությունների են անցել

Aysor.am. 1-2-2010- Դաշքեսանի շրջանում ադրբեջանական բանակի զորամասերից մեկում երկու զինվորների կողմից կատարված սպանությունից մեկ օր առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը «բանակաշինության մեջ ունեցած մեծ ծառայությունների համար» «Փառքի» շքանշանով էր պարգևատրել: Հիշեցնենք` երկու զինվոր հունվարի 28-ին սպանել էին զորամասի հրամանատարին, շտաբի պետին ու երկու սպայի, վիրավորել երկու սպայի ու վերջում անձնասպան էին եղել: «Ենի մուսավաթը» գրել է, որ այս փաստը մեկ անգամ ևս հաստատեց, որ Աբիևին «Փառքի» շքանշան տալու շուրջ դժգոհություններն անհիմն չեն: «Պարզ երևում է, որ բանակում արմատական բարեփումների կարիք կա: Եթե զինվորը ինչ-որ վեճի հողի վրա գնդակահարում է ընկերոջը, պաշտոնյաներն այդ իրադարձությունը կարող են ինչ-որ կերպ պարտակել: Սակայն եթե զինվորները գնդակահարում են զորամասի ղեկավարությանը, դա արդեն ապստամբություն է առկա համակարգի դեմ: Սա միակ զանգվածային սպանդը չէ բանակում: Անցյալ ամռանը Սեյֆալի շրջանի հրաձգարանում մի զինվոր գնդակահարել էր զորամասի իր 4 ընկերներին»,- գրում է թերթը: «Ենի մուսավաթը» հայտնում է, որ օգտվելով միջադեպից` պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի իշխանական հակառակորդներն անմիջապես գործի են անցել: Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնին հավակնողներից ամենահավանականը, ըստ թերթի, Ադրբեջանի զինվորական դատախազ Խանլար Վելիևն է: Դրանից առաջ էլ բանակում տեղի ունեցող բացասական երևույթները բացահայտ քննադատող Խ.Վելիևը հանրապետական զինվորական դատախազության կոլեգիայի նիստում վերջին սպանդի հետ կապված հետաքրքիր հայտարարություն է արել` ասելով, որ «Ադրբեջանի ռազմական զորամիավորումներում անցյալ տարվա ընթացքում աճել է անձնակազմի դեմ հանցագործությունների թիվը»: Բացի այդ, հանրապետական զինվորական դատախազության մամուլի ծառայության կողմից «Թրենդ» գործակալությանը տրամադրած տեղեկագրում էլ ասվում է, որ «զորամասերում անձնակազմի դեմ հանցագործությունների թիվը 2009 թ.-ին 13,5 տոկոսով աճել է»: Մի շարք վերլուծաբաններ գտնում են, որ ադրբեջանական բանակում տեղի ունեցած վերջին իրադարձությունը կարող է դառնալ պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի պաշտոնանկության պատճառը, հայտնում է «Ենի մուսավաթը»:

No comments: