Monday, February 8, 2010

Գագիկ Հարությունյան. Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ճանաչումն ԱՄՆ Կոնգրեսում անխուսափելի է

/PanARMENIAN.Net/ 08.02.2010- ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեիՀայոց ցեղասպանության մասին թիվ 252 բանաձեւը քվերակության դնելու մասին որոշումն ազդակ է Թուրքիայի համար, որպեսզի այն առավել ակտիվ գործի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում: Այդ մասին ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, Ռուբեն Սաֆրաստյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է «Նորավանք» հիմնադրամի ղեկավար Գագիկ Հարությունյանը: «Թեեւ ընդունված է ասել, որ Կոնգրեսը չի ճանաչում բանաձեւը, սակայն ես կարծում եմ, որ վաղ թե ուշ ԱՄՆ-ն ավելի լուրջ կմոտենա այդ հարցին»,-ասել է «Նորավանք» հիմնադրամի ղեկավարը: Իր հերթին Ռ.Սաֆրաստյանն ասել է, որ հնարավոր է այս անգամ ԱՄՆ-ի քաղաքական վերնախավն առավել հստակ ձեւակերպի Ցեղասպանության մասին բանաձեւը: Ընդ որում, նա նշել է, որ ԱՄՆ ներկայից վարչակազմում այնպիսի մարդիկ կան, որոնք միշտ կողմ են եղել Ցեղասպանության ճանաչմանը: «Սա լավ նախադրյալ է բանաձեւը ճանաչելու համար»,-ասել է Ռ.Սաֆրաստյանը: Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը ներկայացվել է ԱՄՆ 110-րդ գումարման Կոնգրեսում 2007թ. հունվարի 31-ին Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ-կոնգրեսական Ադամ Շիֆի կողմից: Հոկտեմբերի 10-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը 27 «կողմ» եւ 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ հավանություն տվեց թիվ 106 բանաձեւին, սակայն Ջորջ Բուշի վարչակազմը վետո դրեց Պալատում եւ Սենատում կայանալիք ամբողջական քվեարկության վրա: 2009թ. բանաձեւը կրկին ներկայացվեց Կոնգրեսում Ադամ Շիֆի եւ Մարկ Քըրքի կողմից: Ներկայումս թիվ 252 բանաձեւն արդեն 134 կողմնակից ունի Ներկայացուցիչների պալատում: Նմանատիպ բանաձեւ է ներկայացվել նաեւ Սենատում: Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` շուրջ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը եւ վարում է այդ փաստի ժխտման ներքին եւ արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

No comments: