Monday, February 8, 2010

Թուրքական խորհրդարանում ծեծում են իրար ու մի կտոր հաց ուտում

News.am. 8-2-2010- Թուրքական խորհրդարանում փետրվարի 2-ին տեղի ունեցած հայտնի ծեծկռտուքից հետո Թուրքիայի խորհրդարանի նախագահ, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամ Մեհմեդ Ալի Շահինը փետրվարի 8-ին հաշտեցման ճաշկերույթ է կազմակերպել։ Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ ճաշկերույթին չի մասնակցել ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը, այդ թվում՝ ծեծկռտուքի օրը նիստը վարող Գյուլդալ Մումջուն, ով նույնպես հիշյալ կուսակցության անդամ է։ NEWS.am-ը հիշեցնում է, որ փետրվարի 2-ին թուրքական խորհրդարանում ամբիոնի մոտ գտնվող ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավորը, անդրադառնալով փաստին, որ Էրդողանի կնոջը գլխաշորով լինելու համար չէին թողել զինվորական բժշկական ակադեմիա, հեգնանքով ասել էր, թե «այդ ինչպես են համարձակվում մարգարեի կնոջը ներս չթողնել»: Ընդդիմադիրը հիշեցրել էր, որ Թուրքիայի վարչապետին մարգարե է անվանել հենց Էրդողանի կուսակիցը՝ 2008-ին: Այնուհետ ամբիոնին էր մոտեցել վարչապետ Էրդողանը եւ փրփրած ելույթ ունեցել, թե իր կնոջը գլխաշորի համար նկատողություն անելն անբարոյականություն է: Նիստը նախագահող ընդդիմադիր պատգամավորն անջատել էր Թուրքիայի վարչապետի խոսափողը, որից հետո մեջլիսում լուրջ տուրուդմբոց էր սկսվել:

No comments: