Monday, February 1, 2010

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ. «ՀՀ ՍԴ ՎԵՐԱՊԱՀՈւՄՆԵՐԸ ԹՈւՐՔԻԱՅԻ ՀԱՄԱՐ ՊԱՏՐՎԱԿ ԵՆ»

«Euronews»-ին տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արված հայտարարությունները Report.am-ի հետ զրույցում մեկնաբանում է թուրքագետ, «Ազգ» օրաթերթի վերլուծաբան Հակոբ Չաքրյանը: Քաղաքագետի մեկնաբանությունները ներկայացնում ենք ըստ «Էրդողանը առյուծի սիրտ է կերել» նյութում անդրադարձած հարցերի հերթականության: - Ի՞նչ նկատի ունի Թուրքիայի վարչապետը` ԵՄ-ի որոշ երկրներին մեղադրելով «անազնիվ» գործելու մեջ: - Մեղադրանքները նոր չեն: Եվրամիությունը, իհարկե, թուրքերի նկատմամբ երկակի քաղաքական ստանդարտներ է կիրառում: Ո՛չ ուզում է վտարել Թուրքիային Եվրոպայից, ո՛չ էլ ուզում է թույլ տալ ԵՄ-ի անդամ դառնալ: Իրականում Թուրքիան ԵՄ-ին անդամակցությանը պատրաստ էլ չի: Գլխավոր պատճառը տարբեր շրջաններում զարգացման տարբերություններն են: Թուրքական գյուղեր կան, որ լույս չունեն, դրան հակառակ, ասենք եվրոպական հատվածում կառուցված են ժամանակակից հյուրանոցներ։ Տարբեր զարգացման մակարդակներն առաջացնում են տարբեր խնդիրներ, հարավ-արևելյան շրջաններում կան նաև էթնիկ, կրոնական խնդիրներ, փոքրամասնությունների նկատմամբ խտրական վերաբերմունք, որոնք խոչընդոտ են, որ Թուրքիան անդամակցի ԵՄ-ին: Կա նաև մեկ խնդիր ևս` բանակի քաղաքական դերը, որը որոշում է գործադիր կամ օրենսդիր իշխանությունների անելիքը։ Այսինքն` պաշտոնապես ինքը չի որոշում, բայց վերահսկում է ե՛ւ գործադիր, ե՛ւ օրենսդիր իշխանությունների գործունեությունը: Եվրոպացիները չեն սիրում ընդունել իրենց միության մեջ այն երկրներին, որոնք բազմաթիվ խնդիրների առջև են կանգնած: - Ո՞րն է ԵՄ-ի «մեղավորությունը» Կիպրոսի խնդրում - Իրականում Կիպրոսի հարցում Եվրամիությունը վերին աստիճանի մեղմ է վարվում, որովհետև Կիպրոսը ԵՄ անդամ է, իսկ Թուրքիան չի ճանաչում ԵՄ անդամ Կիպրոսին։ Սակայն Կիպրոսն էլ վետո չդրեց Թուրքիայի անդամակցության բանակցությունների սկսմանը: Մինչդեռ, եթե դու ուզում ես միանալ այն միությանը, որի անդամ երկրին չես ճանաչում, դա առնվազն ԵՄ-ի սխալն է կամ տարօրինակ վերաբերմունքը, բայց ես գիտեմ ինչու են այդպես անում, ինչու չեն ուզում օտարել Թուրքիային: ԵՄ-ը Մերձավոր Արևելք ներթափանցելու խնդիր ունի, իսկ ԱՄՆ-ն այդ հարցում շատ խանդոտ է, քանի որ իրենք ունեն այնտեղ միանձնյա ռազմական ներկայություն։ Դե, ում միջոցով պետք է ներթափանցեն, իհարկե՝ Թուրքիայի: ԵՄ-ի համար այնքան արդարությունը չէ կարևոր` Թուրքիայի կողմից Կիպրոսի անդամակցությունը ճանաչելը կամ չճանաչելը, որքան ԱՄՆ-ի համար Թուրքիային որպես կամուրջ օգտագործելու հնարավորությունը: Թուրքիայի աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ ԵՄ-ն չի կարողանում հստակ, կոնկրետ ասել, որ Թուրքիան զարգացման մակարդակով պատրաստ չէ ԵՄ-ին անդամակցել: Թուրքիայի քաղաքական համակարգը չի համապատասխանում եվրոպական ստանդարտներին, քանի որ այնտեղ բանակը առայսօր ազդեցություն ունի գործադիր և օրենսդիր իշխանությունների վրա։ Կան նաև բազմաթիվ այլ խնդիրներ, որոնք այսօր լուծված չեն` խոսքը էթնիկ, կրոնական փոքրամասնությունների մասին է, նաև այն փոքրամասնությունների` հայերի, հույների, հրեաների, որոնց Լոզանի պայմանագիրը որոշակի իրավունքներ է տվել։ Իսկ Թուրքիան առայսօր խոչընդոտում է այդ իրավոնքների կիրառմանը։ - Ի՞նչ լուծում կգտնի թուրք-իսրայելական հակասությունը, և ի՞նչ նկատի ունի Թայիփ Էրդողանը` «Թուրքիայի պես ընկերոջը կորցնելու մասին Իսրայելը հետագայում դեռ պետք է մտածի» արտահայտությամբ։ - Իսրայելի հետ կապված Թուրքիան տարաձայնություններ ունի, որոնք հակասությունների են վերաճել, բայց դրանք կկարգավորվեն, ժամանակավոր բնույթ են կրում: Որքան էլ ԱՄՆ-ի նկատմամբ Թուրքիայի դիրքորոշումը փոխված լինի, Թուրքիան չի կարող ձեռք քաշել ԱՄՆ-ից, ներխուժել ռազմական, ռազմավարական քաղաքական դաշինք, իսկ ԱՄՆ-ի միջինարևելյան քաղաքականությունը միտված է Իսրայելի ազգային շահերի պաշտպանությանը, հետևաբար տարաձայնությունները կհարթվեն և կվերականգնվի թուրք-իսրայելական ռազմական դաշինքը: - Ի՞նչ նկատի ունի Թուրքիայի վարչապետն ասելով, որ հայ-թուրքական գործընթացն ի սկզբանե սխալ է ընթացել: - Թուրքիան արձանագրությունների ստորագրաման ժամանակ անկեղծ չի եղել, արձանագրությունները թեև ստորագրել է, բայց դրանց միջոցով քողարկված նախապայմաններ է առաջարկել` առաջախաղացում ունենալ Ցեղասպանության և ԼՂՀ հարցում, որը ենթադրում է հարակից շրջանները զիջել Ադրբեջանին, հրաժարվել միջազգային ճանաչման քաղաքականությունից: Թուրքիան ոչ այդքան Հայաստանին, որքան ԱՄՆ-ին, ԵՄ-ին և Ռուսաստանին է ցանկանում համոզել` նրանց միջոցով կատարել առաջադրանքը: Երբ Էրդողանի՝ Վաշինգտոն և Մոսկվա այցերի ժամանակ նրանց հույսերը չարդարացան, երբ հասկացան, որ Ղարաբաղի հարցը և հայ-թուրքական գործընթացներն առանձին են, զգաց որ ակնկալիքները չեն արդարանում, սկսեց ետ քայլ անել: Արձանագրությունները կան, իսկ այնտեղ ոչինչ չի ասվում Կարսի պայմանագրի մասին, իսկ մեր ընդդիմությունը կարծես հուշում է թուրքերին, որ դա կարելի է շահարկել, բայց մերոնք ելակետ են ընդունում արձանագրությունների տեքստը, իսկ այնտեղ ո՛չ Ղարաբաղ է հիշատակվում, ո՛չ Ցեղասպանություն, ո՛չ Կարսի պայմանագիր: Իմ կարծիքով` Թուրքիայի Մեծ ժողովը հազիվ թե վավերացնի արձանագրություները, որովհետև չի կարողանում արձանագրությունները ծառայեցնել Ղարաբաղի և Ցեղասպանության հիմնահարցերում Թուրքիայի նպատակներին: Իշխանություններն էլ հաստատակամ են: Հարցը Սահմանադրական դատարանի արձանագրություններին վերաբերող վերապահումները չեն: Այդ մասին Սերժ Սարգսյանը և Էդվարդ Նալբանդյանը նույնպես ասել են: Եթե որևէ մեկը կարծում է, որ հանուն Թուրքիայի հետ հարբերությունների մենք Ղարաբաղի կամ Հայոց ցեղասպանության հարցերում զիջումների կգնանք, չարաչար սխալվում է: ՀՀ Սահմանադրական դատարանի վերապահումներն իրենց համար պատրվակ է, որպեսզի արդարացնեն իրենց կատարած քայլերը, որովհետև միջազգային ճնշման թիրախ իրե՛նք են դառնալու, իսկ այսկերպ փորձում են տպավորություն ստեղծել, որ Հայաստանը շեղվել է արձանագրություններից: Հարցազրույցը՝ ԱՆԱՀԻՏ ԱՍԱՏՐՅԱՆԻ Report.am. 1-2-2010

No comments: