Monday, February 1, 2010

Հայոց ցեղասպանության հարցը քայքայում է Թուրքիայի ինքնությունը. Հայկ Դեմոյան

Tert.am. 1-2-2010- Վերջին 10 տարիներին Թուրքիայում ինքնության ճգնաժամը խորացել է: Դա դրսևորվում է ամենավտանգավոր ձևերով. Թուրքիան լրջորեն սկսել է վերանայել քեմալիզմի դրույթները: Հայոց ցեղասպանության հիմնախնդիրը ոչ միայն Թուրքիայի հեղինակության և արժանապատվության հարցն է, այլև լուրջ քայքայիչ ազդեցություն ունի Թուրքիայի ազգային և պետական ինքնության վրա: Նման դիտարկմամբ այսօրվա ասուլիսին հանդես եկավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: «Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու Թուրքիայի պատրաստակամությունը բխում է մոտ ապագայում Թուրքիայի խոցելիությունից: Այսինքն` այն լուրջ մարտահրավերները, որ Թուրքիան ունենալու է առաջիկա 15-20 տարիներին, այս երկրին մղելու են իր բոլոր հարևանների հետ զրո խնդիրներ ունենալուն: Սրանք արտաքին նախաձեռնություններ են, որոնք միտված են ապագայում ներքին մարտահրավերների ու սպառնալիքների մեղմմանը»,- նշեց Դեմոյանը: Նրա խոսքով` հայ-թուրքական Արձանագրություններն ստորագրած Թուրքիան փորձում է իր հայտարարություններով և գործողություններով առաջիկա ամիսներին ապահովել ցայտնոտային իրավիճակներ: Սակայն ցանկացած գործողություն ավելի է բարդացնում այս երկրի վիճակը, քանի որ. «Սահմանադրական դատարանի որոշումից հետո Թուրքիայի կողմից հնչեցված հայտարարությունները, ինչպես և ակնկալվում էր, որևէ աջակցություն չունեցան գերտերությունների կողմից»: Սա, ըստ Դեմոյանի, ցույց է տալիս, որ թուրքական կողմում այս պահին նկատելի է որոշակի հիասթափություն: Թուրքիան և իր դաշնակիցները հասկացել են, որ հայկական կողմի վրա որևէ ճնշում գործադրելու պարագայում անգամ հնարավոր չէ որևէ փոխզիջում ակնկալել ղարաբաղյան կարգավորման հարցում: «Երկրորդ հիասթափությունն այն էր, որ թուրքական կողմն ակնկալում էր, թե այս գործընթացի պարագայում կխարխլվի Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը և այն կկասեցվի: Մենք ականատես ենք լինում ոչ թե այն գործընթացին, թե ինչքան դժվար է Թուրքիայի համար բացել սահմանը և հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, այլ` թե ինչքան դժվար է Թուրքիայի համար կորցնել Ադրբեջանը»,- ասաց նա: Դեմոյանը համոզված է` այն քարոզչական թեզը, թե իբր Հայաստանը տարածքային պահանջներ ունի Թուրքիայից, «աշխատող» չէ, և դա Անկարայում շատ լավ հասկանում են:

No comments: