Wednesday, February 17, 2010

ԼՂՀ ԶԲԱՂՎԱԾ Է ԸՆՏՐՈՒԹՅԱՄԲ

«Լրագիր» 17-2-2010Մայիսի 23-ին Ղարաբաղում տեղի կունենա խորհրդարանի հերթական ընտրությունը: Սա արդեն 6-րդ գումարման խորհրդարանը կլինի, 1991 թ. հետո: Ղարաբաղի խորհրդարանն ունի 33 պատգամավոր, ընդ որում 22 ընտրվել է կուսակցական ցուցակներով, 11` մեծամասնական ընտրակարգով: Ներկայում խորհրդարանում ներկայացված է 4 կուսակցություն` Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, Ազատ Հայրենիքը, ՀՅԴ եւ Շարժում-88-ը` մեկական պատգամավորով: Սկզբում ԱԺԿ ուներ 15 մանդատ, Ազատ Հայրենիքը` 12, սակայն մեկ տարի առաջ ԱԺԿ խմբակցությունից դուրս եկան մի քանի պատգամավորներ եւ ստեղծեցին Արցախատուն խումբը: Հատկանշական է, որ այս կուսակցություններից ոչ մեկն ընդդիմադիր չէ. Ղարաբաղյան գրեթե բոլոր կուսակցությունները հայտարարել են իշխանության թե ներքին, թե արտաքին քաղաքականությանն աջակցելու մասին: Խորհրդարանում միակ ընդդիմադիր պատգամավորը Գեղամ Բաղդասարյանն է, ով ընտրվել է ՀՅԴ-Շարժում-88 դաշինքով, սակայն հետո դարձել անկախ պատգամավոր: Ժամանակ առ ժամանակ նա հանդես է գալիս այլընտրանքային ելույթով, որ տարբերվում է համընդհանուրից, առաջարկում է իրավիճակից դուրս գալու ուղիներ, սակայն գրեթե ազդեցություն չի ունենում խորհրդարանի քաղաքականության վրա: Ինչպիսի՞ն է լինելու ուժերի դասավորությունը նոր խորհրդարանում: Այդ մասին ներկայում Ղարաբաղում ներկայում քննարկումներ են ընթանում: Ինտրիգն այն է, թե արդյոք ԼՂՀ նախագահի նախկին թեկնածու Մասիս Մայիլյանն ու նույն Գեղամ Բաղդասարյանը կմասնակցեն ընտրություններին: Նրանք իրենց որոշման մասին առայժմ չեն հայտարարել, սակայն ակնհայտ է, որ նրանց մասնակցությունն ընտրությանը կարող է “հեշտացնել” այլ կուսակցությունների խնդիրը. Նրանք, վերջապես, ընդդիմախոս կունենան: Հակառակ պարագայում ստիպված կլինեն ընդամենը պայմանավորվել մանդատները կիսելու մասին: Իսկ այդպես հետաքրքիր չէ: Վերջերս խորհրդարանը փոփոխություններ է կատարել ընտրական օրենսգրքում, որոնց համաձայն կուսակցությունների համար անցողիկ շեմը գործող 10 տոկոսից իջեցվել է 5 տոկոսի, դաշինքների համար` 15-ից 7 տոկոսի: Դա որոշ կուսակցությունների համար ճանապարհ կհարթի խորհրդարան, ասենք` կոմունիստների, կամ էլ այնպիսի գաճաճ կուսակցությունների, ինչպիսին Մուրադ Պետրոսյանի Բարռյական վերածնունդն է: Չի բացառվում նաեւ նոր կուսակցությունների ու դաշինքների ստեղծումը: Սակայն շեշտը, ամեն դեպքում, դրվելու է մեծամասնականի վրա: Նույն ընտրական օրենսգրքում փոփոխություն է մտցվել, ըստ որի փոխվում է համամասնականի ու մեծամասնականի հարաբերակցությունը. Ներկայիս 22-11-ի փոխարեն` 17-16: Ըստ ամենայնի, կուսակցական համակարգի հանդեպ վստահությունը մարել է: Կուսակցական դաշտի առկա գաղափարական միօրինակության պայմաններում նախընտրական արշավն ընթանալու է բացառապես անձնական հարթությունում: Սակայն մարդիկ արդեն խոսում են, որ առաջիկա ընտրությունը սպառնում է լինել Արցախի պատմության մեջ ամենագորշ ու կանխատեսելի ընտրությունը: Նույնիսկ նշվում են պաշտոնները, որոնք տրվելու են խորհրդարան “չանցած” թեկնածուները, կամ էլ, հակառակը, “հաղթողները”: Օրինակ, խորհրդարանի խոսնակի պաշտոնին նշվում է ներկայիս վարչապետ Արա Հարությունյանի անունը, ով Ազատ Հայրենիք կուսակցության ղեկավարն է: Գործող խոսնակ, ԱԺԿ նախագահ Աշոտ Ղուլյանն էլ նշվում է որպես կրթության ապագա նախարար: Մի խոսքով, ընտրությունը կանցկացվի, եւ բոլորի համար տեղ կգտնվի: ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

No comments: