/PanARMENIAN.Net/ 08.02.2010- Թուրքիան այժմ փորձում է իր տեղը գտնել նոր ձեւավորվող բազմաբեւեռ աշխարհում: Այդ մասին Երեւանում թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ համատեղ կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Նորավանք» հիմնադրամի ղեկավար Գագիկ Հարությունյանը: Ըստ նրա, Թուրքիան փորձում է տարածել իր ազդեցությունն ողջ տարածաշրջանի վրա, ընդհուպ մինչեւ Պակիստան: Ընդ որում, նա նշել է, որ դրա համար Թուրքիան լավ նախադրայլներ ունի, սակայն միեւնույն ժամանակ ունի բազում խնդիրներ, որոնք խանգարում են նրան իրագործել իր ծրագրերը:
«Հայաստանն ի տարբերություն Թուրքիայի ընտելացել է բազմաբեւեռ աշխարհին»,-ասել է Հարությունյանը: Նա նաեւ նշել է, որ վերջերս Հայաստանը երկու փայլուն դիվանագիտական քայլ կատարեց` դա ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի այցն էր Իրան եւ ՀՀ ՍԴ որոշումը Հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ: Անդրադառնալով առաջին քայլին` Հարությունյանը նշել է, որ դրանով Երեւանը ցույց տվեց, որ նաեւ այլ հնարավորություններ ունի իր խնդիրները տարածաշրջանում լուծելու համար, իսկ ՍԴ-ն իր որոշմամաբ հստակեցրեց իրավիճակը եւ առավել լուրջ մոտեցում ցուացաբերեց հարցին:
Ընդ որում, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, նա ասել է, որ չի կարծում, թե հարցն փակուղի է մտել: «Դա բավականին բարդ հարց է, որը չի կարող արագ լուծում ունենալ»,-ասել է Գ.Հարությունյանը` հավելելով, որ գործընթացը պետք է իր տրամաբանական ավարտն ունենա:
Իր հերթին ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը համաձայնվել է Հարությունյանի հետ այն հարցում, որ հարաբերությունների կարգավորման գործընթացը փակուղում չէ: «Այս պահին Թուրքիան փորձում է ժամանակ շահել, սակայն ես չեմ կարծում եմ, թե առաջիկա երկու ամիսներին նա ինչ-որ քայլեր կձեռնարկի այդ ուղղությամբ»: Ընդ որում, նա նշել է, որ այժմ Թուրքիայի հերթն է քայլեր ձեռնարկել: «Անկարայի քայլերից մեկը կարող է լինել այն, որ Թուրքիայի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովը կսկսի քննարկել Արձանագրությունները»,-ասել է Ռ.Սաֆրաստյանը:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:
Monday, February 8, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment