
News.am. 17-2-2010- Թուրքական Referans-ի թղթակից Մենսուր Աքգյունը իր հրապարակման մեջ անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, մեղադրել Թուրքական իշխանություններին մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ քաղաքականության համար եւ նշել, որ հայկական կողմի քայլերը ճիշտ են:
«Ոչ ոք թող չբարկանա, բայց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը իրավացի է: ԱՄՆ-ի CSIS-ում նրա ասածները ճիշտ են: Ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները մի ժամանակացույց ունեն եւ դա, մեծ հաշվով, ապրիլի 24-ն է:
2009-ի ապրիլի 24-ից առաջ էլ լուրջ վտանգ կար, որ Օբաման կկատարի իր նախընտրական խոստումը եւ կճանաչի Հայոց ցեղասպանությունը, եթե Թուրքիան լուրջ քայլեր չանի։ Ներկայումս նույն ժամանակացույցն է։ Այս տարի 1915 թվականի 95-ամյակն է, եւ ինչ էլ որ Թուրքիայի արտգործնախարարության անանուն ներկայացուցիչները ասեն, վտանգավոր տարի է։ Բոլորն էլ ամեն ինչ կարող են ասել։
Թուրքիան ստիպված է հրաժարվել սկսած կարգավորման քաղաքականության մեջ մեկ քայլ առաջ եւ երկու քայլ ետ գաղափարից։ Իշխանությունը հենց սկզբից գիտեր, թե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը ինչ ռիսկեր է հետը բերելու։ Ամեն դեպքում, տարիներ ի վեր Թուրքիային գերի վերցրած Ադրբեջանը համաձայն չի լինելու նման զարգացմանը, եւ Բաքուն, իհարկե, կարգավորման գործընթացին դեմ է դուրս գալու եւ օգտագործելու է ձեռքի ամենակարեւոր հաղթաթուղթը՝ հայ-թուրքական սահմանի փակ լինելը, եւ այն չի ցանկանալու կորցնել։ Մենք էլ լինեինք՝ նույն կերպ կվարվեինք։
Հայաստանը շանտաժ չի անում, երբ ասում է. „եկեք չուշացնենք գործընթացը“, եւ աշխատում մեզ բացատրել թե մինչեւ երբ եւ ուր կարող է ձգվել այն։ Նրանց այդ ասածներին պետք է լրջությամբ վերաբերվենք, քանի որ դրանից օգուտ կա։ Ժամանակն է, որ հրաժարվենք Երեւանին որպես թշնամի տեսնել։
Եկեք Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը պատճառաբանություն չբերենք։ Կարող է իրենց դատարանն էլ մեր դատարանների պես խառնվել է քաղաքականությանը եւ անցել իր իրավասության սահմանները։ Թողնենք նրանց, թող իրենց անելիքների մասին իրենք մտածեն։ Ի վերջո հարաբերությունները կարգավորելու են իշխանությունները, ոչ թե դատարանները»,- նշել է Մենսուր Աքգյունը։
Ավելացնենք, որ Մենսուր Աքգյունը 2009-ի դեկտեմբերին Երեւանում էր գտնվում եւ թուրք մի շարք լրագրողների հետ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր ու ծաղիկներ դրել հավերժական կրակի մոտ, ինչպես նաեւ Էջմիածնի Մայր տաճարում մասնակցել կիրակնօրյա պատարագին։
No comments:
Post a Comment