Panorama.am. 15-3-2010- Panorama.am-ի տրամադրության ներքո է գտնվում Շվեդիայի խորհրդարանի մարտի 11-ին ընդոնված որոշումը, որի բոլոր երեք կետերը թարգմանաբար ներկայացնում ենք ընթերցողին.
1. Ի գիտություն Շվեդիայի Կառավարության, Խորհրդարանը հայտարարում է, որ ճանաչում է 1915 թվականին տեցի ունեցած հայերի, ասորիների (սիրիացիների), խալդերի և պոնտացի հույների ցեղասպանությունը:
2. Խորհրդարանը հայտարարում է, որ Շվեդիան Եվրամիության և ՄԱԿ-ի հետ համատեղ պետք է սատարի 1915 թվականի հայերի, ասորիների (սիրիացիների) խալդերի և պոնտացի հույների ցեղասպանության միջազգային ճանաչմանը:
3. Խորհրդարանը հայտարարում է, որ Շվեդիան պետք է միջնորդի, որպեսզի Թուրքիան ճանաչի հայերի, ասորիների (սիրիացիների) խալդերի և պոնտացի հույների 1915 թվականի ցեղասպանությունը:
Տեղեկացնենք, որ որոշման նախագծին կից նախաձեռնող խմբի անդամները, որի մեջ ընդգրկվել են Ալիս Էստրյոմը (Ձախեր), Անելի Էնոխսոնը (Քրիստոնյա-դեմոկրատ), Բոդիլ Սեբալոսև (Կանաչներ), Քրիստոֆեր Օդմանը (Կանաչներ), Էզաբել Դինգիզիանը (Կանաչներ), Ֆրեդրիկ Մալմը (Լիբերալներ), Հանս Լինդեն (Ձախեր), Հելենա Լեանդերը (Կանաչներ), Կալե Լարսոնը (Ձախեր), Լարս Օլին (Ձախեր), Լենարտ Սակրեդեուսը (Քրիստոնյա-դեմոկրատ), Մաց Պերտոֆտը (Կանաչներ), Մաքս Անդերսոնը (Կանաչներ), Նիկոս Պապադոպուլոսը (Սոցիալ-դեմոկրատ) և Յըլմազ Քերիմոն (Սոցիալ-դեմոկրատ) ներկայացրել են նաև ծավալուն հիմնավորում:
«Պատմության դասերը ներկայիս ժողովրդավարության հիմնաքարն է, ըստ որի մենք կարող ենք դասեր քաղել մեր իսկ գործած սխալներից և օգնել խուսափել նախկին սխալների կրկնությունից»,- ասված է հիմնավորման մեջ:
Համապատասխան մասնագետների կողմից մշակված տեքստում խորհրդարանականները հիշեցնում են, որ «ավելի քան 1 500 000 հայ դարձել է այն ցեղասպանության զոհը, որն իրականացրել է Օսմանյան Կայսրությունը»:
«Մինչև 1918թ այս ցեղասպանության մեղավորները կանգնում էին դատարանի առջև և պատասխան տալիս իրենց գործած հանցանքների համար: Փաստորեն, Թուրքիան անցնում էր այն նույն ճանապարհով, որն անցել էր Գերմանիան: Սակայն շատ շուտով գործը փակվեց և մի ամբողջ քրիստոնյա ժողովուրդ դարձավ գաղթական»,- արձանագրել են խորհրդարանականներն ու հակադարձել բանաձևին ընդդիմացող ուժերին ու գործիչներին. «Թեև մենք համաձայն ենք, որ պատմությունը պետք է թողնել պատմաբաններին, սակայն մենք պարտավոր ենք համապասխան կերպով արձագանքել պատմական փաստերին»:
Բանաձևի հեղինակները հստակ մատնանշել են, թե ինչով է պայմանավորված բանաձևի արդիականությունն այսօր, առաջին հերթին` Եվրոպայում. «1915թ-ի ցեղասպանության ճանաչումը կարևոր է ոչ միայն այն բանի համար, որ Թուրքիայում բնակվող էթնիկ փոքրամասնությունները փոխհատուցում ստանան, այլ նաև Թուրքիայի զարգացման համար: Թուրքիան չի կարող դառնալ զարգացած ժողովրդավարություն ունեցող երկիր, քանի դեռ սեփական երկրի մասին ճշմարտությունը չի ընդունել: Հայ լրագրող Հրանտ Դինքը սպանվեց ցեղասպանության մասին կարծիք արտահայտելու համար, և դեռևս շատ շատերն են ազատազրկվել 301 բանաձևի «շնորհիվ»: Թուրքական կառավարության որևէ բան փոխելու վերջին ձգտումներն ընդամենը կոսմետիկ բնույթ ունեն: Դրանք հիմնովին ոչինչ չեն փոխում»:
Monday, March 15, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment