«ԱԶԳ», 16-03-2010- Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի այցը Հայաստան կրոնական եւ, առանց չափազանցության, քաղաքական կարեւոր իրադարձություն կդառնա մեր երկրի կյանքում: Քանզի պատրիարքը, լինելով իր ժողովրդի բարձրագույն հոգեւոր առաջնորդը, ընկալվում է նաեւ որպես ճանաչված, ազդեցիկ քաղաքական գործիչ:
Ես առիթ եմ ունեցել հանդիպելու այն ժամանակ դեռեւս Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահ, բայց արդեն Ռուս ուղղափառ եկեղեցու երկրորդ դեմքը համարվող միտրոպոլիտ Կիրիլի հետ: Ես Հայ եկեղեցու տեղի թեմի առաջնորդ Եզրաս սրբազանին խնդրեցի միջնորդել հարցազրույցի համար, եւ երբ նա դիմել էր միտրոպոլիտին, ապա վերջինս ամենայն բարյացակամությամբ ժպտալով պատասխանել էրՙ սրբազան, ես ինչպես կարող եմ մերժել Հայ եկեղեցուն:
Ինչո՞վ է առանձնանում Ռուս եկեղեցու նոր (աշխարհական անունովՙ Գունդյաեւ Վլադիմիր Միխայլովիչ) հովվապետը: Նախ եւ առաջ հզոր ինտելեկտով կրոնական եւ աշխարհիկ հարցերում: Փայլուն հռետոր է: Աչքի է ընկնում կրոնական-ազգային-պետական-մոլորակային մտածողությամբ: Խորագիտակ փիլիսոփա է, պատմաբան, ակտիվ հասարակական գործիչ, տիրապետում է մի քանի օտար լեզուների: Ռուսաստանում նրան դասում են այն հոգեւոր առաջնորդների շարքը, որոնք իրենց ներքին հոգեւոր ներուժը, կենտրոնացումը տարածում են երկրի, ժողովրդի, աշխարհի վրա: Պատրիարքը հիանալի է հասկանում, որ խորհրդային կայսրության անկումից հետո ուղղափառությունն ազգային ինքնության ձեւավորման գլխավոր լծակներից մեկն է: Նա հաճախ է ընդգծում, որ չնայած եղեկեցին անջատ է պետությունից, սակայն անջատ չէ հասարակությունից, նա նրա մի մասն է, եւ այդ հասարակությունը պետք է առավելագույնս մերձեցնել եկեղեցուն, որ նա պետք է դառնա եկեղեցու մի մասը: Լայն իմաստով պատրիարքը ձգտում է դառնալ ռուսական նոր քաղաքակրթության ջատագովներից մեկը:
Մեծ է Կիրիլի դերը ռուս եկեղեցու վերամիավորման գործում, երբ Մոսկվայի պատրիարքարանին ենթարկվեց նաեւ արտասահմանյան թեւը: Այդ ջանքերում, անշուշտ, գլխավոր գործող անձը երկրի անառարկելի լիդերն էրՙ Վլադիմիր Պուտինը: Սակայն արդեն այն ժամանակ դրվում էր կրոնական-քաղաքական համագործակցության նոր հիմք, որը լայն զարգացում ստացավ նորընտիր պատրիարքի օրոք: Բարեհաճ հարաբերություններ հաստատելով Կրեմլի հետ, պատրիարք Կիրիլը, այդուհանդերձ, պարզորոշ զգալ է տալիս, որ ինքը կարող է լինել միայն գործընկեր, բայց ոչ կլիենտ: Եվ Կրեմլը պատասխանում է փոխադարձությամբ, փորձելով հենվել եկեղեցու վրաՙ Արեւմուտքից, նրա սեկուլյարիզմից եւ լիբերալ աշխարհայացքի կպչուն գաղափարներից տարանջատվելու համար:
Կիրիլը ներեկեղեցական բարեփոխումների հետ մեկտեղ, որպես ուղղափառության գլխավոր ու ակտիվ գաղափարախոս, հրապարակեց ուղենիշային փաստաթղթեր, որոնցում տրվում են Ռուս եկեղեցու ըմբռնումներն առհասարակ արդիականության սկզբունքային խնդիրներումՙ կրոն, պետություն, հասարակություն, բարոյականություն, մարդու իրավունքներ, էկոնոմիկա եւ այլն: Իրեն բնորոշ համառությամբ նա գործունեություն ծավալեց մի շարք ուղղություններով: Ընդ որում պետք է հասկանալ, որ, ասենք, ի տարբերություն Հայաստանի, շատ ավելի բարդ է արդյունքի հասնել Ռուսաստանի պես բազմազգ եւ բազմակրոն երկրում, երբ որոշակի քաղաքական ու էթնիկական խմբեր բացահայտ հանդես են գալիս Ռուս եկեցեղու ազդեցության մեծացման դեմ: Այդ ուժերն, օրինակ, անսեթեւեթորեն հակազդում էին հանրակրթական դպրոց թափանցելու Ռուս եկեղեցու մտադրություններին, քանզի նրանք քաջ գիտակցում էին, որ այդ մուտքը հզոր ազդակ կլինի ռուս ժողովրդի ինչ-որ տեղ կորսված ազգային ինքնագիտակցության զարթոնքի համար: Եվ Կիրիլի առաջին հաղթանակներից մեկը պետք է համարել այն, որ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը որոշում ընդունեց դպրոցներում կրոնական կուլտուրայի հիմունքների դասավանդման մասին: Երկրի զինված ուժերը եւս իրենց «շարքերն» ընդունեցին եկեղեցու ներկայացուցիչներին:
Սակայն Կիրիլին չի կարելի սահմանափակել հոգեւոր-ազգային կյանքի շրջանակներով, ինչքան էլ դա լինի նրա գլխավոր առաքելությունը: Նա համաքրիստոնեական մասշտաբի անհատականություն է, խորապես մտահոգված այն խնդրով, որ, ինչպես ինքն է ասում, քրիստոնեությունը չդառնա թանգարանային: Կիրիլը չի խուսափում ոչ մի լսարանիցՙ կրոնական թե աշխարհիկ, իր երկրում թե արտասահմանում, ակտիվ երկխոսության մեջ է մտնում տարբեր կրոնների ներկայացուցիչների հետ եւ քննարկում արդի աստվածաբանության զարգացման հարցերը: Նրան խիստ անհանգստացնում է, որ քրիստոնեական աստվածաբանությունը, հատկապես բողոքական ու կաթոլիկ, դարձել է աշխարհիկ մտքի գերին, սպասարկում է նրան: Լիբերալ փիլիսոփայության մեջ սկսել է բացակայել «մեղք» հասկացությունը: Արդի արեւմտյան հասարակության մեջ ծայրահեղ անհատապաշտության գերիշխանության պայմաններում կրոնը հաճախ վերագրվում է բացառապես մասնավոր կյանքի ոլորտին կամ սոսկ կատարում է ծիսակատարային գործառույթներ: Համապարփակ ճգնաժամ է ապրում ընտանիքի ավանդական ինստիտուտը, ինչն էլ ժողովրդագրական, բարոյական աղետների առջեւ է կանգնեցնում քրիստոնեական քաղաքակրթությունը: Եվ այդ հենքի վրա առայժմ դժվար է հուսալ որեւէ մերձեցում Ռուս ուղղափառ եկեղեցու եւ Վատիկանի միջեւ: Հավանական է, որ կհաստատվեն սոսկ պրագմատիկ հարաբերություններ:
Վերջում կուզենայի հիշյալ հարցազրույցից մեջբերել Կիրիլի խոսքերըՙ ուղղված Հայ եկեղեցուն.
- Հարյուրամյակների ընթացքում Ռուս ուղղափառ եւ Հայ առաքելական եկեղեցիների հարաբերություններն աչքի են ընկել անխախտ ջերմությամբ ու փոխադարձ հարգանքով: Դրան նպաստել են մեկ պետության մեջ ունեցած մեր ժողովուրդների համատեղ կյանքի փորձը, Ռուսաստանի քաղաքներում հայ ազգային համայնքների ձեւավորումը, վառ եւ ինքնատիպ հայ մտավորականության ի հայտ գալը, որի ավանդը մեր հայրենիքի մշակութային զարգացման մեջ խիստ շոշափելի է եղել: Մեր ժողովուրդները եւ եկեղեցիները վերջին երեք դարում ավելի են մերձեցել, շատ բան են իմացել միմյանց մասին, ավելի լավ են սկսել հասկանալ միմյանց: Ուրախությամբ կարելի է արձանագրել, որ սկզբունքորեն կարեւոր հարցերում մեր եկեղեցիների տեսակետները մերձիմոտ են, եւ մենք տրամադրված ենք խորությամբ շարունակելու մեր երկխոսությունն ու համագործակցությունը:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
-
Tuesday, March 16, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment