Tuesday, March 16, 2010

Էդուարդ Շարմազանով. «ԱՄՆ պետքարտուղարության զեկույցը լիարժեք չէ»

/PanARMENIAN.Net/ 15.03.2010 - «Ես որոշ առումով համաձայն եմ ԱՄՆ պետքարտուղարության զեկույցում նշված գնահատականի հետ, որը վերաբերում է Հայաստանում մարդու իրավունքներին, սակայն ամբողջությամբ զեկույցը լիարժեք չէ», - ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդվարդ Շարմազանովը: Նրա խոսքերի համաձայն, Հայաստանում, ինչպես բոլոր երկրներում, գոյություն ունեն մարդու իրավունքներին, կոռուպցիային եւ ժողովրդավարության զարգացման մակարդակին վերաբերող հիմնախնդիրներ, սակայն դրանք նորություն չեն, եւ այդ հիմնախնդիրների արմատները մարդկության պատմության խորքում են: «Զեկույցը լիարժեք չէ, քանի որ դրանցում նշված չեն այն բոլոր փաստերը, որոնք Հայաստանում առաջընթաց են գրանցել մարդու իրավունքների եւ ժողովրդավարության զարգացման բնագավառում, որի ակնառու օրինակներն են` ՀՀ նախագահի որոշումը համաներման մասին, Հասարակական խորհրդի ստեղծումը եւ ոստիկանության համակարգում իրականացրած բարեփոխումները», - նշել է նա: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն, իր հերթին, հայտարարել է, որ Մ.Նահանգները նախ` պետք է հետեւի իր երկրի գործողություններին ամբողջ աշխարհում, հետո միայն այլ երկրների մասին զեկուցներ գրի: 2010 թ. մարտի 12-ին ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է աշխարհում մարդու իրավունքների զարգացման մասին իր զեկույցը: Դրանում Մ.Նահանգների պետքարտուղարությունը քննադատում է Հայաստանի իշխանություններին` ԶԼՄ-երի վրա ճնշում գործադրելու եւ մարդու իրավունքները խախտելու համար:

No comments: