Thursday, March 18, 2010

ԷՐԴՈՂԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ ԱՐԹՆԱՑՆՈՒՄ

Ըստ Հայաստանի վարչապետի «ԱԶԳ, 18-03-2010- Երեկ Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանեց մի քանի տաք հարցերի: ՀՅԴ-ից Հրայր Կարապետյանի հարցին, թե ցեղասպանության 95-ամյակի հետ կապված ի՞նչ է ձեռնարկում կառավարությունը, եւ բացի այդ, ինչպե՞ս է արձագանքում վարչապետը Էրդողանի` Թուրքիայի հայերի արտաքսման մասին հայտարարությանը, վարչապետ Սարգսյանը նկատեց, թե ցեղասպանության 95-ամյակը նշվելու է ըստ արժանվույն, կառավարական հանձնաժողով է ստեղծվելու: Եվ տեղեկացրեց, որ Հանրային խորհուրդն էլ է նման առաջարկ արել, որը նաեւ առաջարկում է այժմվանից ցեղասպանության100-ամյակին պատրաստվել` գեղարվեստական, վավերագրական ֆիլմեր ստեղծել, գիտաժողովներ կազմակերպել: Իսկ Էրդողանի` հայերի արտաքսման հայտարարության արձագանքն այս տեսքով էր. «Նման արտահայտությունները վկայում են, որ ցեղասպանության ճանաչման խնդիրը դեռեւս խիստ արդիականություն ունի, եւ խնդրի արմատական լուծումը լինելու է այն դեպքում, երբ Թուրքիան ինքը ճանաչի ցեղասպանությունը: Դրա համար, կարծում եմ, այս խնդրի լուծման եղանակը դիվանագիտական խողովակներով խնդիրը կարգավորելն է: Իսկ դա նշանակում է, որ երկու երկրների միջեւ պետք է դիվանագիտական հարաբերություններ լինեն, ընդ որում` առանց նախապայմանների: Իսկ Թուրքիայի վարչապետի հայտարարություններն ամենեւին չեն նպաստում երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ հարաբերությունների բարելավմանը... Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի սպառնալիքները Թուրքիայում բնակվող հայերին արտաքսելու մասին մեր հիշողություններում արթնացնում են 1915 թվականի Հայոց ցեղասպանության հիշողությունները», նկատեց Տ. Սարգսյանը: Իսկ արդեն արձանագրությունները հետ կանչելու վերաբերյալ պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս` հավելեց, որ հայկական կողմի որոշումները կայացվել են լուրջ քննարկումներով, մենք սկզբունային դիրքորոշման մեջ պետք է հետեւողական լինենք եւ չպետք է փոխենք այդ դիրքորոշումն այն պատճառով, որ թուրք այս կամ այն գործիչները, ինչպես նաեւ մեր ներքին ընդդիմախոսներն այս կամ այն հայտարարությունն են անում: Թուրքիայում ապրող հայ ապօրինի միգրանտների թվաքանակի մասին ճշտող հարցին վարչապետը պատասխանեց, որ դա մի քանի անգամ պակաս է Էրդողանի նշած թվից. 170 հազարից եթե 70 հազարը համարվի այնտեղի հայ բնակչությունը, ուրեմն մնացածից մի քանի անգամ պակաս: Երեկ վարչապետը անդրադարձ արեց նաեւ գազի սակագնի հետեւանքով առաջացած մտահոգություններին, հավաստիացնելով, որ կառավարությունում ձեւավորվել է աշխատանքային խումբ, որը տարբերակներ է քննարկում խոցելի խմբերին ֆինանսական աջակցություն ցույց տալու համար:

No comments: