Wednesday, March 17, 2010

Ռեջեփ Թա(լեաթ)յիբ Էրդողանը կորցնում է ինքնատիրապետումը

Թուրքիան սպառնում է նոր ցեղասպանություն իրագործել Panorama.am. 17-3-2010- «Իմ երկրում 170 հազար հայ է ապրում, որոնցից 70 հազարն են Թուրքիայի քաղաքացի: Մնացյալ 100 հազարին մեր երկրում տեղ ենք տալիս: Ի՞նչ եմ անելու ես վաղը: Եթե հարկ լինի, այդ 100 հազարին կասեմ` «Դե, դուք էլ ձեր երկիր գնացեք»: Դա կանեմ: Ինչո՞ւ: Քանի որ նրանք իմ համերկրացիները չեն: Այսինքն ներկայիս մեր այդ անկեղծ մոտեցումների վրա նրանք իրենց այդօրինակ պահվածքով, ցավոք, բացասաբար են ազդում և դա չեն գիտակցում»,- երեկ Մեծ Բրիտանիայում հեղինակավոր «ԲիԲիՍի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը: Առաջին արձագանքն այս հայտարարությանը մեկն է` չնայած Եվրոպայի գործադրած ջանքերին ու ունեցած հույսերին` ներքին կառուցվածքի, մարդու իրավունքների մասին պատկերացումների, ազգային փոքրամասնությունների նկատմամբ ունեցած վերաբերմունքի և մյուս բոլոր հարցերի առնչությամբ Ռեջեփ Թայիբ Էրդողանի գլխավորած Թուրքիան Թալեաթ փաշայի գլխավորա Թուրքիայից ոչնչով չի տարբերվում` չնայած ժամանակ նրանց բաժանում է մոտ 100 տարով: Մանրամասնենք: Նշենք միայն, որ Թուրքիայի վարչապետի վերը նշված հայտարարությունն արվել է հայ-թուրքական հարաբերությունների կոնտեքստում: Նախ` ժողովրդագրական ցուցանիշների մասին: Բոլոր պաշտոնական տվյալներն ու մասնավոր հետազոտությունների արդյունքները վկայում են, որ Էրդողանն իր հրապարակային ելույթներում ոչ միայն կեղծում է Թուրքիայի տարածքում ժամանակավոր բնակություն հաստատած Հայաստանի քաղաքացիների թիվը, այլև ամեն հաջորդ հայտարարության դեպքում ուռճացնում է այն (Տես` «Թուրքիայում հայ միգրանտների թվի վերաբերյալ թուրքական իշխանությունների հրապարակած տվյալները ուռճացված են» ): Տարբեր տվյալների համադրմամբ, կարելի է արձանագրել, որ վերջին երկու տասնամյակում Հայաստանից Թուրքիա մեկնած անձանց թիվը հասնում է 25 հազարի: Եթե համարենք, որ հետագայում այդ անձանց զգալի մասը տեղափոխվել է մի երրորդ երկիր կամ տեղում նատուրալիզացվել է, ապա կստացվի, որ Թուրքիայում ապրող հայաստանցիների քանակը շատ ավելի քիչ է: Մյուս կողմից` որևէ պնդում, թե այդ մարդիկ Թուրքիայի տարածքում գտնվում են ապօրինի կերպով, համոզիչ չի թվում: Ի վերջո գոյություն ունեն օտարերկրյա պետության տարածքում տվյալ երկրի քաղաքացիություն չունեցող անձանց գտնվելու բազմաթիվ իրավական ռեժիմներ (ապրելու, աշխատելու, սովորելու և այլ իրավունքներից բխող կարգավիճակներ), որոնք ապահովում են անձի` տվյալ երկրում գտնվելու օրինականությունը: Այս բոլոր դիտարկումներով հանդերձ պետք է նկատել, որ Թուրքիայում գտնվող հայաստանցիների իրական թիվը որևէ կերպ չի մեղմացնում Էրդողանի հայտարարության ցինիկությունն ու անհեթեթությունն: Այժմ անդրադառնանք հայտարարության բովանդակությանն ու մի քանի շերտերով դիտարկենք այն: Ըստ էության, Եվրոպական արժեքներին առևերույթ հավատարմություն հայտնած Էրդողանը հայտարարում է, որ իր համար անցանկալի զարգացումների դեպքում ինքը պատասխան քայլ ունի` Թուրքիայում ապրող հայերին վտարելու հրաման տալ, իսկ հիմնավորումն էլ այն է, որ հայերն իր համերկրացիները չեն: Սա միանշանակ խոցելի հայտարարություն է թե մարդասիրական, թե էթիկական, թե իրավական, թե քաղաքական, թե տնտեսական և թե մյուս բոլոր առումներով: Գործնականում ենթադրվում է, որ եթե մարդիկ (կապ չունի` Հայաստանի՞, թե՞ մեկ այլ երկրի քաղաքացի) ժամանակավոր բնակություն են հաստատել իրենց հիմնական բնակության վայրից դուրս, նշանակում է, այդ մարդիկ կարիք ունեն. գուցե հանապազօրյա հաց վաստակելու, ինչ-որ վտանգից խուսափելու կամ մեկ այլ պատճ-առով: Հայտնվելով և բնակություն հաստատելով մեկ այլ երկրում (տվյալ դեպքում` Թուրքիայում) այդ մարդիկ գտնում են իրենց կարիքները հոգալու նվազագույն պայմաններ: Եվ հարկադրաբար ազդել այդ մարդկանց հիմնավորված որոշման վրա` մեծ հաշվով նշանակում է զրկել նրանց կյանքի իրավունքից: Ի դեպ, սա խնդիր է, որն ընդունվում է ողջ միջազգային հանրության կողմից և կարգավորվում է միջազգային բազմաթիվ փաստաթղթերով, որոնց մասնակից է նաև Թուրքիան: Այդ դեպքում հարց է առաջանում` ինչպե՞ս արձագանքել Թուրքիային, որն ըստ էության հայտարարում է, որ թքած ունի միջազգային իրավունքի, իր ներպետական օրենսդրության և ավելին` կարիքի մեջ գտնվող մարդկանց ճակատագրի վրա, քանի որ այդպես է պահանջում իր քաղաքական շահը: Այս հարցն ավելի շատ հռետորական է, քանի որ քաղաքակիրթ աշխարհն արդեն իսկ արձագանքել է դրան` հնարավորություն տալով, որպեսզի ավելի քան 10 միլիոն թուրքեր ժամանակավոր բնակություն հաստատեն Եվրոպայի տարբեր երկրներում: Հետաքրքիր կլիներ տեսնել Ռեջեփ Թայիբ Էրդողանի դեմքը, եթե հանկարծ Գերմանիան սպառնա տուն ուղարկել այդ երկրում «ապօրինի բնակվող» 7 միլիոն թուրքերին: Էրդողանը պնդում է, որ հայերն ապօրինի են գտնվում Թուրքիայի տարածքում, և միայն իր կամքից է կախված, որ չեն վտարվում: Հարց է առաջանում, եթե Թուրքիան ունի օրենք (լավ կամ վատ` կարևոր չէ) և հայերը խախտում են այն, ապա ի՞նչու թուրքական պետությունն` իր համապատասխան ինստիտուտներով հանդերձ, հոգ չի տանում օրենքի գերակայություն ապահովելու համար: Ի՞նչ է նշանակում սպառնալիքը, թե անցանկալի զարգացումների դեպքում ինքը կվտարի հայերին: Այսինքն ի՞նչ` Թուրքիայում ապրող հայերը (անկախ կացության իրավական դրությունից) պատա՞նդ են Թուրքիայի ղեկավարության ձեռքում, և նրանց ճակատագիրն ի զորու է որոշել միայն փադիշա՞հը: Համամարդկային այդ ո՞ր արժեքների վրա են հիմնված այդ սպառնալիքները: Կամ այդ երբվանի՞ց է մարդկանց պատանդառությունը դարձել միջպետական հարաբերություններ կարգավորելու գործոն: Անհատ ահաբեկիչների ու ահաբեկչական խմբավորումների դեպքում այս գործելաոճը կա, բայց երբ մի ամբողջ պետությունն է սկսում ահաբեկչական բնույթի հայտարարություններ անել, դա արդեն մտահոգիչ է` առաջին հերթին այդ երկրի բնակիչների համար: Ի վերջո Էրդողանի` «իմ երկիր», «ես կասեմ», «ես կվտարեմ» տերմինաբանությունը հուշում է, որ ինքն իրեն ասոցացնում է մի ամբողջ երկրի հետ, իսկ այդ երկրի տարածքում ապրող բոլոր մարդկանց համարում է հպատակներ (այլազգիներին` պատանդներ): Սրանից մոտ հարյուր տարի առաջ` Թուրքիայի այն ժամանակվա իշխանությունները ևս տարբերակված մոտեցում ունեին «ոչ համերկրացիների» (Էրդողանն այսպես է բնորոշել հայերին) հետ` հայերի և մյուս քրիստոնյաների առանձին քաղաքական ու քաղաքացիական իրավունքներ սահմանափակված էին: Եվ երբ իրավահավասարություն ապահովելու հարց դրվեց ու որևէ հիմնավորում այլևս չկար, թուրքական կառավարությունը որոշեց հարցին յուրահատուկ լուծում տալ` զանգվածաբար արտաքսել (դեպորտացիա) հայերին` ճանապարհին հնարավորինս բնաջնջելով «ոչ համերկրացիների» այդ ցեղը: Այսօր` 2010 թվականին, Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի նախօրեին Թուրքիայում իշխող իսլամական կուսակցության ղեկավար Ռեջեփ Թայիբ Էրդողանը սպառնում է կրկնել այդ նույն գործողությունը` հայերին զանգվածային դեպորտացիայի ենթարկել: Սա ցեղասպանություն կրկնելու ուղղակի սպառնալիք է: Հեղինակ` Արմեն Մինասյան

No comments: