Wednesday, March 17, 2010

ԻՆՉՈՒ ԵՆ ԳՆՈՒՄ ԱՂԱՆԴԻ ՀԵՏԵՎԻՑ

«Լրագիր» 17-3-2010- Մինչ Հայ Առաքելական եկեղեցին Հայաստանում դիմավորում է Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլին, հայաստանցի մի խումբ մտավորականներ եւ բազում քաղաքացիներ նախաձեռնություն են հանդես բերել, որով փորձում են կանխել Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճը քանդելու եւ տեղում Պողոս-Պետրոս եկեղեցու նմանությամբ եկեղեցի կառուցելու մտադրությունը: Գուցե ինձ մեղադրեն թերահավատության համար, բայց համոզված եմ, որ եթե մտավորականների ու քաղաքացիների այդ նախաձեռնության հետեւում կանգնած է իշխանությունը, ապա նախաձեռնությունը կհաջողի, եւ կինոթատրոնի ամառային դահլիճը կպահպանվի: Եթե նախաձեռնությունն “ինքնաբուխ” է, ապա կասկած չկա, որ եկեղեցին իրենն անելու է եւ քանդել է տալու ամառային դահլիճն ու տեղում կառուցելու է նոր եկեղեցի: Չի բացառվում նույնիսկ, որ դրանից հետո էլ պատժվեն բոլոր նրանք, ովքեր դեմ են հանդես եկել նոր եկեղեցու կառուցմանն այդ տեղում: Նրանց կենթարկեն հավատաքննության ու կհռչակեն հայ առաքելական եկեղեցու թշնամիներ: Զարմանալի զուգադիպությամբ, օրերս հեռուստատեսությամբ դիտում էի լրատվական թողարկումներից մեկի ռեպորտաժը եկեղեցու եւ կինոդահլիճի խնդրի վերաբերյալ: Այդ պահին բնակարանի դուռքը թակեցին: Բացեցի: Թակողը մի կին ու մի երիտասարդ տղա էին: Տղան փողկապով էր, իսկ կինը երկրորդ պլանում, ինչն էլ անմիջապես հուշեց, որ գործ ունեմ աղանդավորների հետ: Տղայի գրական հայերենը հաստատեց այդ տպավորությունս: Ու մինչ մտածում էի, թե ինչպես պիտի կարճ կապել տամ ու ազատվեմ այդ քարոզիչներից, տղան դիմեց ինձ եւ հանձնեց մի տեղեկատվական թերթիկ, որով հրավիրում էին տեղի ունենալիք մի քրիստոնեական հավաքի, որի օրը, տեղն ու ժամը բնականաբար այս հոդվածի շրջանակում կարեւոր չէ: Թերթիկը տվեցին, խնդրեցին մասնակցել հավաքին, հնարավորության դեպքում ոչ մենակ, այլ ընկերների ու բարեկամների հետ, ու հեռացան: Ես չեմ գնալու այդ հավաքին: Բայց վստահ եմ, որ շատերն ընդունելու են հրավերն ու գնալու են: Թերթիկին նայելով տեղեկացա նաեւ, թե խոսքը աղանդավորական որ կազմակերպության հավաքի մասին է: Բայց դա էլ իհարկե կարեւոր չէ: Կարեւորն այստեղ մոտեցումն է, որ կիրառվում է իրենց հետեւորդների քանակն ավելացնելու համար: Աղանդները չեն փորձում Երեւանի կենտրոնում ինչ որ բաներ քանդել, որ եկեղեցիներ կառուցեն: Նրանք իրենց հավաքները ծայրամասերում են կազմակերպում: Բայց շատերը գնում են, ու գնացողները շատանում են, ու այդ հարցը մտահոգում է բոլորին, եւ առաջին հերթին Հայ Առաքելական եկեղեցուն: Բայց Հայ Առաքելական եկեղեցին, փոխանակ աղանդներից առաջ եւ հետո այցելի մարդկանց տներն ու զրուցի մարդկանց հետ մարդկային լեզվով, քաղաքի կենտրոնում տարածքային վեճերի է մասնակցում, որպեսզի եկեղեցիներ կառուցի ու հետո մարդկանց մեղադրի, որ աղանդների հետեւից են գնում, ոչ թե գալիս են եկեղեցի: Մարդիկ աղանդների հետեւից են գնում, որովհետւ դրանք գալիս են մարդկանց ընդառաջ: Գալիս են գուցե մոլորեցնելու, ինչպես ընդունված է համարել, բայց գալիս են: Իսկ Հայ Առաքելական եկեղեցին չի գալիս, ճշմարտությունը ասելու, ճշմարտությունը պաշտպանելու չի գալիս: Հայ Առաքելական եկեղեցին մարդկանց տներն է գալիս միայն կնունք, ծնունդ, հարսանիք կամ մահ լինելու դեպքում: Իսկ մնացյալ դեպքերում, տոնից ու սգից դուրս, եկեղեցին հասարակության հետ հարաբերվում է կադաստրային տրամաբանությամբ: ԵՂԻՇԵ ՄԵԾԱՐԵՆՑ

No comments: