Saturday, March 13, 2010

«Մուսավաթ» կուսակցությունը մտադիր է Ալիևների` Դուբայում ունեցած կապիտալի մասին հարց բարձրացնել Միլլի Մեջլիսում

Panorama.am. 13-3-2010- Ադրբեջանում դեռևս քննարկվում է «The Washington Post» թերթում հրապարակված նյութը` Դուբայում Ալիևների ձեռք բերած կապիտալի մասին: Չնայած Ադրբեջանի հասարակությունը գիտի, թե այդ ունեցվածքն ինչ փողերի հաշվին է ձեռք բերվել, այնուամենայնիվ, պետության ղեկավար Իլհամ Ալիևից բացատրությունների է սպասում: Այդ հարցը պետք է բարձրացվի նաև Միլլի Մեջլիսի հերթական նիստում: Այս մասին հայտնում է «Ազադլըգ»-ը: «Մուսավաթ» կուսակցության պատգամավորական խմբի անդամ Փանահ Հուսեյինն «Ազադլըգ»-ին ասել է, որ Միլլի Մեջլիսում կառավարության հաշվետվության ժամանակ ինքը կանդրադառնա «The Washington Post» թերթի բարձրացրած փաստերին: «Ընդդիմությունը գտնում է, որ Իլհամ Ալիևը պետք է բացատրություն տա «The Washington Post» թերթում գրվածների առիթով»,- ասել է նա: «Մուսավաթ»-ի պատգամավորական խմբի մեկ այլ անդամ` Արզու Սեմեդբեյլին էլ ասել է, որ այդ հարցը քննարկվել է «Մուսավաթ» կուսակցության խորհրդում: «Քննարկումների ժամանակ Իլհամ Ալիևին ուղղված դիմում է պատրաստվել` հարցի վերաբերյալ բացատրությունների համար: Միաժամանակ հայտարարություն է ընդունվել` ամերիկյան թերթի պնդումները հաստատվելու դեպքում Իլհամ Ալիևի հրաժարականը պահանջելու մասին»,- ասել է Ա.Սեմեդբեյլին: «Մուսավաթ»-ի պատգամավորական խմբին հանձնարարվել է այդ դիմումն ու հայտարարությունը հնչեցնել խորհրդարանի հերթական նիստերում: Երկու պատգամավորներն էլ թերթին հավաստիացրել են, որ հարցն անպայման կբարձրացնեն Միլլի Մեջլիսում, հայտնում է «Ազադլըգը»:

No comments: