Wednesday, March 31, 2010

Ահաբեկություններից հետո Պուտինի վարկանիշն ավելի կբարձրանա

Tert.am. 30-3-2010- Երեկ Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած պայթյուններից հետո The New York Times թերթը փորձել է պարզել, թե ինչպես կանդրադառնան ահաբեկությունները Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հեղինակության վրա։ Թերթը փորձել է ստանալ այս հարցի պատասխանները մի խումբ ամերիկացի վերլուծաբաններից։ Ջեյմս Քոլինզը, որը զբաղեցրել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը 1997-2001թթ., նշել է, որ ահաբեկությունների շարքը հազիվ թե անդրադառնա Ռուսաստանի կառավարության հեղինակության վրա։ «Նույնիսկ ոստիկանությունում պաշտոնի չարաշահման դեպքերի շուրջ բանավեճերը չկարողացան խարխլել ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի և նախագահ Դմիտրի Մեդվեդևի հանդեպ բնակչության վստահությունը։ Հարցումները ցույց են տալիս, որ իրենց երկրում նրանք արժանանում են այն աջակցությանը, որը բազմաթիվ քաղաքական գործիչներ կերազեին ունենալ»,- նշել է Ջեյմս Քոլինզը։ Փոլ Ա. Գոբլը՝ հետխորհրդային երկրների հարցերով Window on Eurasia-ի մեկնաբանը, հակված է այն կարծիքին, որ Մոսկվայի ահաբեկությունները կնպաստեն Վլադիմիր Պուտինի հեղինակության բարձրացմանը, այլ ոչ թե անկմանը, ինչպես 1999թ. ահաբեկությունների ժամանակ։ Ըստ վերլուծաբանի՝ Վլադիմիր Պուտինի ԿԳԲ-ական անցյալը և ահաբեկիչների դեմ կոշտ քաղաքականությունը այժմ էլ դրականորեն կընդունվեն Ռուսաստանի սարսափած բնակչության կողմից։ ԱՄՆ Ջորջ Մեյսոնի անվան համալսարանի դասախոս Մարկ Կացի կարծիքով՝ Մոսկվայի մետրոյի ահաբեկությունները կմեծացնեն Ռուսաստանի քաղաքացիների վախն ու թշնամանքը Հյուսիսային Կովկասի մահմեդականների և նախկին խորհրդային պետությունների հանդեպ։ «Բացի այդ, ահաբեկությունները կարող են սրել պայքարը Պուտինի և Մեդվեդևի միջև»,- նշել է Կացը՝ պատճառաբանելով, թե էթնիկ ռուսները, հավանաբար, հավանություն չեն տա մահմեդականների հանդեպ ավելի մեղմ մոտեցմանը, ինչն ասոցացվում է Դմիտրի Մեդվեդևի հետ, այլ հակված կլինեն ավելի կոշտ քաղաքականության, ինչն ասոցացվում է Վլադիմիր Պուտինի հետ։

No comments: