Tuesday, March 30, 2010

ԱՄՆ պետդեպարտամենտ. Հայաստանը եւ Թուրքիան պետք է առաջ շարժվեն արձանագրությունների վավերացման ուղղությամբ

News.am. 30-3-2010- ԱՄՆ-ը շարունակում է պնդել, որ Հայաստանը եւ Թուրքիան պետք է առաջ շարժվեն եւ վավերացնեն հարաբերությունների կարգավորման արձանագրությունները: Այդ մասին մարտի 29-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին: Պատասխանելով Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունումից հետո ստեղծված իրավիճակի մասին հարցին՝ Քրոուլին նկատել է, որ Անկարան ինքը պետք է որոշի դեսպանին Վաշինգտոն վերադարձնելու հարցը: «ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ու Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն պարբերաբար զրուցում են: Եթե դուք նայեք այն հարցերին, որոնցում ներգրավված է Թուրքիան, կտեսնեք, որ նրանք սեփական երկխոսությունն են վարում Իրանի հետ, Սիրիայի հետ: Ոչ վաղ անցյալում նրանք կառուցողական հարաբերություն ունեին նաեւ Իսրայելի հետ: Նրանք նաեւ կապված են այն գործընթացի հետ, որին մենք այդքան ջանք ու եռանդ ենք տրամադրել: Ձեզանից շատերը պետքարտուղարի հետ էին, երբ ստորագրվում էին արձանագրությունները: Մենք շարունակում ենք պնդել, որ Հայաստանը եւ Թուրքիան պետք է առաջ շարժվեն եւ վավերացնեն հարաբերությունների կարգավորման արձանագրությունները»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը: Նրա խոսքով, նույն կերպ ԱՄՆ-ը մասնակցում է «Լեռնային Ղարաբաղի բարդ հարցի լուծմանը»: «Այնպես որ, դա մեր հարաբերությունների ռազմավարական բաղադրիչի միայն մի մասն է»,- հավելել է Քրոուլին:

No comments: