Monday, March 15, 2010

ՋԱՎԱԽՔԻ ՀԱՅԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Ելնելով Ջավախքի հիմնախնդիրների շուրջ եղած անթիվ զրպարտություններից, որոնք շահադիտական նպատակներ են հետապնդում, Ջավախքի հայերի ազգային խորհուրդը անհրաժեշտ է համարում արձանագրել հետևյալը: Սատարելով տարբեր կազմակերպությունների և վարչական կառույցների գործունեությանը` ուղղված տարածաշրջանում ստեղծված իրադրության վրա հասարակության ուշադրությունը սևեռելուն, միաժամանակ բացարձակապես անթույլատրելի ենք համարում այն մոտեցումը, որը հանգեցնում է տարաբնույթ վարկածների տարափի, որոնք էլ իրենց հերթին ձևավորում են օբյեկտիվ իրադրության մասին տարբեր և հաճախ` սխալ, պատկերացումներ: Տարածաշրջանում իրադարձությունների զարգացման կրիտիկական պահին բավականին հաճախակի երևույթ է դարձել հանրային գիտակցության մեջ մտացածին հիմնախնդիրների ներմուծումը, որոնք հանրության ուշադրությունը շեղելու, անպաշտպանվածության զգացողություն ստեղծելու, ինչպես նաև Ջավախքի հասարակական-քաղաքական որակի մասին հանրությանն ապատեղեկացնելու նպատակ են հետապնդում: Սա պայմանավորված է Վրաստանի կողմից ձուլման նպատակասլաց քաղաքականությամբ, Ջավախքի հայության հաշվին իրենց սեփական բեռի թեթևացմանը ձգտող Արևելյան Հայաստանի իշխանությունների անբարեխղճությամբ և անարդյունավետությամբ, Ջավախքի հայերի հոգեբանական կոտրվածությամբ ու անհամախմբվածությամբ, ինչպես նաև գործընթացի կամա թե ակամա մասնակիցների` այսպես կոչված կամավորների, կողմից աննպատակ, չմտածված և ապաշնորհ վերաբերմունքով: Տարածաշրջանի սոցիալ-տնտեսական գործընթացներում առկա իրավիճակի վրա ուշադրության կենտրոնացումը թե Հայաստանի և Վրաստանի կառավարությունների և թե տվյալ հարցում ՙշահագրգիռ՚ այլ կողմերի իրականացրած քաղաքականության գլխավոր բաղադրիչ մասն է: Ընդ որում տեսադաշտից դուրս է թողնվում այն հանգամանքը, որ լեզվական, տնտեսական և վարչական խտրականությունն ընդամենը հետևանքն է այն բանի, որ Ջավախքի ժողովուրդը կորցրել է միասնականության զգացողությունը և պարփակվել է տնտեսական խնդիրների շրջանակում: Սա հնարավոր դարձավ թե Հայաստանի և թե Վրաստանի ապակողմնորոշող քաղաքականության հետևանքով: Հարդյունս, տարածաշրջանի բնակչությունն ընդունակ չէ ռացիոնալ կերպով գնահատել ազգային իրողությունները և գիտակցել սեփական իրավունքները: Այսպես կոչված դերակատար մասնակիցները կարծես թե չեն ուզում տեսնել գործընթացների մեջ տեղի ունեցող խորքային տեղաշարժերը, որոնց մասին բազմաթիվ հոդվածներ են գրվել, և, թվում է, ամեն ինչ արդեն ասված է` հմտորեն քողարկվելով այն պատրվակով, թե հարցն իբր շատ նուրբ է և խելամիտ մոտեցում է պահանջում: Իրադրության այդպիսի ընկալումը առարկայնորեն ցույց է տալիս նրանց մտորումների առանձնահատուկ բնույթը, երբ այսպես կոչված հարցի նրբության ներքո ի նկատի են ունենում ոչ թե խնդրո առարկայի խորքայնությունը, այլ ընդամենը ընթացիկ իրադարձությունների զարգացման առաջարկվող տարբերակի համապատասխանությունը այս կամ այն սուբյեկտի դիրքորոշմանը: Ջավախքի խնդիրների նկատմամբ այսպիսի մոտեցումը կտրուկ կերպով ցածրացնում է ներքին էթնիկական համերաշխության մակարդակը, որը չի կարող չանդրադառնալ գոյություն ունեցող խնդիրների բարձրացման ու լուծման որակին: Այն պարագայում, երբ տարածաշրջանում բողոքի տրամադրությունների բարձրացումը մեծ հավանականություն ունի, գործընթացի ինքնակոչ մասնակիցներին մինչ այժմ հաջողվել է այդ տրամադրություններին իրենց համար հարմար ուղղություն հաղորդել` Ջավախքի հայ բնակչությանը ներկայացնելով ոչ ձեռնտու լույսի ներքո: Տվյալ հարցի վերաբերյալ Վրաստանի դիրքորոշումը ի սկզբանե պարզ է` այդ երկիրը բոլոր հնարավոր ու անհնարին եղանակներով ձգտում է վտանգից զերծ պահել ազգային ինքնիշխանությունը, իսկ քանի որ ջավախահայությունը դիտվում է որպես ազգային անվտանգության հնարավոր սպառնալիք, ապա որպես հետևանք մենք ունենում ենք այն, ինչ ունենք: Այն մասին, թե մեզ հետաքրքրող հարցի վերաբերյալ Հայաստանի վերաբերմունքի պատճառը որն է` կարելի է շատ խոսել ու վիճել. իրականում գլխավորը ամենևին էլ դա չէ, այլ` որ այն մոդելը, որի վրա արտացոլվում է իրականությունը, արվում են կանխատեսումներ և վերլուծություններ` ոչ միայն չի նախատեսում ջավախահայերի իրավունքների ապահովման հնարավորությունը, այլև լիովին անտեսում է նրանց շահերը: Ավելին, Հայաստանի և Վրաստանի պաշտոնական իշխանությունները ջավախահայությանը խանգարում են ձևավորելու իրենց, սեփական շահերից բխող դիրքորոշումը: Ցանկացած ակտիվություն իշխանությունների կողմից գնահատվում է որպես Ջավախքի հիմնախնդրի շուրջ մեքենայությունների` գործնականում փորձված մոդելի խափանման սպառնալիք: Նախաձեռնությունները խրախուսվում են միայն այն դեպքում, եթե դրանք աշխատում են ի շահ այս կամ այն իշխանության: Հարդյունս, ունենք մի իրադրություն, երբ Ջավախքի հայերը զրկվել են սեփական ճակատագրի վրա ազդելու որևիցե հնարավորությունից: Ջավախքի խնդրի` օրակարգում հայտվելուց ի վեր ստեղծված իրադրության արմատական փոփոխության որևէ առաջարկ չի եղել: Ավելի շուտ մենք ականատես ենք լինում այն իրողության փաստմանը, թե Հայաստանին, Վրաստանին և գործընթացի այլ մասնակիցներին ինչ չի կարելի անել, բայց ոչինչ չի ասվում այն մասին, թե ինչ դեր է վերապահվում Ջավախքի հայերին: Չէ որ հենց նրանք են ամեն օր սեփական մաշկի վրա զգում չմտածված, իրականությունից հեռու քայլերի ազդեցությունը, քայլեր, որոնք դանդաղորեն, բայց հետևողականորեն նրանց մոտեցնում են վեգետատիվ վիճակի և շուրջը տեղի ունեցող ամեն ինչի նկատմամբ կատարյալ անտարբերության: Մի±թե այսպիսի նպատակ են հետապնդում արդարության և ջավախահայության իրավունքների համար պայքարողները` նույն ջավախահայերին դարձնելով ոչ թե իրավահավասար հարաբերությունների սուբյեկտ, այլ մարդասիրության և փոխօգնության նկատառումներից հեռու քաղաքական հաշվարկների օբյեկտ: Ակամա գալիս ես այն եզրակացության, որ Ջավախքի հայերին վերապահվում է ընդամենը գործընթացի մասնակիցներից մեկի կողմից ընթացիկ իրադրության վերաբերյալ մշակած քաղաքական-իրավական սկզբունքի կենսականությունը ստուգելու համար փորձադաշտի դեր: Ըստ էության, մենք գործ ունենք Ջավախքի հայերի ապագայի և ներուժի հաշվին անցքերի փակման և ներկա դրության կոնսերվացման երևույթի հետ: Հետաքրքրական է, որ բոլոր ՙշահագրգիռ կողմերի՚ որդեգրած մեթոդները, որոնցով նրանք գործնականում ղեկավարվում են, տարօրինակ կերպով համընկանում են: Այլապես ոչ մի կերպ հնարավոր չէ բացատրել այն փաստը, որ, գիտակցելով հանդերձ ընտրված ուղղության ձախողակ լինելը, որը Ջախախքի հայերի համար միանգամայն բացասական հետևանքներ է ունեցել, ոչ ոք չի ուզում փոխել արդեն փորձարկված մարտավարությունը: Այստեղից հետևում է, որ գոյություն չունի ոչ մի մտածված ռազմավարական պլան, հետևաբար նաև` այդ պլանի իրականացմանն ուղղված ընթացակարգային գործողություններ, որոնք կհանգեցնեին իրադրությունը ջավախահայության շահերից ելնելով շտկելու իրողությանը: Ակնհայտ է, որ նման իրադրությունը պետք է ինչ-որ ձևով հրատապ դարձնի այն հերցը, թե` ինչ անել այսուհետ: Այս հարցը պետք է ստիպի, որ սկսենք իմաստավորել ստեղծված դրությունը: Իրավիճակը կարող է փոխվել միայն այն դեպքում, եթե Ջավախքի հայությւոնը դառնա գործընթացի լիիրավ մասնակիցը` դրանից բխող բոլոր հետևանքներով: Միայն այս դեպքում իրավական նորմերը վկայակոչելը կունենա գործնական ավելի մեծ նշանակություն, քան դա բնորոշ է քաղաքական ներկա իրողություններին: Հիմնախնդրի կարգավորումն անհրաժեշտ է սոցիալական շահերի և անհատականացված կապերի հարթությունից տեղափոխել իրավական, նորմատիվ հարթություն, որպեսզի կարողանանք ապահովել Ջավախքի հայերի իրավունքների միանշանակ մեկնաբանումը` հաշվի առնելով նրանց պաշտպանության` միջազգային հանրության կողմից երաշխավորված գործիքները: Բնականաբար այսպիսի մոտեցումը միակ կազմակերպչական ասպեկտը չէ, որը կարող է ընդհանուր առմամբ ապահովել իրավական հակամարտության ելքը, բայց այն ընթացիկ իրավիճակում միակ ճիշտ ուղին է` հաշվի առնելով օբյեկտիվ անհրաժեշտությունն ու ստեղծված իրավիճակը: Ահա թե ինչու տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին հրապարակայնություն հաղորդելու և այդ գործընթացների ձևավորման ու կարգավորման գործում Ջավախքի հայ բնակչության դերի բարձրացման նպատակով Ջավախքի հայերի ազգային խորհուրդը որոնում է ուղիներ և ռեսուրսներ, այդ թվում` միջազգայային կազմակերպությունների հետ գործակցության միջոցով: Ախալցխա, մարտի 15 2010թ.

No comments: