Monday, March 15, 2010

Հայաստանյան կուսակցությունների երիտթեւերը բաց նամակով դիմել են ԱՄՆ Կոնգրեսին

News.am. 15-3-2010- Հայաստանյան կուսակցությունների երիտթևերը բաց նամակով դիմել են ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին։ Այս նախաձեռնությանը միացել են ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» և ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության, Հանրապետական, ԲՀԿ, ՕԵԿ, ՍԴՀԿ, ՀՌԱԿ կուսակցությունների, «Ազգային նոր պահպանողական» շարժման երիտասարդական թևերի ներկայացուցիչները, ինչպես նաև Արցախի երիտասարդական կազմակերպություների մեծ մասը: Նամակի տակ իրենց ստորագրությունը դեռևս չեն դրել ՀԱԿ և «Ժառանգություն» կուսակցությունները: Բաց նամակում մասնավորապես ասվում է. «Մենք' 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայի կողմից կանխամտածված և պետական հատուկ քաղաքականությամբ իրագործված մեծ ոճիրի' Հայոց Ցեղասպանության զոհ դարձած և սեփական հայրենիքից վտարված ազգի ժառանգորդներս, մեր երախտիքի և շնորհակալական խոսքն ենք հղում ԱՄՆ Ներկայացուցիչների Պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովին' մարդկության դեմ գործված այդ ոճիրը ճանաչող և դատապարտող 252 բանաձևի ընդունման կապակցությամբ: Խորին համոզմամբ գիտակցելով, որ նման ոճիրը չճանաչելու և չդատապարտելու հանգամանքը հղի է մարդկության համար նորանոր ոճիրներով և արհավիրքներով, ակնկալում ենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների Պալատն իր լիագումար նիստում կքվեարկի 252 բանաձևի օգտին և այդ կերպ ԱՄՆ-ը կփաստի, որ հանդիսանում է արդարության և ճշմարտության ջատագովը և նոր ոճիրների կանխարգելման երաշխավոր: Եվս մեկ անգամ երախտիքի խոսք հղելով ԱՄՆ Ներկայացուցիչների Պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովին, հորդորում ենք Ներկայացուցիչների Պալատին չկաշկանդվել քաղաքական նպատակահարմարության պատկերացումներով, ճանաչել ճշմարտությունը և վերականգնել պատմական արդարությունը: Մենք վստահ ենք, որ բանաձևի ընդունումը ոչ միայն չի կարող խոչընդոտել, այլ լուրջ խթան կհանդիսանա Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը առանց նախապայմանների իրականացնելու համար»:

No comments: