Tuesday, March 16, 2010

ԹՈւՐՔԵՐԸ ԽՈՍՏՈՎԱՆՈւՄ ԵՆ, ՈՐ ԱՅՍ ԱՄԵՆԸ ՍԿՍԵԼ ԵՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴԻՐԸ ԼՈՒԾԵԼՈւ ՆՊԱՏԱԿՈՎ

Report.am. 16-3-2010- «ԱՄՆ-ը խնդրել էր Թուրքիային իր ներդրումն ունենալ Կովկասի տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման գործում: Իբրև կարգավորման առաջին քայլ նրանք դիտարկում էին Թուրքիայի և Հայաստանի միջև խնդիրների լուծումը: Բայց կարգավորման փոխարեն ԱՄՆ-ը կրակի մեջ յուղ լցրեց: Եթե ամերիկացիները ցանկանում են հարաբերությունների կարգավորում տարածաշրջանում, ապա պետք է վառոդով լցված իրենց տակառը փոխարինեն ջրով լցված տակառի հետ: Չեմ կարծում, որ ԱՄՆ-ը կշարունակի առաջ գնալ մի ճանապարհով, որը տանում է Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացմանը»,- ասել է Թուրքիայի Մեծ ազգային ժողովի իշխող՝ «Արդարություն և զարգացում» խմբակցության անդամ, խորհրդարանական Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Մեհմեթ Ջեյլանը ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում: Պատասխանելով այն հարցին, թե ճի՞շտ է արդյոք այն կարծիքը, որ իր այս քայլով ԱՄՆ-ը փորձում է ճնշում բանեցնել Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները, թուրք խորհրդարանականը պատասխանել է. «Երբ մենք խոսում ենք Կովկասում հարաբերությունների կարգավորման մասին, մենք առաջին հերթին նկատի ունենք ոչ թե հայ-թուրքական հարաբերությունները, այլ հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև: Մենք սկսեցինք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը հենց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծելու` եղբայրական Ադրբեջանի օկուպացված տարածքները վերադարձնելու նպատակով: Մենք մտածում էինք, որ հայերի հետ խնդիրները կարող ենք լուծել բանակցությունների սեղանի առջև: Քանի դեռ լուծված չէ Ղարաբաղի խնդիրը, Կովկասում չի լինի խաղաղություն, կայունություն և համագործակցություն: Թուրքիան Ռուսաստանի հետ հավասարաչափ հանդիսանում է մի երկիր, որն հնարավորություններ ունի Կովկասում ընթացող գործընթացների վրա ազդելու: Եթե Թուրքիան կարող է ներդրում ունենալ Կովկասում խաղարարար գործընթացում, ինչո՞ւ պետք է հրաժարվի դրանից: Եթե ԱՄՆ-ը մտածում է, որ բանաձևի քննարկմամբ կարող է ճնշում բանեցնել Թուրքիայի վրա և հասնել արձանագրությունների վավերացմանը, ապա սխալվում է: Թուրքիան այն երկիրը չէ, որ զիջի ճնշման տակ: Թուրքիան հանդիսանում է տարածաշրջանի ուժեղագույն երկիրը և հենց նա պետք է լինի թելադրող կողմը: Եթե ԱՄՆ-ը արձանագրությունների հարցով ճնշում գործադրի Թուրքիայի վրա, ապա Թուրքիան կհրաժարվի Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելուց: Այդ ժամանակ Թուրքիան կսկսի մտածել Կովկասում խաղաղություն հաստատելու այլ տարբերակների մասին»:

No comments: