Tuesday, March 16, 2010

Էդվարդ Նալբանդյան. Թուրքիան ջանք չի խնայում նախապայմաններ առաջադրելու համար

News.am. 16-3-2010- Մարտի 15-ին իր Գերմանիա այցելության շրջանակում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Քրիստոֆ Հոյսգենի հետ: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, զրուցակիցները հանգամանալից քննարկել են ՀՀ նախագահի այցելության հետ կապված հարցեր, հայ-գերմանական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման ուղիները, միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների լայն շրջանակ: Բեռլինում նախարար Նալբանդյանն այցելել է նաեւ Բունդեստագ, ուր հանդիպում է ունեցել խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուպրեխտ Պոլենցի եւ հանձնաժողովի անդամների հետ: Տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում տարածաշրջանային խնդիրների` հայ-թուրքական հարաբերությունների, արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ: Ռուպրեխտ Պոլենցը իր ղեկավարած հանձնաժողովի անունից ողջունել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը եւ հույս հայտնել, որ այս պատմական առիթը բաց չի թողնվի, եւ միջազգային հանրության ակնկալիքները կիրականան: Նույն օրը երեկոյան ՀՀ ԱԳ նախարարը հյուրընկալվել է Գերմանիայի Արտաքին քաղաքականության խորհրդում, որտեղ հանդես է եկել ՀՀ արտաքին քաղաքականության մասին ծավալուն ելույթով, պատասխանել ներկա ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաների, դիվանագետների, քաղաքագետների, փորձագետների եւ լրագրողների բազմաթիվ հարցերին: Խոսելով Թուրքիայից վերջին օրերին հնչող հայտարարությունների մասին` նախարար Նալբանդյանն ասել է. «Այսօր Թուրքիայի կողմից հնչող անհիմն պնդումները, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում, Շվեդիայի խորհրդարանում կամ այլուր քննարկվող եւ ընդունվող Հայոց ցեղասպանության մասին բանաձեւերը կարող են իբրեւ թե վնաս հասցնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, ընդամենը շղարշ են: Իրականում հենց Թուրքիան ջանք չի խնայում նախապայմաններ առաջադրելու, կարգավորման ճանապարհին դժվարություններ եւ խոչընդոտներ ստեղծելու համար` դրանով իսկ հարցականի տակ դնելով ողջամիտ ժամկետներ հասկացության անգամ իմաստը»: Նախարարը հույս է հայտնել, որ Թուրքիան կգիտակցի իր ներկայիս գործելաոճի հետեւանքների պատասխանատվության ծանրությունը եւ հուսախաբ չի անի միջազգային հանրությանը: Բեռլինում Հայաստանի ԱԳ նախարարը մասնակցել է գերմանական եւ միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար կազմակերպված ասուլիսին: Բեռլինից Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային այցով ուղեւորվել է Փարիզ:

No comments: