Wednesday, March 31, 2010

Բրիտանական խորհրդարանը քվեարկության չառաջադրեց Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը

/PanARMENIAN.Net/ 30.03.2010 - Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը քվեարկության չառաջադրվեց Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատում: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդեց հայ համայնքի ղեկավար Քարդիֆֆա Ջոն Թորոսյանը: Մարտի 29-ին Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատում տեղի ունեցան «1915-1917թթ. Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների» վերաբերյալ լսումները, որի նախաձեռնողը անկախ պատգամավոր, բարոնուհի Քերոլայն Քոքսն էր: Քննարկումների ընթացքում լեդի Քոքսը հիշեցրեց, որ Թուրքիայի կառավարությունը մինչ օրս ժխտում է Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանության փաստը եւ հանդես գալիս միջազգային հանրության կողմից դրա ճանաչման դեմ: Ելույթ ունենալով կառավարության անունից` բարոնուհի Քիննոքը հայտնեց, որ որ Օսմանյան կայսրությունում բնակված էթնիկ հայերի եւ բոլոր քրիստոնեական փոքրամասնությունների, այդ թվում` ասորիների ճակատագիրը քննարկվել է դեռեւս 1915 թվականի հոկտեմբերի 21-ին կայացած կառավարության նիստում: Սակայն նա բանաձեւի ընդունումը վաղաժամ համարեց: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Լոնդոն կատարած այցի ընթացքում արդարադատության նախարար Ջեք Սթրոն Թուրքիայի վարչապետին խոստացավ, որ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը չի առաջադրվի քվեարկության: Մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը «23» կողմ եւ «22» դեմ ձայներով ընդունել է Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւը: Մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանը 131 «կողմ» եւ 130 «դեմ» ձայների հարաբերակցությամբ ճանաչեց Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաեւ ասորիների, սիրիացիների/քաղդեցիների եւ Պոնտոսի հույների ցեղասպանությունները:

No comments: