Monday, March 15, 2010

ՄՏԱՀՈԳԻՉ ԶԱՐԳԱՑՈւՄՆԵՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈւԹՅԱՆ ՇՈւՐՋ

Քանի դեռ Ադրբեջանը հրապարակավ չի ընդունում և համապատասխան փաստաթղթով չի հաստատում, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում արցախահայությունը իրավունք ունի ինքնորոշվելու, ապա հայկական կողմից ԼՂՀ վերահսկողության տակ գտնվող անգամ մեկ գյուղի վերադարձը Ադրբեջանի վերահսկողության տակ ընդունվելու է որպես հայության պարտություն: Ավելին, եթե Ադրբեջանը զգա, որ Հայաստանի գործող իշխանությունները, ինչպես առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, պատրաստակամություն են հայտնում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը թողնել ապագային, իսկ մինչ այդ վերադարձնել հինգ շրջան` Աղդամը, Ֆիզուլին, Ջեբրայիլը, Զանգելանն ու Ղուբաթլուն, ապա այդ տարածքները ստանալու դեպքում Բաքուն ընդհանրապես հրաժարվելու է բանակցել ԼՂՀ ընտրված իշխանությունների հետ, ինչպես նաև մերժելու է ընդունել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման որևէ իրավունք: Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումը, որը կայացավ հունվարի վերջերին ռուսական Սոչի քաղաքում` Ռուսաստանի առաջնորդի ներկայությամբ, հայկական կողմի համար բացահայտեց մի անցանկալի անակնկալ: Իլհամ Ալիևը, ի զարմանս Սերժ Սարգսյանի, այդ հանդիպման ընթացքում հայտարարել է (այդ մասին պաշտոնական մամուլում երբեք չի գրվել և դժվար թե գրվի), որ ինքն ընդունում է բանակցությունների սեղանին դրված առաջարկները: Փաստորեն, 1998-ից ի վեր` վերջին 12 տարիներին առաջին անգամ, Ադրբեջանը չի մերժում մի փաստաթուղթ, որը կրում է նորացված Մադրիդյան անունը, սակայն իրականում այդ փաստաթուղթը պիտի անվանել Կրակով-Աթենք-Սոչիի, քանի որ հենց այդ քաղաքներում է նորացվել, թարմացվել և հայկական կողմի համար դարձել այնքան վատ առաջարկ, որ Հայաստանին այլ բան չի մնա, քան ուղղակի մերժել այն: Հայկական կողմին թվում էր, թե միշտ Ադրբեջանն է մերժելուԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից ներկայացվող առաջարկները, սակայն փաստ է, որ այս անգամ մերժող կողմը, հետևաբար նաև` միջազգային ճնշումների ենթարկվողը, փոխվում է: Մադրիդյան առաջարկը, որը վատ փաստաթուղթ էր անշուշտ, Ադրբեջանը չընդունեց: Բայց Մադրիդյանը, լինելով չարյաց փոքրագույնը, գոնե արձանագրում էր ԼՂ-ի` ինքնորոշվելու իրավունքը «պլեբեսցիտի» ճանապարհով: Միանգամից նշեմ, որ համանախագահների կողմից ներկայացված վերջին առաջարկները, որոնք երեք էջի սահմաններում են և պարունակում են հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքները, ես կարդալու հնարավորություն չեմ ունեցել: Սակայն ծանոթ լինելով նախորդ փաստաթղթերին, միջազգային միջնորդների, ինչպես նաև հակամարտության կողմերի հայտարարություններին ու հակամարտությանը մոտ կանգնած դիվանագետների ու փորձագետների տեսակետներին, կարող եմ վստահ լինել, թե փաստաթղթի հատկապես որ կետերն են անընդունելի Հայաստանի համար: Դա առաջին հերթին հետաձգված հանրաքվեի և Քելբաջարի ու Լաչինի միջանցքի մանրամասներին է վերաբերում: Բացի այն, որ նոր առաջարկներում չկա «հանրաքվե» կամ «պլեբեսցիտ» բառը և փոխարենն օգտագործվում է անհասկանալի «իրավականորեն պարտավորեցնող կամարտահայտություն» տերմինը, հայկական կողմից նաև պահանջում են այնպիսի հողային զիջումներ, որ դա անկարելի էր պատկերացնել անգամ ամենամղձավանջային երազում: Ավելի քան մեկուկես տարի նախագահ Սարգսյանն ու արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարում ու հավաստիացնում էին, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացը հայկական կողմի համար լավ հունով է ընթանում, անդադար գովաբանում էին Մայենդորֆի հռչակագիրն ու Աթենքյան հայտարարությունը: Եթե հայկական կողմի համար այդքան լավ առաջարկներ էին «եփվում», ապա ինչո՞ւ է այսօր Ադրբեջանը ամեն առիթով հայտարարում, որ սեղանին դրված փաստաթուղթն իր համար ընդունելի է, մինչդեռ պաշտոնական Երևանը պապանձվել է և երրորդական պաշտոնյաների շուրթերով հասկացնել է տալիս, որ առաջարկներն անընդունելի են: Ադրբեջանն այն աստիճանի է հանդգնել, որ խոսում է նաև պաշտոնական Երևանի փոխարեն: Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հինգշաբթի օրը ասել է, որ Ադրբեջանը համաձայն է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների վերջին առաջարկներին, իսկ Հայաստանը որոշ կետերի համաձայն չէ: «Ադրբեջանը ընդունում է Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը, քանի որ մենք կարծում ենք, որ դա հնարավորություն է տալիս քննարկելու մեծ համաձայնագիրը: Անձամբ ես կարծում եմ, որ հայկական կողմը ևս պետք է դա ընդունի: Բայց նրանք ասում են, թե առաջարկների որոշ կետեր իրենց ձեռք չեն տալիս ու դրա համար իրենք չեն կարող ընդունել այդ փաստաթուղթը: Հիմա քննարկումներ են ընթանում հենց այդ կետերի շուրջ»,- ասել է Մամեդյարովը, հավելելով, որ միջնորդներն այժմ քննարկում են Հայաստանի պատասխանները, որ տրվել են Մադրիդյան նորացված տարբերակի առնչությամբ: Սարգսյան-Նալբանդյան զույգը, ով ուղղակի պատասխանատվություն է կրում հայկական կողմի համար անընդունելի այս փաստաթղթի համար, պետք է հրապարակավ մերժի այդ փաստաթուղթը, որքան էլ դա դժվար լինի մի կողմից միջազգային ճնշումների, մյուս կողմից` հայաստանյան ընդդիմության քննադատության պատճառով: Ճանապարհի կեսից հետդարձն ավելի խոհեմ քայլ է, քան մոլորությամբ մինչև վերջ գնալը: Բոլոր այն ուժերը, որոնք մտահոգված են Լեռնային Ղարաբաղի ապագայով, կպաշտպանեն գործող իշխանություններին, եթե նրանք հետ դառնան այս մոլոր ճանապարհից: Որքան էլ դժվար լինի, պիտի դիմանալ նաև խոշոր տերությունների ճնշումներին: Տեսեք, թե ինչ ասում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից Ֆրանսիան: «Ասոշիեյթեդ փրես» գործակալությանը Ֆրանսիայի նախագահի գրասենյակից տեղեկացրել են, որ նախագահ Նիկոլա Սարկոզին չորեքշաբթի օրը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ մտահոգություն է հայտնել ղարաբաղյան կարգավորման ձգձգման կապակցությամբ: Ըստ գրասենյակի խոսնակի, ով չի ցանկացել հրապարակել իր անունը, Սարկոզին կոչ է արել երկու կողմերին կատարել «անհրաժեշտ ջանքերը և փոխզիջումները» և հայտարարել է, որ մտահոգված է շուրջ մեկուկես տարի առաջ մեկնարկած դիվանագիտական գործընթացի թափը կորցնելու առնչությամբ: Հիմա հասկացա՞ք, թե ով է ձգձգում ղարաբաղյան կարգավորումը: Պարզ է, որ Սարկոզիի մտագոհությունը ուղղված է հենց Հայաստանին, քանի որ այսօր հենց Հայաստանն է մերժում փաստաթուղթը: Հայկական կողմի համար առավել դժվար վիճակ կստեղծվի, եթե Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը ևս փորձեն ճնշումներ բանեցնել: Բայց ինչպես 1996-ին Լիսաբոնում, այնպես էլ այսօր Հայաստանը ստիպված է լինելու մերժել միջազգային հանրության կողմից ներկայացված փաստաթուղթը: Այսօր որոշակի ակտիվություն է նկատվում պաշտոնական Ստեփանակերտի կողմից: Անընդհատ ամենաբարձր մակարդակով հայտարարվում է, թե ղարաբաղյան կողմը չի ստացել վերջին առաջարկները, որ առանց ԼՂՀ ուղղակի մասնակցության հնարավոր չէ կարգավորում: Սա, անշուշտ, լավ է, եթե ունենա շարունակականություն: 1997-ի ապրիլից ղարաբաղյան կողմը դուրս է մնացել կարգավորման գործընթացից, որում մեղքի հավասար բաժին ունի և' Ադրբեջանը (ով ուզում է Հայաստանի հետ բանակցել, բայց ոչ ԼՂՀ-ի), և' Հայաստանը, և’ միջազգային հանրությունը: Սակայն առաջին մեղավորը Հայաստանն է, նրա երկրորդ և գործող նախագահներն են, ովքեր ներքաղաքական հարցեր լուծելու, ինչպես նաև արտաքին աշխարհում ավելի ընկալելի լինելու նպատակով բանակցային գործընթացում համաձայնվում են ներկայացնել հակամարտության հիմնական կողմի` ԼՂՀ շահերը: Սրանից օգտվում են Բաքուն և միջազգային միջնորդները, և ղարաբաղյան հակամարտությունը ներկայացնում են որպես վեճ Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Այսօր հենց ճիշտ ժամանակն է, որպեսզի Երևանը հայտարարի, որ Բաքուն պիտի բանակցի Ստեփանակերտի հետ, իսկ ինքը միայն կարող է օգնել կողմերին: Սրա դիմաց, անշուշտ, կհետևի միջազգային հանրության կոշտ արձագանքը, նախագահ Սարգսյանը կկորցնի արտաքին աշխարհում իր ունեցած վարկը (որը հիմնականում ստացել է Թուրքիայի հետ երկխոսության մեջ մտնելու, Ցյուրիխում ոչ նպաստավոր փաստաթղթեր ստորագրելու դիմաց): Սակայն ավելի լավ է Սարգսյանը կորցնի միջազգային իր վարկը, քան ԼՂՀ-ն կորցնի անգամ մեկ գյուղ: ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ Սիվիլիթաս հիմնադրամի փորձագետ

No comments: