Monday, March 15, 2010

Թուրք հաքերները գրոհում են շվեդական կայքերը

Tert.am. 15-3-2010- Շվեդիայի Ռիկսդագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևն ընդունելուց հետո թուրք հաքերները հարձակում են գործել շվեդական մի շարք ինստիտուտների կայքէջերի վրա: Sabah օրաթերթի փոխանցմամբ` հաքերները ջարդել են Շվեդիայի հետազոտական նախագծեր իրականացնող SICS, Santaanna, Viktoria և Interactive ինստիտուտների կայքէջերը: Հիշեցնենք, որ մարտի 11-ին Շվեդիայի Ռիկսդագը 131 կողմ, 130 դեմ ձայներով ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Մինչ օրս Թուրքիայի քաղաքական և հասարակական գործիչները շարունակում են կոշտ քննադատություն հնչեցնել շվեդական իշխանությունների և օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հասցեին: Իզմիրում Բանվորական կուսակցության ներկայացուցիչները, ի նշան Ռիկսդագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման դեմ բողոքի, ծաղկեպսակ են դրել Շվեդիայի հյուպատոսարանի առջև և հայտարարել, որ «Միացյալ Նահանգների գլխավորությամբ իմպերիալիստական երկրները Ցեղասպանության բանաձևերով ցանկանում են մասնատել Թուրքիան»:

No comments: