Wednesday, March 17, 2010

ՉՊԵՏՔ Է ԹՈՒԼԱՑՆԵԼ ՋԱՆՔԵՐԸ

«ԱԶԳ», 17-03-2010 - Հայերն ամբողջ աշխարհում ցնծում էին, երբ մարտի 4-ին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը չնչին տարբերությամբ (23-22) ընդունեց թիվ 252 բանաձեւը, որը ճանաչում է հայերի ցեղասպանությունը: Ի՞նչ տեղի ունեցավ հանձնաժողովում, որո՞նք են դրա կարճաժամկետ եւ երկարաժամկետ հետեւանքները: Ցնծության ոգեւորությունից ձերբազատվելովՙ մենք պարտավոր ենք անաչառ գնահատական տալ այդ բոլորին: Առաջին անգամ չէ, որ Վաշինգտոնում նման սցենար է խաղարկվում: Իրականում, վերջին տարիների պատմության մեջ, երեք անգամ (2000-ին, 2005-ին եւ 2007-ին) եւ վերջինիս դեպքում նույնիսկ ձայների ավելի մեծ տարբերությամբ (27-21) այդ հանձնաժողովն ընդունել է հայերի ցեղասպանության բանաձեւը, բայց հետագայում բանաձեւը երբեք չի ընդգրկվել լիագումար նիստի օրակարգում: Քլինթոնի եւ Բուշ կրտսերի վարչակարգերն ակտիվ դեր են խաղացել ճնշելու նման քայլերը: Հարց է ծագում. ինչո՞ւ հայերը զանգվածաբար քվեարկեցին Օբամայի նախագահության օգտին, երբ շատ լավ գիտակցում էին, որ նա չի պահելու իր նախընտրական խոստումները: Հարցին մեկ ուրիշ հարցով կարելի է պատասխանել. իսկ ի՞նչ այլընտրանք ունեին նրանք: Բարաք Օբամայի բարոյական կերպարը եւ Սամանթա Փաուերի համոզիչ պնդումներն իրենց դերը կատարեցին: Հայերը դարձյալ գոտեպնդվեցին եւ զորաշարժի ենթարկեցին անտարբեր զանգվածներին, քաղաքականացրին ցեղասպանության հարցըՙ ցանկանալով ցույց տալ Թուրքիային, որ հայկական լոբբիի հետ պետք է հաշվի նստել: Կանխատեսելի էր ոչ միայն վարչակազմի դիրքորոշման փոփոխությունը, այլեւ թուրքական կառավարության հակազդեցությունը: Նման իրավիճակներում թուրքերը միշտ նույն ձեւով են գործում կամ հակազդում. երբ Ֆրանսիան ընդունեց ցեղասպանության որոշումը, Անկարան հետ կանչեց իր դեսպանին, սպառնաց չեղյալ համարել 2 միլիարդ արժողությամբ ռազմական մի պայմանագիր եւ հայտարարեց, որ այդ օրենքի կիրառումը վնասելու է թուրք-ֆրանսիական հարաբերություններին: Միեւնույն սցենարը գործում է նաեւ այսօր: Ֆրանսիայի կառավարությունը մազաչափ չզիջեց, եւ Թուրքիայի սպառնալիքներից ոչ մեկը իրականություն չդարձավ: Ֆրանսիան համեմատաբար ավելի փոքր իշխանություն է եւ ավելի քիչ բան ունի տալու Թուրքիային, քան Մ. Նահանգները: Բայց Անկարայի «վախեցնելու» մարտավարությունը կարծես դեռ ազդում է Մ. Նահանգների որոշ օրենսդիրների վրա: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի քվեարկությունն առաջին քայլն էր: Դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու, հետագա քայլերը լինելու են շատ ավելի դժվար հաղթահարելի: Եթե պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, փոխնախագահ Ջո Բայդենը եւ նախագահ Բարաք Օբաման հետ են կանգնել իրենց նախընտրական խոստումներից, ի՞նչ երաշխիքներ ունենք, որ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին առավել սկզբունքային կլինի եւ կընդգրկի որոշումը լիագումար նիստի օրակարգում: Նա այդ քայլին կարող է դիմել միայն այն դեպքում, երբ վստահ լինի, որ բավականաչափ քվեներով չի ընդունվի: Այդ դեպքում նա խոստումը պահած կլինի, բայց միաժամանակ վարչակազմի դեմ գործած չի լինի: Առայժմ կարող ենք ասել, որ փոքր հաղթանակ ենք տարել: Ի՞նչ գործոններ նպաստեցին դրան: ա) Հայերը կարող են պնդել, որ իրենց քարոզչական աշխատանքները գնալով առավել ազդեցիկ են դառնում: Գուցե, բայց դա գլխավոր գործոն համարել չի կարելի: բ) Հիլարի Քլինթոնը արձանագրությունները դարձրել էր Կովկասի եւ մերձավորարեւելյան իր քաղաքականության կենտրոնական խաղաթուղթը, եւ քվեարկությունը կարող էր ստիպել Թուրքիային վավերացնել դրանք: գ) Մյուս գործոնը Իսրայելի եւ հրեական քարոզչական կազմակերպությունների դիրքորոշումն էր: Թուրքական արտգործնախարարության որոշ աղբյուրներ արդեն իսկ մեղադրում են այդ կազմակերպություններին Թուրքիային պաշտպանելու գործում «մատը մատին չտալու» համար: Դրանից առաջ էլ արդեն իսրայելական մամուլում հնչում էին Թուրքիային «դաս տալու» պահանջներ: Բայց հայերս պետք է հասկանանք, որ հենց թուրքերը «դաս քաղեն» նրանց այդ քայլից, նրանք այլեւս չեն կարող հույսը դնել հրեական քարոզչության չեզոքության վրա: Բանաձեւի քվեարկության արդյունքները լուսաբանվեցին բոլոր ցանցերով: Դրան գումարվեց թուրքական մամուլի եւ քաղաքագետների խուճապը: Սա երեւի ավելի մեծ հաղթանակ էր, քան քվեարկության արդյունքը, որովհետեւ բացի հայերի ցեղասպանության վերաբերյալ միջազգային կարծիքի վերազարթնումից, այն է՛լ ավելի «լուսավորեց» թուրք ժողովրդին: Մինչեւ թուրք ժողովրդի մեծամասնությունը չհասկանա, որ երկու երկրների միջեւ գոյություն ունի չլուծված մի խնդիր, այդ հարցը չի կարող առաջընթաց ապրել սոսկ հայերի ջանքերով: Հայերն անցել են այս ճանապարհը եւ ծանոթ են բոլոր խոչընդոտներին: Հիլարի Քլինթոնն ասել է, որ «Օբամայի վարչակարգը դեմ է որոշմանը եւ ամեն ջանք կգործադրի, որ լիագումար նիստ չմտնի»: Պետքարտուղարության խոսնակ Քրուլին նույնպես լրագրողներին հավաստել է, որ մտահոգված է ամերիկա-թուրքական հարաբերությունների ապագայով, քանի որ Թուրքիան Մ. Նահանգների «ուժեղ դաշնակիցներից» է, որտեղ Ամերիկան ռազմաօդային կարեւոր բազա ունի: Կոստա Ռիկայումՙ մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու փոխեց դիրքորոշումը, Հիլարի Քլինթոնն ասել է, որ «իրավիճակն է փոխվել»: Անշուշտ, այս բոլորը լուրջ պնդումներ չեն: Երբ Օբաման, Բայդենը եւ Քլինթոնը խոսում էին ի նպաստ ցեղասպանության բանաձեւի ընդունման (նախընտրական շրջանում), նրանք տեղյալ էին, որ Թուրքիան իրենց դաշնակիցն է, որ նրանք այնտեղ ունեն ռազմաօդային բազա, որ պատերազմ է Իրաքում եւ Աֆղանստանում, եւ որ որեւէ խոսք հայերի ցեղասպանության մասին վրդովեցնելու է Թուրքիային: Այնպես որ, իրականում ոչինչ չի փոխվել: Միայն քաղաքագետների տեսակետներն են փոխվել, եւ դա զարմանալի չէ: Նախքան ընտրությունները թեկնածուները միշտ էլ սովոր են խոստումներ շռայլել: Ընտրություններից հետո քաղաքական նպատակահարմարությունը միշտ էլ առաջնահերթ է դառնում: Ընտրությունների ժամանակ որոշ օրենսդիրներ կամ գործադիրներ փոխվում են, բայց բյուրոկրատները միշտ էլ մնում են առաջ տանելու միեւնույն «օրակարգը» մի վարչակարգից մյուսըՙ քողարկելով «ազգային շահերը պաշտպանելու» գաղափարով: Նախագահ Օբաման շատ խոստումներ չկատարեց: Գուանտանամոյի եւ այլ լուրջ խնդիրներ այլեւս այնքան էլ հասարակության ուշադրության կենտրոնում չեն: Դրանց փոխարեն հայտնվել են առողջապահության եւ տնտեսական բարելավման խնդիրները: Դրանց կողքին Հայոց ցեղասպանության հարցը մանր խնդիր է, որը կարելի է ոտնահարել առանց պատժվելու: Թուրքիան մեծ աղմուկ է բարձրացնում, որպեսզի որոշման ընդունումն ավելի առաջ չգնա: Նրանք (թուրքերը) նույնիսկ խոսում են ռուսների հետ հարաբերությունները բարելավելու մասին: Հայկական մամուլն ու հայ քաղաքագետները համեմատաբար ավելի թույլ կարծիք ունեն իրավիճակի վերաբերյալ: Նրանց գլխավոր մտահոգությունը ղարաբաղյան ճակատում հնարավոր պատերազմի վերսկսումն է: Պատերազմն արդարացնելու համար թուրքերն ու ազերիները պնդում են, որ Ղարաբաղի եւ հայ-թուրքական հարաբերությունների բանակցությունները փակուղի են մտել: Շուտով թիվ 252 բանաձեւի ընդունման ոգեւորությունը կմարի, բայց այն, ինչ տվեց այդ բանաձեւի ընդունումը, իզուր չէր: Ամեն անգամ, որ այդ հարցը առաջադրվում է Վաշինգտոնում, ավելի մեծ թվով հայեր են ընդգրկվում քարոզչական աշխատանքներում, ավելի շատ հրապարակումներ են տպագրվում ինչպես Մ. Նահանգներում, այնպես էլ աշխարհով մեկ, եւ ամենակարեւորը, ցեղասպանության հարցն առավել օրակարգային է դառնում Թուրքիայում: Սա է քաղաքականության բնույթը: Մենք պետք է հավատանք, որ ջրի հարատեւ եւ շարունակական կաթիլները կարող են ի վերջո ծակել ժայռը: Մինչ այդ մենք չպետք է թուլացնենք մեր ջանքերը: ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ - Դետրոյթ, ԱՄՆ, Թրգմ. Հ. Ծ.

No comments: