Saturday, March 13, 2010

ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ՀՀ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

«Լրագիր» 13-3-2010- ՀՀ անկախության հռչակագիրը, որ ըստ էության հանդիսանում է Հայաստանի 3-րդ Հանրապետության, որպես առանձին սուբյեկտի ձևավորման կարևորագույն հիմնարար փաստաթուղթ: Փաստաթղթի 11-րդ ենթակետը հետևյալ բովանդակությունն ունի. “Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին”: Այս փաստաթղթի վրա է հենվում ՀՀ սահմանադրությունը, որ ընդունվել է հռչակագրի հրապարակումից մոտ 5 տարի անց, ինչն էլ նշանակում է, որ պետության ձևավորման իրավական հիմքն է շարունակում մնալ Անկախության Հռչակագիրը: Հարց. արդյոք փաստաթղթում նշված Արևմտյան Հայաստան ձևակերպումը նշանակո՞ւմ է, որ հետխորհրդային Հայաստանի Հանրապետությունը “պահանջատիրությունը” ձևակերպել է որպես պետության արտաքին քաղաքականության գերակայություն: Ավելին, արդյոք սա նշանակում է, որ Խորհրդային Հայաստանի սահմաններում ձևավորված ՀՀ-ն դիտարկում է Արևմտյան Հայաստանը որպես առանձին (պետական կամ/թե քաղաքական) միավոր, որտեղ և տեղի է ունեցել 1915 թ. Ցեղասպանությունը: Եթե պատասխանն “այո” է, և համաձայնում ենք, որ Արևմտյան Հայաստանն ասենք որոշակի ինքնիշխանություն ունեցող միավոր է հանդիսացել, ապա պարզ չէ, թե այդ դեպքում ինչպիսի իրավական գործիքներ ունի ցեղասպանության միջազգային ճանաչման համար պայքարող ՀՀ-ն, սփյուռքերը, եթե կուզեք` խնդրում ներգրավված հայ ժողովրդի տարբեր հատվածները: Եթե պատասխանը “ոչ” է, ապա ի՞նչ նպատակ ուներ Արևմտյան Հայաստան ձևակերպումը հռչակագրում արտացոլելը: Արդյոք խնդիրը հայկական սփյուռքերի “ճնշման տակ” է տեղ գտել այդքան երկար սպասված Հայաստանի անկախ Հանրապետության ձևավորման փուլում: Հավանական է նաև այն տարբերակը, որ փաստաթղթի բովանդակությունը քննարկող մեր այրերը որոշել են ապագա սերունդների պարտավորությունները հստակեցնել: Այսինքն, պետության փիլիսոփայությունը ձևավորող այնպիսի կարևորագույն փաստաթղթում, ինչպիսին է Անկախության Հռչակագիրը, ամրագրել ու այդ կերպ անշրջելի դարձնել որոշակի ուղով ընթացող մի ողջ ժողովրդի “ճակատագիր”: Հիմա դառնանք հայ-թուրքական արձանագրությունների` երկրների օրենսդիր մարմիններում հաստատման խնդրին: Ի՞նչ են ասում թուրքերը: Ասում են, Հայաստանի սահմանադրական դատարանի որոշումը նախապայմաններ է առաջ քաշում: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ ՀՀ ՍԴ հունվարի 12-ի որոշումը որպես իրավական վճիռ ընդամենը որոշել է համաձայնագրերի սահմանադրականությունը: Ընդ որում, եզրակացրել, որ փաստաթղթերը չեն հակասում ՀՀ սահմանադրությանը և այդքանով իսկ դրանք ՀՀ ԱԺ-ի կողմից հաստատելու համար կանաչ լույս վառել: Թուրքական կողմի` ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը որպես նախապայման դիտարկելը թույլ փաստարկ է, նրանք դա փորձում են օգտագործել ժամանակ շահելու համար: Այդ մասին են վկայում գործընթացում ներգրավված կողմերի հայտարարությունները, ինչպես նաև այն հանգամանքը, որ ՍԴ-ի որոշմանը կից փաստաթուղթը քաղաքականից զատ իրավական հետևանքներ դժվար թե ունենա: Այն այս պահին որոշ քաղաքական ու հասարակական ուժերի սիրտը շահելու և ասենք Գագիկ Հարությունյանի` պատմության առջև սևերես դուրս չգալու նպատակ ուներ: Խնդիրը, սակայն, թերևս շարունակում է մնալ Անկախության Հռչակագրի 11-րդ կետում: Թուրքական կողմը, գուցե նույնիսկ դրա դեռ ոչ խորը գիտակցմամբ, ասում է. “փոխեք անկախության հռչակագրի 11-րդ կետը, որ համոզված լինեմ, թե տարածքային պահանջներ ինձնից չունեք”: Ու չնայած համաձայնագրերի հաստատման պարագայում ՀՀ-ն ըստ էության հանձն է առնում Կարսի և Մոսկվայի պայմանագրերով սահմանված Հայաստանի Հանրապետության սահմանները, սակայն իր կարևորագույն հիմնարար փաստաթղթով շարունակում է մնալ “պահանջատեր”: Ու եթե Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղին Գյուլին հնարավոր եղավ 6 ժամով Երևան բերել Արարատը Հայաստանի հավաքականի խարհրդանշանից հանելով և ապա նորից հետ մտցնելով, ապա պետք է սպասել, որ նախաձեռնողականները կարող են նաև Անկախության Հռչակագիր փոփոխել: ԱՐՍԵՆ ԽԱՌԱՏՅԱՆ

No comments: