«Լրագիր» 16-3-2010- Մարտի 16-18-ը Երեւանում տեղի է ունենալու ՆԱՏՕ-ի զորավարժությունը, Համագործակցություն հանուն խաղաղության ծրագրի շրջանակում: Այդ նույն ժամանակ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը մեկնելու է Մոսկվա, հանդիպելու իր ռուս գործընկերոջը: Նա հայտարարել է, թե ՀԱՊԿ հետ համագործակցության կարեւորագույն ձեռքբերումներից մեկը տեղեկատվական անվտանգության միասնական համակարգի ձեւավորումն է:
Ռուսաստանի տեղեկատվական անվտանգության համակարգը, ինչպես հայտնի է, կառուցվում է երկրի ազգային անվտանգության հայեցակարգի հիման վրա, որում թշնամի է հռչակվում ՆԱՏՕ-ն: Այսինքն, Ռուսաստանի տեղեկատվական անվտանգության հայեցակարգի բաղկացուցիչներից մեկը ՆԱՏՕ-ի ընդլայնման դեմ պայքարն է եւ հականատօ-ական քարոզչությունը, ինչը հաջողությամբ անում են ռուսական տեղեկատվական հաստատությունները: Արդյոք Հայաստանը ՆԱՏՕ-ին ընդունում է որպես թշնամի: Եւ ինչի դեմ են համատեղ պայքարելու Հայաստանի ու Ռուսաստանի տեղեկատվական համակարգերը:
Ռուսաստանի տեղեկատվական ֆոնն առանց այդ էլ զգացվում է Հայաստանում: Ասենք, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քննադատում է ԱՄՆ-ին, Պետդեպի հայտնի զեկույցի համար, խորհուրդ տալով նախ իրենց նայել, հետո ուրիշներին: Ճիշտ նույն կերպ արձագանքեց Ռուսաստանի ԱԳՆ այդ զեկույցին: Ռուսաստանը ԱՄՆ-ին խորհուրդ է տվել ուսումնասիրել նրա բանտերի վիճակը:
Ցանկություն կա իմանալու, թե որոնք են Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգի նպատակները, ինչ հակառակորդների դեմ է մտադիր պայքարել եւ որտեղ է ռուսական համակարգի հետ շփման սահմանը:
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ
Tuesday, March 16, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment