Thursday, March 25, 2010

Նախագահը պատասխանում է Քլինթոնի՞ն

Tert.am. 24-3-2010- Մենք չենք ընդունում Հայաստան-Թուրքիա երկխոսության վրա հղում կատարելով` Ցեղասպանության ճանաչումից խուսափելը բացատրելու գործելաոճը։ Այս մասին Դեյր Զորում ասել է եռօրյա պաշտոնական այցով Սիրիա մեկնած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Չեմ կարծում, թե դա օգնություն է գործընթացին։ Ավելին, կարիք չկա հղում կատարել ինչ-որ պատմաբանների հանձնաժողովի վրա, այն դեպքում, երբ հայ-թուրքական արձանագրությունները ենթադրում են լոկ պատմական հարթության միջպետական ենթահանձնաժողովի ստեղծում, ինչը, կարծում եմ, բոլորն էլ շատ լավ հասկանում են՝ ինչ է նշանակում, և ինչ տարբերություն կա այստեղ։ Ես խնդրում եմ բոլորին, ովքեր որևէ առիթով կխորհեն կամ կարտահայտվեն Հայոց ցեղասպանության ու նրա միջազգային ճանաչման մասին, նախքան որոշում կայացնելը թող մի պահ հիշեն այս անապատը, հիշեն մարդկային միլիոնավոր խեղված ճակատագրերն ու հայրենազուրկ եղած, ցավը սրտում հինավուրց ժողովրդին»,– ասել է Սերժ Սարգսյանը։ Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Ռուսական առաջին ալիքի եթերում Վլադիմիր Պոզների հաղորդմանը պատասխանելով հեռուստադիտողի այն հարցին, թե ինչու են ինքը և նախագահ Օբաման ընդդիմանում թիվ 252 բանաձևի ընդունմանը, կրկին հիշեցրել էր հայ–թուրքական Արձանագրությունները և կարգավորման գործընթացը։ «Այդ համաձայնագրերից մեկը նախատեսում է ստեղծել պատմական հանձնաժողով, որը կզբաղվի անցյալին վերաբերող բոլոր հարցերով»,– ասել էր Քլինթոնը՝ նշելով, թե հանձնաժողովը ստեղծման փուլում է:

No comments: