Tuesday, March 30, 2010

Թուրք վերլուծաբան. Կամ ոմանք մեզ խաբեցին, կամ մենք սխալ վարվեցինք

Panorama.am.30-3-2010- Թուրք հայտնի վերլուծաբան Մեհմեթ Ալի Բիրանդը թուրքական «Հյուրրիյեթ» (Hurriyet) թերթի էլ-կայքում հրապարակած իր հոդվածում համոզմունք է հայտնում, որ եթե Անկարան հանդես չգա հայտարարությամբ, ապա Երևանը չեղյալ կհայտարարի արձանագրությունները: «Արձանագրությունները շատ եմ կարևորում: Ըստ իս` այն Ցեղասպանության ոլորապտույտից ազատող ելք է մեզ համար: Սակայն այդպես չեղավ, կամ չկարողացավ լինել: Ինչ-որ մեկն այս խաղը փչացրեց: Կամ ոմանք մեզ խաբեցին, կամ էլ մենք սխալ վարվեցինք»,- գրում է Բիրանդը` հակիրճ բանաձևելով իր երևանյան հանդիպումների էական եզրահանգումները: Բիրանդը նկատել է տալիս, որ պաշտոնական Երևանը ըմբոստացավ և ընդդիմացավ, երբ Թուրքիան, խախտելով խաղի կանոնները, ղարաբաղյան հարցն իբրև նախապայման շաղկապեց արձանագրությունների վավերացմանը: «Վարչապետ Էրդողանը գլխապատառ մեկնեց Բաքու և այնտեղ Ալիևի սպառնալից հայացքի ներքո մեջլիսում արձանագրությունների վավերացումը պայմանավորեց Ղարաբաղի խնդրում լինելիք առաջընթացի հետ: Այլ կերպ ասած` արձանագրությունների կենսագործումը կապվեց հայ-ադրբեջանական հարաբերությունների դրական զարգացման հետ: Սա մի տեսակ Ադրբեջանին հայ-թուրքական հարաբերություններին վետո դնելու իրավունք տվեց»,- գրում է թուրք փորձագետը: Եվ ուրեմն ի՞նչ է յաժմ սպասվում, զարգացումների ո՞ր սցենարն է առավել հավանական: Բիրանդի եզրակացությունը մեկն է` Երևանը Թուրքիայից բացատրություն է ուզում ստանալ. արձանագրությունները բացարձակապես առանց որևէ նախապայմանի կիրառվելո՞ւ են, թե՞ Ղարաբաղի հետ շաղկապումը շարունակվելու է:

No comments: