Tuesday, March 30, 2010

Եթե Անկարան հանդես չգա հայտարարությամբ, Երևանը չեղյալ է հայտարարելու Արձանագրությունները. Մեհմեդ Ալի Բիրանդ

Tert.am. 30-3-2010- Օրեր առաջ Երևան էին այցելել մի շարք թուրք լրագրողներ, մտավորականներ, նախկին դեսպաններ, որոնց թվում էր նաև թուրք հայտնի լրագրող և վերլուծաբան, CNNTurk-ի գլխավոր խմբագիր Մեհմեդ Ալի Բիրանդը: Մեհմեդ Ալի Բիրանդը, ի մի բերելով երևանյան տարբեր հանդիպումներից ստացած տպավորությունները, գրում է, որ եթե առաջիկայում Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված Արձանագրությունների առնչությամբ Անկարան հանդես չկա հայտարարությամբ, Երևանը չեղյալ է հայտարարելու այդ փաստաթղթերը: Թուրք վերլուծաբանը, իր հոդվածն սկսելով Հայաստանի և Թուրքիայի միջև մեկնարկած հարաբերությունների կարգավորման գործընթացի և դրա արդյունքում ստորագրված Արձանագրությունների նախապատմությունից, փորձում է գտնել մեղավոր կողմին, որի պատճառով գործընթացը խցանվել է: «Թուրքիան Արձանագրությունների վավերացումը կապեց հայ-ադրբեջանական հարաբերություններում առաջընթացի հետ` դրանով իսկ Ադրբեջանին տալով հայ-թուրքական հարաբերությունների վրա վետո դնելու իրավուք: Նման զարգացումը վրդովեցրեց Հայաստանին: Հայկական կողմը հայտարարում է, որ Ղարաբաղը նախապայման չի կարող լինել, Թուրքիան էլ խաղը սկսվելուց հետո փոխել է խաղի կանոնները և անցնել Ադրբեջանի կողմը` անտեսելով Արձանագրությունների տակ դրած իր ստորագրությունը»,- գրում է Բիրանդը` ավելացնելով, որ մինչև Երևան ժամանելը նա հարցի առնչությամբ հանդիպել է Թուրքիայի արտգործնախարարության ներակայացուցիչների, իսկ ավելի ուշ հանդիպելու է ադրբեջանական կողմի հետ` պարզելու համար, թե կողմերից որ մեկն է փորձում տապալել արձանագրային գործընթացը: «Երևանում մեզ հիմնականում տվեցին հետևյալ հարցերն էին տալիս. «Ե՞րբ եք պատրաստվում վավերացնել Արձանագրությունները: Ինչո՞ւ ձեր խոստումը չկատարեցիք և մեզ խաբեցիք»: Երբ ստեղծված իրավիճակին նայում ենք Թուրքիայի սահմաններից դուրս, իրականում այնպիսի պատկեր է ստեղծվում, որ հենց Անկարան է հետքայլ արել և Արձանագրությունների ստորագրումից հետո փորձում է խաղ խաղալ: Հայկական կողմն էլ հայտարարում է, որ չի կարող երկար սպասել, մինչև թուրքական կողմից կվավերացնի Արձանագրությունները»,- գրում է թուրք վերլուծաբանը` փորձելով որոշ կանխատեսումներ անել արձանագրային գործընթացի հետագա ճակատագրի առնչությամբ: «Լավ, իսկ ի՞նչ է լինելու հետո: Երևանն Անկարայից գրավոր հայտարարության է սպասում: Թուրքիան Արձանագրություններն առանց նախապայմանի վավերացնելո՞ւ է, թե՞ շարունակելու է համառել ղարաբաղյան հիմնախնդիրը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին շաղկապելու հարցում: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի կեսերին Վաշինգտոն կատարելիք այցի շրջանակում հանդիպելու է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի հետ և մասնակցելու է Միջուկային անվտանգության հարցերին նվիրված միջազգային գագաթաժողովին, որին, ի նշան բողոքի, հրաժարվել է մասնակցել վարչապետ Էրդողանը: Այդ հանդիպումը կարևոր նշանակություն է ունենալու ինչպես Արձանագրությունների ապագայի, այնպես էլ Օբամայի` ապրիլքսանչորսյան ուղերձի տեսանկյունից: Մեզ հետ հանդիպման ընթացքում Հայաստանի Ազգային ժողովի ներկայացուցիչներից մեկը հայտարարեց. «Այդ հանդիպումից հետո մենք որոշում կկայացնենք մեր հետագա անելիքների առնչությամբ: Կամ Թուրքիան նոր քայլ կանի (վավերացում կամ հայտարարություն), կամ մենք Արձանագրությունները չեղյալ կհայտարարենք»: Շատ հետաքրքիր մի հայտարարություն էլ արեց նախագահականի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը. «Եթե Թուրքիան հղում կատարելով ներքին խնդիրների վրա` հայտարարի, որ որոշ ժամանակով հետաձգում է Արձանագրությունները, մենք կհարմարվենք դրան: Արձանագրությունները չեղյալ հայտարարելը կամ պահարանում դնելը մեզ չի բավարարում: Եվ երբ Թուրքիան պատրաստ լինի, նորից կարելի է վերսկսել գործընթացը»: Իրավիճակը բավական ճգնաժամային է»:

No comments: