Thursday, March 25, 2010

ԲՐԻՏԱՆԱՑԻ ՆԱԽԱՐԱՐԸ ԹԱՔՑՆՈ՞ՒՄ Է ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸՙ ՇՌԱՅԼԵԼՈՎ ՀԱՃՈՅԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐՉԱՊԵՏ ԷՐԴՈՂԱՆԻՆ

«ԱԶԳ», 25-03-2010- Բրիտանիայում գործող (Ուելսում) հայկական Armenia Solidarity կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով կոչ է արվում խորհրդարանի անդամներին, որ հորդորեն երկրի վարչապետ Գորդոն Բրաունինՙ դատապարտել Բրիտանիայի արդարադատության նախարար Ջեկ Սթրոուի` Հայոց ցեղասպանությունը ժխտող խոսքերը: Հիշեցնենք, որ Սթրոուն «հանգստացրել» էր Լոնդոնում գտնվող Թուրքիայի վարչապետ Էրդողանին, երաշխավորելով, որ հայկական բանաձեւ չի ընդունվի Բրիտանիայում. «Օրինագծի ընդունման հնարավորությունները Բրիտանիայում հավասար են զրոյի: Ես կարող եմ սա վստահեցնել բոլորին: Նույնիսկ եթե բանաձեւը պառլամենում անցնի, ես վստահ եմ, որ Հայոց ցեղասպանության հիշատակի օր մեր երկրում չի հաստատվի: Բրիտանական կառավարությունն ու նաեւ ընդդիմությունը չեն պաշտպանում այս բանաձեւը», վստահեցրել էր բրիտանացի նախարարը: Հայկական կազմակերպության հայտարարությունը ընդգծում է, որ Սթրոուի խոսքերը «զարմացնում են իրենց ցինիզմով, դրանք դուրս են բոլոր էթիկական նորմերից». «Նախարարը երեւի մոռացել է, կամ չգիտի, որ խորհրդարանի շատ ներկայացուցիչներ, հիմնականում լեյբորիստներ, պաշտպանում են բանաձեւը, իսկ կառավարությանը մոտ գտնվող մեր աղբյուրները հավաստիացնում են, որ նախարարներից շատերն էլ արդարության վերականգնման կողմնակիցներն են», նշված է հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ հայկական բանաձեւի «բրիտանական տարբերակը» նախաձեռնել են լեյբորիստ Էնդրյու Դիսմորը եւ բարոնուհի Քոքսը: Վերջինս նաեւ հանդես է եկել կառավարությանն ուղղված կոչով` վերանայել դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ: ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

No comments: