
Tert.am. 24-3-2010- Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացները մեծ փաթեթի երկու կարևոր մասերն են: Այս մասին, թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, Բրյուսելում հայտարարել է Թուրքիայի նախկին արտգործնախարար, ներկայիս պետնախարար և փոխվարչապետ Ալի Բաբաջանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին կոչ անելով աջակցել հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։
Անդրադառնալով տարբեր երկրների խորհրդարանների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերի ընդունմանը` Ալի Բաբաջանը հայտարարել է, որ Ցեղասպանության հարցն ուսումնասիրելու համար պետք է ստեղծել պատմաբանների հանձնաժողով:
«Այդ հարցում մեր հիմնական նպատակը Թուրքիայի և Հայաստանի միջև ստորագրված Արձանագրությունների համաձայն՝ Ցեղասպանության հարցն ուսումնասիրելու նպատակով պատմաբաններից և գիտնականներից բաղկացած հանձնաժողովի ստեղծումն է: Սակայն հարցին երրորդ երկրների միջամտությունը բարդացնում է գործընթացը»,- Բրյուսելում Թուրքիայի գործարարների և արդյունաբերողների կոնֆեդերացիայի և Եվրոպական քաղաքականության կենտրոնի համատեղ ջանքերով կազմակերպված համաժողովին հայտարարել է Բաբաջանը:
Համաժողովի ընթացքում ելույթ է ունեցել նաև Շվեդիայի արտգործնախարար Կառլ Բիլդտի կինը` Եվրախորհրդարանի քրիստոնեա-դեմոկրատական խմբակցության անդամ Աննա Մարիա Բիլդտը՝ նշելով, որ Հայաստանն ու Թուրքիան իրենք պետք է լուծեն իրենց միջև առկա խնդիրները։
«Ցավում եմ Շվեդիայի Ռիկսդագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման համար: Դա մեր խնդիրը չէ: Պատմության դատապարտումը քաղաքական գործիչների գործը չէ: Մենք աջակցում ենք Հայաստան-Թուրքիա մերձեցման գործընթացին և ցանկանում ենք, որ խնդիրը քննարկվի կողմերի միջև»,- հայտարարել է Աննա Մարիա Բիլդտը.
No comments:
Post a Comment