Monday, March 15, 2010

Էստոնիայի հայերը քաղաքական կուսակցություն են հիմնում

Tert.am. 15-3-2010- Էստոնիայի մայրաքաղաքում ստեղծվել է աշխատանքային խումբ, որն իր առջև նպատակ է դրել ստեղծել հայկական քաղաքական կուսակցություն։ Մշակվում են կուսակցության կանոնադրությունն ու ծրագիրը։ Աշխատանքային խմբի ղեկավարն է Էստոնիայի քաղաքացի, հայազգի Գրիգոր Հայրապետյանը։ Այս մասին հաղորդում է Армянский вестник Эстонии-ն։ Քաղաքական կուսակցությունների մասին Էստոնիայի Հանրապետության օրենքի համաձայն՝ նոր կուսակցության ձևավորման համար անհրաժեշտ է առնվազն 1000 անդամ։ «Այսօր, երբ քաղաքակիրթ աշխարհն ընդունում է Հայոց ցեղասպանության փաստը, մենք՝ էստոնաբնակ հայերս, չպետք է անմասն մնանք երկար սպասված պատմական իրադարձությանը...»,- նշված է աշխատանքային խմբի հաղորդագրությունում։ Հաղորդագրությունում նաև ասվում է, որ որոշ ժամանակ անց Էստոնիայի հայկական կուսակցությունը կձգտի ունենալ սեփական և բոլորին մատչելի անկախ լրատվամիջոց, այդ թվում նաև՝ հայալեզու, ինչպես նաև իր ներկայացուցիչները պետական իշխանության ստորին և վերին օղակներում։ Նշենք, որ Էստոնիայում գործունակ հայկական քաղաքական կուսակցություն ստեղծելու գաղափարհ մասին աշխատանքային խմբի անդամները զրուցել և դրական պատասխան են ստացել Էստոնիայի Կենտրոնամետ կուսակցության ղեկավար և Տալինի քաղաքապետ Էդգար Սավիսաարից։

No comments: