Monday, March 15, 2010

Հայաստանում ճնշում են միայն բիզնեսի հետ կապ ունեցող կրոնական կազմակերպություններին

Tert.am. 15-3-2010- «Երբ ասում ենք, որ Հայաստանում կրոնական կառույցներին ճնշում են, ես մի քիչ զարմանում եմ, քանի որ այսօր դա հնարավոր չէ: Հայաստանում չկա համապատասխան օրենք, որով հնարավոր լինի ճնշել կրոնական կառույցներին»,- այսօրվա ասուլիսում ասաց Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ամարյանը: Ըստ նրա` ճնշում են միայն այն դեպքում, եթե կրոնական կազմակերպությունները կապված են բիզնեսի հետ: «Հայաստանում կրոնական կառույցները պետություն են պետության մեջ: Որոշ չափով այսօր ճնշման միջոց ենք տեսնում այն, որ Եհովայի վկաներին դատապարտում են զինծառայություն չանցնելու համար»,- նշեց մասնագետը: Ամարյանի խոսքով` շատ է խոսվում այն մասին, որ հոգեորսությունն արգելված է, բայց օրենքով ամրագրված չէ, թե ինչ է հոգեորսությունը: Նա նաև կարծում է, որ այսօր կրոնական կազմակերպությունները թափանցիկ չեն աշխատում և իրենց գործունեությունը բարեգործության անվան տակ են իրականացնում: Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու քահանայության ղեկավարներից Վարուժան Պողոսյանը համամիտ է, որ Հայաստանում կրոնական կառույցների վրա կազմակերպված ճնշումներ չկան: «Միայն մասնավոր դեպքերում են դրանք նկատելի: Մենք մեզ ճնշված չենք զգում»,- ասաց նա: Պողոսյանի խոսքով` վերջին շրջանում մամուլն իրենց մասին հրապարակումներում բարեհաճություն է ցուցաբերում, ինչը չի կարելի ասել հասարակության մասին: «Մեր մասին տարբեր խոսակցություններ ենք լսում, ինչը հոգեբանական ճնշումների է ենթարկում մեզ»,- ասաց նա: «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը, սակայն, նշեց, որ իրենց կատարած ուսումնասիրությունների արդունքում Հայաստանում արձանագրվել են խղճի ազատության իրավունքի խախտումներ: «Մենք հայերին տարանջատում ենք, ասում ենք` դու Եհովայի վկա ես` հայ չես, դու կաթոլիկ ես` հայ չես: Առաջընթացի փոխարեն մենք անցում ենք կատարում ֆեոդալական համակարգին, այնինչ 21-րդ դարի պետության մոդելն այլ է»,- ասաց նա: Դանիելյանը նույնպես գտնում է, որ բոլոր կրոնական կազմակերպությունները պետք է թափանցիկ աշխատեն և պարբերաբար ֆիանանսական հաշվետվություններ ներկայացնեն, ինչը Հայաստանում չի իրականացվում:

No comments: