Կկարողանա՞ թուրք լրագրողը հասնել իր հայրենակիցների խղճին
«ՀԵՏՔ» 15-3-2010- Էրհան Արիկը ծնվել է Արդահանում: Այնտեղ ապրել է մինչեւ 13 տարեկան դառնալը: Նրա նախնիները թուրք-մեսխեթցի այն ընտանիքներից են, որոնք Արդահան են գաղթել Սամցխե-Ջավախքից: Հիմա Էրհանն ապրում է Ստամբուլում, բայց ամեն տարի այցելում է Արդահան: Նրա շփումը հայերի հետ սերտ է, հայ ընկերներ ունի: Իմացել է, որ Արդահանում հայեր են ապրել, բայց մշտապես տարաբնույթ տեղեկություններ ստանալը ստիպել է նրան ինքնուրույն պարզել պատմական իրողությունները: Իսկ դրան նպաստել է երազը, որն Էրհանին, ի վերջո, բերել է Հայաստան:
«Երազումս այն տանն էի, որտեղ ծնվել եմ: Տունը «ժառանգել» էինք հայերից: Եվ ես տան այն հատվածում եմ, որը մենք օգտագործում ենք որպես ամբար: Երազիս մեջ զգուշացնող ձայն էի լսում, որն անընդհատ հարցեր էր տալիս. «Ինչու՞ է այս սենյակն այսքան կեղտոտ: Ինչու՞ է քարով կառուցված այս օջախը, որտեղ մենք ինչ-որ ժամանակ մեր հացն ենք թխել, այժմ օգտագործվում որպես ամբարի մաս»: Ես արթնացա` վախեցած երազից, եւ այլ շատ հարցեր չեմ կարող հիմա հիշել»,- պատմում է Էրհանը:
Տան նախկին տիրոջ հնչեցրած հարցերի պատասխանները որոնելու ու գտնելու, ինչպես նաեւ շատ այլ հանգամանքներ պարզելու համար Էրհանը նախաձեռնել է այս այցելությունը դեպի Հայաստան:
«Մինչ օրս մենք` թուրքերս, Անատոլիայի մասին ամբողջը իմացել ենք «պաշտոնական աղբյուրներից», պատմության «պաշտոնական» տարբերակից, որը թխվել է հենց նույն աղբյուրների կողմից, ինչն, անխոս, գիտակցաբար ազգայնականորեն է մատուցվել մեզ»,- ասում է Էրհանը:
Նա նշում է, որ թե թուրք, թե հայ երեխաների շրջանում պատմության որոշ դրվագներ, հատկապես 1915 թվականի իրադարձությունները բարդույթներ են առաջացրել. «Որքան էլ դպրոցական տարիներին պրոպագանդում են, համենայդեպս, որոշ տարիքից հետո ուզում ենք ավելի մանրամասն իմանալ»:
Էրհանի դիտարկմամբ` հայ երեխաներին փոքր տարիքից պատերազմական դաժան պատմություններ են մատուցվում, կամ դրանք երեխաները լսում են իրենց պապերից` ամեն օր քնելուց առաջ, ինչը սարսափի ու վախի մթնոլորտ է սերմանում նրանց մեջ:
Էրհան Արիկը ավարտել է Անադոլու Համալսարանի մեդիայի բաժինը եւ վերջին 5 տարիների ընթացքում աշխատել որպես սոցիալական ոլորտի վավերագրա-լուսանկարիչ ու օպերատոր: Վերջին երեք տարիներին նա աշխատել է «DEVINIM TV» հեռուստաընկերությունում` որպես ծրագրի համակարգող եւ ռեժիսոր:
Այժմ նա զբաղվում է մուլտիմեդիա լրագրությամբ: Ծրագիրը, որով Էրհանը Հայաստան է այցելել, «Anadolu Kultur» կազմակերպության կողմից է իրականացվում եւ ֆինանսավորվում: Նա նպատակ ունի ճամփորդել սահմանային գյուղերով, գրի առնել սահմանային պատմությունները եւ մուլտիմեդիա տարբերակով մատուցել լսարանին:
Մինչ Հայաստան այցելելը Էրհանն արդեն եղել է թուրքական կողմի սահմանային գյուղերում: Նա նկատել է, որ հայ-թուրքական սահմանի երկու կողմում էլ նույն «Հորովելն» են երգում:
«Անատոլիայում «Հորովելը» մի երգ է, որը օգնում է գյուղացուն իր աշխատանքի ժամանակ` հավաքելով ու կենտրոնացնելով անհրաժեշտ ներքին եւ արտաքին ուժը, որպեսզի ավարտին հասցնի աշխատանքը: Այս երգը երգում են նաեւ Հայաստանում»,- ասում է Էրհանը:
Նա խոստովանում է, որ իրենց խոսակցական լեզվում բազմաթիվ բառեր կան, որոնք մնացել են հայերից: Օրինակ` «ակոս» բառը նույն իմաստով օգտագործում են նաեւ իրենք:
«Արդահանում հայեր այլեւս չկան, բայց նրաց մշակույթը դեռ մնացել է այնտեղ»,- ասում է Էրհանը եւ նշում, որ սահմանի երկու կողմում ապրող ժողովուրդները պետք է ճանաչեն միմյանց, միմյանց մասին տեղեկություններ ունենան:
Էրհանը պատմում է, որ երբ վերջերս Հայաստանում սափրիչի մոտ է եղել, խոսել է անգլերեն, սափրիչը փոխարենը թարգմանչին հարցրել է, թե ինչու՞ Էրհանը թուրքերեն չի խոսում, եւ ասել է, որ ինքն ավելի շատ թուրքերեն գիտի, քան անգլերեն:
Օրինակ` ինչու՞ է Էրհանը «լավ» բառը «ՕK» ասում, երբ իրեն ավելի հոգեհարազատ է նույն նշանակություն ունեցող թուրքերեն «թամամ» բառը: Էրհանը խոստովանում է, որ զգայուն է հայ-թուրքական հարցի նկատմամբ, մասնակցում է սոցիալական ցանցերում ընթացող քննարկումներին:
Ավելին, թուրքերի ունեցած տեղեկությունները ապատեղեկատվություն են, եւ ինքը եկել է Հայաստան, որպեսզի վերհիշի անցյալը եւ գնա ու պատմի իր հայրենակիցներին այդ ամենի մասին:
«Ի՞նչ է փոխվել լրագրողի համար Հայաստան գալուց հետո» հարցին պատասխանում է. «Ինչ-որ չափով գիտեմ, թե հայերին ինչ են արել: Մինչեւ գալս արդեն գիտեի, որ 2 մլն-ից ավելի հայ աքսորվել է, 1 մլն-ից ավելի էլ սպանվել է: Այսօր նույնիսկ ինչքան որ հայ է մնացել, այդ փոքրամասնության վախը, գլուխը կախած ապրելու վախը զգացվում է: Նույնիսկ որ գնում եմ «Ակոս» թերթի խմբագրություն, տեսնում եմ, թե ինչպես են երկաթյա դռների ետեւում լուրեր պատրաստում, իրենց այդպես են պաշտպանված զգում, եւ ուզում եմ իմանալ դրա պատճառը»:
Էրհանն արդեն եղել է հայ-թուքական սահմանի Մարգարա, Փշատավան, Բագարան, Երվանդաշատ գյուղերում, այցելել է նաեւ Գյումրի, բայց դեռ մի քանի գյուղեր էլ ուզում է այցելել: Ասում է, որ միայն գյուղերով չի սահմանափակվում, զրուցում է նաեւ սովորական քաղաքացիների հետ:
«Երբ դեմ առ դեմ նստել ու 1915 թվականը վերապրածների հետ հարցազրույց եմ վերցրել, շատ ավելի եմ տպավորվել: Իմ աչքերի մեջ նայելով` ասում էին. «Իմ ծնողներին` հորս, մորս, քրոջս ցեղասպանեցին»»,- շարունակում է Էրհանը:
Սակայն հարցին, թե կկարողանա՞ Թուրքիա վերադառնալուց հետո իր հասկացածը եւ տեսածը վերարտադրել եւ խոստովանել, որ թուրքերը հայերի նկատմամբ Ցեղասպանություն են իրականացրել, Էրհանը խուսափեց հստակ պատասխանել. «Հայերի կողմը լինելն արդեն մեծ հարց է, ամենակարեւորն այն է, թե ինչպես ես արտահայտում: Ես ոչ թե հայերի կողմից եմ, այլ իրականության»,- ասում է նա:
Էրհանը թուրքական կողմից սահմանային գյուղերի այցելությունների ժամանակ եղել է եւ ադրբեջանաբնակ, եւ քրդաբնակ գյուղերում: Իր տպավորությամբ` քրդերն ուզում են, որ սահմանը բացվի եւ հայ-թուրքական հարաբերությունները բարելավվեն, իսկ ադրբեջանաբնակ գյուղերի բնակիչները չեն ուզում որեւէ հարաբերություն հայկական կողմի հետ եւ որպես թշնամի են դիտարկում հայերին:
Այն, որ Թուրքիան որպես չգրված նախապայման առաջադրում է Արցախյան հիմնախնդրի կարգավորումը, ըստ լրագրողի, հետզհետե կառանձնացվի, եւ կգա ժամանակ, երբ Թուրքիան կսահմանազատի հայ-թուրքական հարաբերությունները Հայաստան-Ադրբեջան-Ղարաբաղ հարցից:
Լրագրողի կարծիքով` Ղարաբաղի հարցում առավել դերակատարություն ունի Ռուսաստանը. եթե Ռուսաստանն ասի, որ սահմանը պետք է բացվի առանց Ղարաբաղյան հարցի կարգավորման, ապա այն կբացվի: Այնուամենայնիվ, Էրհանի կարծիքով` մինչեւ ապրիլի 24-ը թուրքական կողմը կվավերացնի արձանագրությունները, այնուհետեւ նաեւ Հայաստանը:
Սահմանի բացումը, ըստ լրագրողի, Անդրկովկասում ռազմավարական եւ տնտեսական նշանակություն ունի երկու պետությունների համար էլ: Ավելին, Էրհանը համոզված է, որ սրանով Թուրքիան կձերբազատվի հայերի նկատմամբ ունեցած բարդույթից:
«100 տարուց ի վեր ջնջված հիշողությունները վերականգնելու համար կարեւոր է սահմանի բացումը, այսինքն` այն, որ թուրքերն են մոռացել»,- պարզաբանում է Էրհանը:
«Որտե՞ղ են ավելի քան 1 մլն հայերը, որտե՞ղ են ավելի քան 2 մլն աքսորված հայերը»,- այս հարցով Էրհանը պետք է ներկայացնի հայաստանյան իր ուսումնասիրությունները նախատեսված մուլտիմեդիա աշխատանքում:
«Արդեն վաղուց ես գտել եմ սրա պատասխանը»,- ասում է լրագրողը: Եղեռնը վերապրածներից մեկի միջոցով նա պետք է փորձի բացատրել իր ազգակիցներին իրենց իսկ արարքը: «Եթե ես իրենց խղճին հասնեմ, մի բան կարող է ստացվել»,- ավարտում է Էրհան Արիկը:
Քրիստինե Աղալարյան
Monday, March 15, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment