ՀՀ ԱԺ պատգամավոր, Ժառանգություն խմբակցության անդամ Արմեն Մարտիոսյանի հայտարարությունը 2010թ. փետրվարի 7-ի Խորհրդարանական շաբաթ հաղորդման շրջանակներում
Այս օրերին Երեւանում անցկացվող ՆԱՏՕ-ի Խորհրդարանական Վեհաժողովի 73-րդ` Ռոուզ Ռոթ սեմինարի ընթացքում, քննարկման հիմնական նյութը եղել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման եւ Հայ-թուրքական հարաբերությունների հարցը: Խոսելով Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ` ԵՀԱԿ Խորհրդարանական Վեհաժողովի Ղարաբաղի հարցով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը նշել է, որ ԼՂ խնդրի լուծման հիմնական սկզբունքներն արդեն մշակվել են եւ դրանց ընդունման համար շատ ժամանակ չի մնացել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին երկու նախագահները ծագումով Ղարաբաղից են, ապա անհրաժեշտություն չկա ԼՂՀ ներկայացուցիչների մասնակցությունը բանակցություններին:
Ցավոք, այս եւ նման այլ հայտարարություններ ներկայումս հաճախ ենք լսում: Այս ամենի մեղավորը նախորդ իշխանություններից սկիզբ առած եւ մինչ օրս շարունակվող սխալ քաղաքականությունն է: Երբ իշխանությունը, կեղծված ընտրությունների արդյունքում, իրեն զգաց ամենազոր ու ամենաճշմարիտ եւ ամենակոպիտ եղանակով յուրացրեց նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչների օրինական տեղը բանակցությունների սեղանի շուրջ:
Ժառանգությունը եւս մեկ անգամ հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անկախ պետություն է, որը կայացել է խորհրդային եւ միջազգային բոլոր օրենքներին ու սկզբունքներին համապատասխան. մենք ընդունում ենք այդ իրողությունը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչների` բանակցություններում պարտադիր կողմ լինելն ամրագրված է 1994 թվականի զինադադարի մասին համաձայնագրի եւ Բուխարեստյան գագաթնաժողովի փաստաթղթերով, ուստի չի կարող լինել հակամարտության կարգավորմանը համաձայնեցված որեւէ սկզբունք` ընդունելի կամ կիրառելի, եթե նրա կազմմանը չեն մասնակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչները:
Եվ վերջապես, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը վերջերս մեկ անգամ եւս ի լուր մեր “իշխանությունների” եւ աշխարհի հայտարարեց, որ Ղարաբաղը չի լիազորել որեւէ մեկին ներկայացնելու իրենց:
Ժառանգություն կուսակցությունն իր գործունեության առանցքում դրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը` որպես խնդրի իրական լուծման ուղի եւ շարունակում է իր ջանքերն այդ ուղղությամբ: Ընդորում` այդ տեսակետը կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը սկսել է իրացնել դեռեւս արտգործնախարար աշխատելիու ընթացքում: Ցավոք, նրա խորհուրդները լսելի չեղան իշխանության համար, եւ մենք ունենք այնպիսի վիճակ, երբ նույնիսկ Հայաստանի Հանրապետության իշխանությունները դեմ են արտահայտվում Ղարաբաղի անկախության ճանաչմանը եւ շարունակում են զիջումների քաղաքականությունն արտաքին քաղաքականության մեջ, ընդորում, նաեւ պատրաստ` զիջելու ազատագրված տարածքները: Վկան` իշխանության ներկայացուցիչների տարատեսակ հայտարարությունները:
Ժառանգություն կուսակցությունը կարեւորում է Լեռնային Ղարաբաղի խնդիրը, քանի որ այն հայ ժողովրդի պատմական իրավունքի վերականգնման դրվագներից մեկն է, եւ որի հայանպաստ լուծումը ապահովելու է վաղվա մեր հուսալի ու կայուն ապագան:
Saturday, March 13, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment