Thursday, March 18, 2010

ԽՈՐՀՈՒՐԴ ՎԱՐՉԱՊԵՏ ԷՐԴՈՂԱՆԻՆ` ՇԱՐՈՒՆԱԿԻՐ ԺԽՏԵԼ ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

«ԱԶԳ, 18-03-2010- Հայտնի փաստ է, որ թուրք ղեկավարները բացառիկ կարողության տեր դիվանագետներ են:* Այդուհանդերձ, հենց հայերի ցեղասպանություն, Հունաստան, Կիպրոս կամ Քուրդիստան բառերը լսում են, նրանք կորցնում են իրենց հանգիստը եւ դիմում զգացական պոռթկումների ու կոպիտ դիվանագիտական քայլերի, որոնք վնաս են հասցնում իրենց շահերին: Գիտակցելով, որ այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 95-ամյակը, թուրք պաշտոնյաները նյարդայնացած վիճակում պատրաստվում էին դիմագրավելու առաջիկա հիշատակությունների «ցունամիին», որը համաշխարհային հանրությանը մի անգամ եւս հիշեցնելու է օսմանյան թուրքերի կատարած ոճիրներն ընդդեմ մարդկության: Առաջին անակնկալ հարվածը փետրվարի 26-ին հասցրեց Կատալոնիայի ինքնավար կառավարության խորհրդարանը (Իսպանիա), երբ միաձայն ճանաչեց հայերի ցեղասպանությունը: Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն անմիջապես կապ հաստատեց Իսպանիայի իր պաշտոնակցի եւ Կատալոնիայի պաշտոնյաների հետ, իր բարկությունը թափելով նրանց վրա եւ պահանջելով, որ ներողություն խնդրեն: Երկու օր անց հայերի ցեղասպանությունը բացահայտող մի ֆիլմ ցուցադրվեց CBS-ի «60 րոպե» ծրագրի ժամանակ, որտեղ սիրիական անապատի ավազների միջից ցցված հայ զոհերի ոսկորները մեկ դար անց անգամ սոսկում են պատճառում դիտողին: Թուրքերն այլանդակվեցին եւ հայերին մեղադրեցին CBS հեռուստաընկերության վրա անտեղի ճնշում բանեցնելու համար եւ սովորականի նման սկսեցին հարցականի տակ առնել ցուցադրված ոսկորների եւ ավազի իսկությունը: Չորս օր անց Մ. Նահանգների արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող մի բանաձեւ: Թուրքիան կորցրեց, չնայածՙ ա) ճնշում էր բանեցրել Օբամայի վարչակազմի վրաՙ հակազդելու բանաձեւի ընդունմանը, բ) բազմամիլիոն դոլարներով վարձել էր քարոզչական ընկերությունների, գ) թուրք խորհրդարանականներին էր ուղարկել Վաշինգտոն, դ) էլ. փոստով քարոզարշավ էին ծավալել թուրք եւ ազերի ամերիկացիները, ե) սպառնացել էր բոյկոտի ենթարկել Մ. Նահանգների ռազմապաշտպանական կապալառուների պայմանագրերը: Թիվ 252 բանաձեւի ընդունումից անմիջապես հետո Թուրքիան հետ կանչեց Վաշինգտոնից իր դեսպանին, նշելով, որ մինչեւ ապրիլի 24-ը նա կմնա Անկարայում: Պետնախարար Զաֆեր Չաղլայանը հետաձգեց տնտեսական կապերի զարգացմանը նպատակաուղղված իր այցելությունը Մ. Նահանգներ, «մինչեւ վերջինս ուղղի իր սխալը»: Թուրք «Արդյունաբերողների եւ գործարարների ասոցիացիայի» գործադիր վարչության նախատեսված այցելությունը Վաշինգտոն մարտի 16-17-ը ջնջվեց, եւ հակաամերիկյան բողոքի ցույցեր անցկացվեցին թուրքական քաղաքներում: Ավելին, վարչապետ Էրդողանը նշեց, որ կարող է չմասնակցել Վաշինգտոնում առաջիկա ամիս կայանալիք միջուկային անվտանգությանը նվիրված միջազգային գագաթաժողովին: Նախքան թուրքական կրքերը կհանդարտվեին, Շվեդիայի խորհրդարանը երկրորդ ջախջախիչ հարվածը հասցրեց Անկարայինՙ մարտի 11-ին քվեների 131-130 հարաբերակցությամբ վերահաստատելով հայերի, ասորիների եւ հույների ցեղասպանությունները: Այս անգամ եւս Թուրքիան հետ կանչեց իր դեսպանին եւ վարչապետ Էրդողանն էլ ջնջեց իր Ստոկհոլմ կատարելիք այցը, որին պետք է ուղեկցեին նաեւ մեծ թվով առեւտրականներ: Հակաշվեդական բողոքի ցույցեր տեղի ունեցան մի շարք թուրքական քաղաքներում: Այս բացահայտ դրամատիկական հակազդեցությունները լավ առիթ էին թուրք եւ օտարազգի մեկնաբանների համար, որ խորհրդածություններ անեն, որ եթե հայերի ցեղասպանության փաստը շարունակվի ճանաչվել այլ երկրների կողմից, Թուրքիան շուտով դեսպաններ չի ունենա աշխարհում, եւ թուրք պաշտոնյաներն օտար երկրներ չեն այցելի այլեւս: Ավելին, Թուրքիան կմնա առանց ներկրված ապրանքների եւ ռազմականորեն թուլացած մի երկիր, քանի որ կջնջի բոլոր առեւտրական պայմանագրերը արտաքին աշխարհի հետ: Թուրքիայի նման մեկուսացումն արդար հատուցումը կլինի իր վարած ժխտողական քաղաքականության: Ուրիշներին պատժելով Թուրքիան փաստորեն պատժած կլինի ինքն իրեն: Ցինցինատտիից (Օհայո) Վահե Մարգարյանն անցյալ շաբաթ սուր մի նամակ էր հղել «Նյու Յորք թայմս» թերթինՙ առաջարկելով, որ հետ կանչված թուրք դեսպանները «փոխանակ ինքնաթիռով տուն վերադառնալու, պետք է ստիպված լինեն ոտքով գնալ, քանի որ բռնի գաղթերը Օսմանյան կայսրության անկման օրերին դարձել էին ճանապարհորդելու նախասիրած միջոցը»: Թուրք հայտնի մեկնաբան Ջան Դունդարը «Հաբեր 1» թերթում գրած իր հոդվածը վերնագրել էՙ «Մենք մեր բոլո՞ր դեսպաններին ենք հետ կանչելու»: Նա գտնում է, որ այս տեմպերով մինչեւ հայերի ցեղասպանության 100-ամյակը նշող 2015 թվականը աշխարհում երկիր չի մնալու, որ չմեղադրի Թուրքիային ցեղասպանության մեջ: Ժամանակը չէ՞ արդյոք որոնելու եւ տեսնելու, թե 95 տարի առաջ ինչ կեղտոտ գործ են տեսել մեր հայրերը: Չպե՞տք է հարցնենք, թե ինչ սխալ գործեցինք, հետաքրքրվում է Դունդարը: Թուրք պաշտոնյաների խուճապի մատնվելու գլխավոր պատճառն իրենց վախն է, որ ստիպված կլինեն փոխհատուցել հայկական կորուստների դիմաց եւ վերադարձնել գրավյալ հողերը: Վարչապետ Էրդողանն ու իր գործընկերները կարծես չեն հասկանում, որ ցեղասպանության ճանաչումը դեռեւս չի նշանակում իրավական պահանջ ներկայացնել: Քանի՞ սանտիմետր հող են կարողացել հայերը ազատագրել Թուրքիայիցՙ մինչ օրս ավելի քան 20 երկրների ցեղասպանության ճանաչման հետեւանքով: Եթե թուրք ղեկավարները հասկանան, որ խորհրդարանական որոշումներն իրավական արժեք չունեն, գուցե այդքան շատ չգրգռվեն: Մյուս կողմից, կասկած չպետք է լինի, որ հայերը հողային պահանջ ունեն Թուրքիայից: Նման պահանջատիրությունը պետք է հետապնդել տարբեր դատարաններում, եթե, անշուշտ, մի անակնկալ, կատակլիզմային իրադարձություն տեղի չունենա եւ չխորտակի կամ չմասնատի թուրքական պետությունը: Մինչ այդ, մենք խորհուրդ կտայինք վարչապետ Էրդողանինՙ շարունակել ցեղասպանության ժխտումը ամեն առիթով: Դա կքաջալերեր որ հայերը շարունակեին բացահայտել Անկարայի ստերը: Եթե չլինեին թուրք պաշտոնյաների վճռական ժխտումները, աշխարհը կարիք չէր ունենա վերահաստատելու Հայոց ցեղասպանության փաստըՙ հեռուստատեսային վավերագրական ֆիլմեր հեռարձակելով եւ բանաձեւեր ընդունելով: Այնպես որ, պարոն Էրդողան, խնդրում ենք շարունակեք ձեր գործը: Հայերը կարիքն ունեն ձեր բարյացակամ օժանդակությանըՙ հետապնդելու իրենց դատը, մինչեւ արդարությունը հաստատվի: * Զարմանալի է, որ Հ. Սասունյանն էլ է կրկնում մեր մեջ տարածված թյուր կարծիքը թուրքական դիվանագիտության «բացառիկության» մասին: ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ, «Կալիֆոռնիա կուրիեր», Թարգմ. Հ. Ծ.

No comments: