Saturday, March 13, 2010

Դավութօղլուն հանդիպել է Շվեդիայի արտգործնախարարի հետ

Tert.am. 13-3-2010- Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն երեկ հանդիպել է իր շվեդ գործընկերոջ` Կարլ Բիլդի հետ: Թուրքական NTV հեռուստաալիքի փոխանցմամբ` Ֆինլանդիայի Լապլանդիա շրջանում տեղի ունեցած ԵՄ արտգործնախարարների ոչ պաշտոնական հավաքի ժամանակ Դավութօղլուն հանդիպել է Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդի հետ և նրան հաղորդել պաշտոնական Անկարայի մտահոգությունները Շվեդիայի խորհրդարանում՝ Ռիկսդագում, Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման առնչությամբ: Լրագրողներին հետ հանդիպմանը Դավութօղլուն ասել է, որ Հայոց ցեղասպանության մասին բանաձն ընդունող խորհրդարանականները տեղյակ չեն պատմական իրադարձությունների մանրամասներին: «Այդ որոշումը մեր տեսանկյունից մեծ սխալ է, և բացառվում է, որ մենք այն ընդունենք»,- նշել է Դավութօղլուն` ավելացնելով, որ Թուրքիան Շվեդիայի պես բարեկամ երկրից նման որոշում չէր սպասում: «Հարցի առնչությամբ պրն. Բիլդին ներկայացրեցի շվեդական կառավարությունից և խորհրդարանից մեր ակնկալիքները: Խորհրդակցությունները շարունակելու ենք»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը: Լրագրողներից մեկի այն հարցին, թե ի՞նչ է անելու Թուրքիան, եթե Եվրոպայում շարունակեն նման որոշումներ ընդունել, Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է. «Բնականաբար, ինչպես նախինում էր, այնպես էլ ապագայում, Թուրքիայի հակազդեցությունը շատ կոշտ է լինելու: Մենք թույլ չենք տա, որ մեր պատմությանը գնահատականներ տան ուրիշները»:

No comments: