Saturday, March 13, 2010

The Financial Times. Շվեդիայի խորհրդարանի որոշումը Անկարայի կատաղության պոռթկում է առաջ բերել

News.am. 13-3-2010- Այն փաստը, որ Շվեդիայի խորհրդարանը կողմ է քվեարկել հայերի ցեղասպանության վերաբերյալ բանաձեւին, կվատացնի այդ երկրի հարաբերությունները Թուրքիայի հետ: Այս մասին գրել է The Financial Times թերթը: Պարբերականը գրում է. «Թուրքիայի հարաբերությունները կվատանա մի այնպիսի երկրի հետ, որը Թուրքիայի ԵՄ անդամակցության ամենաջերմ կողմնակիցներից է, այն դեպքում, երբ ԵՄ անդամ երկրների հետ Թուրքիայի հարաբերություններն առանց այդ էլ դժվար են: Շվեդիայի ԱԳՆ ղեկավար Կարլ Բիլդտը հայտարարել է, որ խորհրդարանականների կողմից ընդունված որոշումը չի արտահայտում երկրի կառավարության դիրքորոշումը՝ նախազգուշացնելով, որ դա կարող է խաթարել հայ-թուրքական հաշտեցման գործընթացը: Շվեդիայի ԱԳ նախարարը կարծում է, որ Հայոց ցեղասպանության հարցով պետք է զբաղվեն պատմաբանները»: Թերթը մեջբերում է Բիլդտին՝ նշելով. «Կառավարությունը ակտիվորեն աշխատել է այդ ուղղությամբ՝ ձգտելով նախքան քննարկումը իր դիրքորոշումը հասկացնել խորհրդարանականներին»: «Շվեդիայի խորհրդարանի որոշումը հանգեցրել է Անկարայի կատաղության պոռթկմանը, հատկապես, որ բանաձեւում խոսք է գնացել նաեւ այլ ազգային փոքրամասնությունների` սիրիացիների, ասորիների եւ պոնտացի հույների նկատմամբ իրականացված ցեղասպանությանը»,- գրել է The Financial Times-ը:

No comments: