Monday, March 15, 2010

Դպրոցների տնօրենները ներքաշված են կրոնական քարոզչություններում

Tert.am. 15-3-2010- «Կրթության մասին» օրենքով ամրագրված է, որ կրթությունն ունի աշխարհիկ բնույթ, և դպրոցներում դավանաբական խնդիրների քարոզում չպետք է իրականացվի: Սակայն այսօր այս նորմը խախտվում է: Այսօրվա ասուլիսում նման տեսակետ հնչեցրեց «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը: Կենտրոնի կատարած ուսումնասիրությունների արդյունքում կազմվել է զեկույց, որն առաջիկայում կհրապարակվի: Դրանում մատնանշվում են կոնկրետ դպրոցներ և տնօրեններ, որոնք ներքաշված են կրոնական քարոզչություններում։ «Դպրոցներում ցանկացած կրոնական ուղղվածության ներկայացուցիչ իրավունք չունի քարոզ իրականացնել, եթե կատարվում է քարոզ, պետք է միանշանակ պատիժ սահմանվի»,- ասաց մասնագետը: Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի նախագահ Ալեսքանդր Ամարյանն էլ նշեց, որ որոշ դպրոցներում ժամանակին կային ուսուցիչներ, որոնք Եհովայի վկաներ էին և դասաժամերին դասավանդում էին իրենց կրոնի պատմությունը: Բացի այդ, Ավետարանչական եկեղեցու ուղղություններից մեկը դպրոցականներին արտասահմանից նվիրատվություններ էր տալիս, որոնց մեջ կար նաև կրոնական գրականություն: Ըստ մասնագետի` դա էլ է կրոնական քարոզչության տեսակ, ինչը պետք է բացառվի:

No comments: