Monday, March 15, 2010

Արցախահայության ընտրելու իրավունքն` ըստ Էլնուր Ասլանովի

Panorama.am. 15-3-2010- Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծությունների և տեղեկատվական ապահովման վարչության պետ Էլնուր Ասլանովը, այլ կերպ ասած` քարոզչության գծով Ադրբեջանի թիվ մեկ պատասխանատուն, թուրքական «Թըդեյզ Զաման» (Today’s Zaman) թերթում այսօր հոդված է հրապարակել, որտեղ, ըստ էության, փորձելով ներազդել Թուրքիայի հասարակության ու ղեկավարության տրամադրությունների վրա, հոդվածագիրը խիստ խոցելի է դարձրել սեփական երկրի քաղաքական գիծը: «Մոտեցումները փոխելու ժամանակները. Ղարաբաղի լիմիտը» վերնագրով հոդվածում Էլնուր Ասլանովը ոչ մի իրական տվյալ չի ներկայացնում: Հենց առաջին նախադասությամբ ադրբեջանցի քարոզիչն իրացնում է իր վրա դրված գործառույթները. «Նրանց համար, ովքեր դեռ չգիտեն` այս հակամարտությունը հնագույն ադրբեջանական տարածքի` Լեռնային Ղարաբաղի շուրջ է, որն այժմ օկուպացված է Հայաստանի կողմից»: Միայն առաջին նախադասության մեջ Էլնուր Ասլանովն արդեն իսկ չորս կեղծ տվյալ (կամ` սուտ) է ներկայացնում: Նախ` «հնագույն ադրբեջանական» բառակապակցությունն արդեն իսկ ապտակ է գիտական հանրությանը: Ցանկացողները, այդ թվում` Էլնուր Ասլանովը, այս ցնդաբանությունը կարող են պարզել ցանկացած վստահելի աղբյուրում ծանոթանալով «Ադրբեջան» և «ադրբեջանցիներ» տերմինների ծագման պատմությանը (հուսալի գիտական աղբյուրները ադրբեջանցիներ ազգության անունը կապում են Ատրպատական տեղանվան թուրքահունչ տերմինի` Ադրբեջանի հետ, որն առաջացել է 1918 թվականին): Ավելորդ է նշել, որ այդ պայմաններում ցինիկություն է Ղարաբաղը «ադրբեջանական» անվանելը: Հաջորդ կեղծիքը վերաբերում է հակամարտության էությանը: «Հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ է» պնդմամբ` Էլնուր Ասլանովը փորձում է տպավորություն ստեղծել, թե հայ-ադրբեջանական հակամարտությունը տարածքային վեճ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև, որի արդյունքում վերջինիս մի մասը Հայաստանը բռնազավթել է: Կատարյալ անհեթեթություն, որը խոստովանում է նույն Էլնուր Ասլանովը, նույն հոդվածում հիշեցնելով 1988 թվականի Սումգաիթյան ջարդերի մասին: Հիշեցնենք, որ այդ ժամանակ անկախ Հայաստան և անկախ Ադրբեջան գոյություն չուներ: Իսկ Էլնուր Ասլանովի կեղծ իրազեկման հասցեատերերին տեղեկացնենք, որ հակամարտությունը ծագել է այն բանից հետո, երբ Ադրբեջանի ղեկավարությունը, ընդդիմանալով արցախահայության` սեփական իրավունքներն իրացնելու որոշմանը, էթնիկ զտումներ է իրականացրել երկրի ողջ տարածքում, իսկ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ` ձեռնարկել է աննախադեպ ագրեսիա, որն, ի վերջո, ավարտվել է արցախահայության հաղթանակով: Ընդգծենք` հակամարտությունը եղել և մնում է Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև: Այդ մասին, ի դեպ, ասված է թե' ԵԱՀԿ, թե' ՄԱԿ ԱԽ փաստաթղթերում: Հաջորդ պնդման մեջ Էլնուր Ասլանովը պնդում է, թե ղարաբաղյան հակամարտությունը «հսկայական վնաս հասցրեց տարածաշրջանային տնտեսական զարգացմանը», քանի որ «բազմաթիվ տնտեսական ու քաղաքական նախագծեր, որոնք Հարավային Կովկասը կմոտեցնեին Եվրոպային», հնարավոր չեղավ իրականացնել: Այս պնդման մեջ կեղծինք ու սուտն այն աստիճանի նուրբ է մատուցված, որ մնում է զարմանալ, թե ինչո՞ւ են Բաքվի իշխանություններն իրենց ընդունակ սահմանափակ ներուժն օգտագործում անհեթեություններ տիրաժավորելու համար: Բանն այն է, որ տրանսպորտային խաչմերուկ հանդիսացող Հարավային Կովկասն իսկապես չի կարողանում սեփական առավելություններն օգտագործել տարածաշրջանում ապրող մարդկանց բարեկեցությունն ապահովելու համար: Բազմաթիվ հակամարտությունների հետևանքով տարածաշրջանի երկրները միմյանց ու արտաքին աշխարհին կապող ուղիներն այսօր չեն շահագործվում: Սա փաստ է: Իսկ այժմ Էլնուր Ասլանովի կեղծիքը բացահայտելու նպատակով հարց ենք ուղղում հենց իրեն` ո՞ր երկիրն է փակել Հայաստանն արտաքին աշխարհին կապող խողովակաշարային, երկաթուղային ու ավտոտրասնպորտային մայրուղիները դեռևս Խորհրդային Միության գոյության տարիներին, ո՞ր երկիրն է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի նկատմամբ շրջափակման ռազմավարություն կիրառել, ո՞ր երկիրն է սեփական տարածքում թալանել Սպիտակի երկրաշարժի համար ուղարկվող հումանիտար բեռները, այսօր ո՞ր երկիրն է ընդդիմանում տարածաշրջանում գոցված դռներից մեկը` հայ-թուրքական սահմանը բացելու քաղաքականությանը: Պատասխանը ակնհայտ է` Ադրբեջանը: Եվ եթե Էլնուր Ասլանովն այնքան համարձակություն ունի թուրքական մամուլում խոսելու փակ սահմանների բացասական ազդեցության մասին, գուցե այդքան տղամարդ լիներ ու կոչ աներ թուրք եղբայրներին վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները: Հաջորդ դատողություններում Էլնուր Ասլանովը գովաբանում է Ադրբեջանի հանդուրժողականությունն ու դատապարտում Հայաստանի, իբր, անհանդուրժողական կեցվածքը: Սրանց համար բերված դիտարկումները հետևյալն են. «Բոլոր ադրբեջանցիները վտարվեցին Հայաստանից, իսկ մոտ 20 000 հայեր այսօր էլ ապրում են Ադրբեջանում: Ադրբեջանում հայերենով հեռուստաընկերություն ու լրատվական գործակալություն են գործում: Իսկ Հայաստանո՞ւմ: Այսօր հայերն ապրում են Ադրբեջանում, իսկ Հայաստանում ադրբեջանցիներ չկան: Այսօր Ադրբեջանում կան հայկական ազգանուններով քաղաքացիներ, Հայաստանում ադրբեջանական ազգանուններով մարդիկ չկան: Մենք ապացուցել ենք, որ ունակ ենք ապրել միասին: Հայերը պետք է այժմ ապացուցեն, որ նրանք մեր հետ ապրելուն ընդունակ են»: Գուցե Էլնուր Ասլանովը բարի լինի թուրք ընթերցողներին պատմել, թե ինչե՞ր տեղի ունեցան Սումգաիթում, Բաքվում և մյուս քաղաքներում, ինչե՞ր հաջորդեցին դրանց: Այդկերպ նա կարող էր եղբայրակիցներին զեկուցել, որ Աբդուլ Համիդի, Ջեմալի, Թալեաթի, Աթաթուրքի ու մյուսների դասերը Բաքվում լավ են սերտել ու կարողացել են Խորհրդային Միության անկարողությունն օգտագործել` հայերին ևս մեկ անգամ ցեղասպանության ենթարկելու համար: Այս մասին ոչ մի խոսք չի ասվել, որովհետև զուգահեռաբար պետք է տեղեկացվեր այն մասին, թե ի՞նչ եղավ Ադրբեջանի մոտ կես միլիոն հայ բնակչության հետ, ինչպես նրանց մի մասը կարողացավ բնակարանները փոխանակել հայաստանաբնակ ադրբեջանցիների հետ, իսկ մյուս մասի բեռը շրջափակման մեջ գտնվող Հայաստանը կարողացավ վերցնել սեփական ուսերին ու չնայած բազմաթիվ այլ խնդիրների, արդեն 21-րդ դարի շեմին լուծել այդ խնդիրը: Մինչդեռ Ադրբեջանում մինչ օրս լացակումած խոսում են փախստականների մասին, «Թըդեյզ Զամանում» գլուխ են գովում, որ Բաքվի էլիտար թաղաամսը «հայկական ավան» է կոչվել ու բոլոր լավ տները պատկանել են հայերին, և ոչ մի բառ չի ասվում այն մասին, թե ո՞ւմ են այսօր պատկանում այդ տները, և ինչո՞ւ է էներգառեսուրսներով հարուստ երկիրը սեփական բնակիչներին զրկել տարրական համարություններ ունենալու հնարավորությունից: Էլնուր Ասլանովն այս մասին ոչինչ չի ասում, որովհետև լավ պատկերացնում է, յուրաքանչյուր ավելորդ բառ ավելի խոցելի է դարձնելու այն մտացածին փաստարկները, որոնք պաշտոնական Բաքուն փորձում է օգտագործել այլազգիներին ուծացնելու համար: «Մենք շարունակում էինք Բաքուն համարել բազմազգ մայրաքաղաք` չնայած այն բանին, որ հայերը ակտիվորեն ընդդիմանում էին 1956 թվականի սահմանադրությամբ ադրբեջաները պետական լեզու ճանաչելուն»,- գրում է Էլնուր Ասլանովն, ըստ էության, խոստովանելով, որ սահմանադրության այդ դրույթը նախատեսված էր բազմազգ Բաքուն մոնոէթնիկ քաղաքի (երկրի) վերածելու համար, և դրան միայն հայերն էին ընդդիմանում: Հայերին ջարդելուց ու վտարելուց հետո այդ խնդիրն արդեն գրեթե լուծված կարելի է համարել: Վկան` Ադրբեջանի վիճակագրության վարչության տվյալները երկրի ազգային կազմի մասին, որոնց համաձայն այդ երկրում վերջին 80 տարում մի շարք ժողովուրդներ (քրդեր, սախուրներ, ուդիներ, թաթեր և այլն) արդեն իսկ դադարել են գոյություն ունենալուց, որոշների (թալիշներ, լեզգիներ, հրեաներ, ռուսներ և այլն) աճը կա'մ դադարել է, կա'մ վաղուց արդեն բացասական դինամիկա ունի: Փոխարենը ադրբեջանցի անվանվող էթնիկական խմբի տեսակարար կշիռը Բաքվի հսկողության ներքո գտնվող տարածքներում 1926 թվականի 60 տոկոս ցուցանիշից 1999 թվականին հասել է 90-ի: Հավանաբար սա ադրբեջանական «հանդուրժողականության» դրսևորումն է խաղաղ պայմաններում, որն անվերահսկելի իրավիճակներում վեր է ածվում արյունահեղ ջարդերի: Ի դեպ, Էլնուր Ասլանովն ադրբեջանական քարոզչության հերթական խելագարությունը ներկայացրել է նաև թուրքական մամուլի էջերում. «1988 թվականին, հայկական շրջանակների հրահրմամբ, ադրբեջանական մի շարք քաղաքներում, օրինակ` Սումգայիթում, արյունահեղություն տեղի ունեցավ»: Սրան կարելի է անվերջ պատասխան տալ, սակայն բավարարվենք մեկ հարցադրմամբ` Սումգայիթ 1988-ից մինչ օրս գտնվում է Ադրբեջանում` Բաքվի քթի տակ, բա որտե՞ղ են ձեր բռնած հրահրիչները, այդ ինչպե՞ս պատահեց, որ 1988-ին դատարանում մեղադրվող (ազգությամբ ադրբեջանցի) հրահրիչներն այսօր բարձր պաշտոններ են վարում: Ինչ վերաբերում է Հայաստանում հանդուրժողականությանը, ապա Բաքվում հավանաբար տեղյակ չեն, որ Հայաստանում անխափան մուտք ու ելքից ազատ օգտվում են նաև օտարազգի (հիմնականում վրացաբնակ ու իրանաբնակ) էթնիկ ադրբեջանցիները և արժանանում են միայն տեղացիների հյուրընկալ ընդունելությանը: Ինչը չես ասի Ադրբեջանի մասին, որտեղ արգելված է ցանկացած հայկական ազգանունով անձի (քաղաքացիությունը կապ չունի) մուտքը: Բանը հասել է անգամ այնտեղ, որ այլ երկրների մարզական թիմերում հանդես եկող ազգությամբ հայերին արգելվել է մրցելույթներ ունենալ Ադրբեջանի տարածքում անկացվող միջոցառումներում: Կեղծինքերի ու ստերի մասով այսքանը, կարծում ենք, բավարար է: Այժմ` հասկանանք, թե ինչո՞ւ են իրողություններն այս կերպ շուռ տրվել: Ադրբեջանցի քարոզիչն իր երկիրը գովաբանում է` արցախահայությանն առաջարկելով ընտրություն կատարել: «Ղարաբաղի հայերը երջանիկ կլինեին ապրել այնպիսի տներում, որտեղ լույս, ջերմություն ու հարմարություններ կան: Նրանք կցանկանային հաճույք ստանալ այն հրաշալի ենթակառուցվածքներից, որոնք կբացվեն Ադրբեջանի տնտեսական զարգացման արդյունքում: Բնականաբար, Ղարաբաղի հայերը երազում են սոցիալական ապահովության, առողջապահության, կրթության ու այլ սոցիալական համակարգերի մասին, որոնք հասանելի են հարևան ադրբեջանական քաղաքներում»,- գրում է Ասլանովը` վկայելով իր չիմացությունը, որ այն ամենը, ինչ ինքը նկարագրում է Ադրբեջանի ապագայի հաշվով, Ղարաբաղում արդեն իսկ իրականություն է: Էլնուր Ասլանովը չգիտի, որովհետև ադրբեջանական քարոզչամեքենան խոչընդոտում է այդ մասին ցանկացած ինֆորմացիայի ներթափանցումը: Այն ժամանակ, երբ «Եվրոնյուզ» հեռուստաընկերությունը ռեպորտաժ է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի մասին, ներկայացնում արցախահայության առօրյա կյանքը (որը որակական առումով չի զիջում շարքային ադրբեջանցիների առօրյային), Բաքվում որոշում են անջատել հաղորդիչներն ու ջայլամի օրինակով թաքնվել իրականությունից: Հաջորդը, եթե Էլնուր Ասլանովն այդքան մեծահոգի է և արդարամիտ ու Ղարաբաղի հայությանն ընտրության հնարավորություն է առաջարկում, ինչո՞ւ է միաժամանակ խուսափում այդ ընտրության արդյունքների հետ հաշտվելու մասին հրապարակավ խոսելուց: Եթե ասում ես Ա-ն, բարձրաձայնիր Բ-ի մասին: Հարց Էլնուր Ասլանովին. Դու և քո ղեկավարները համաձա՞յն եք ձեր իսկ առաջադրած ընտրության հետ, եթե այո` պարտավորվո՞ւմ եք հարգել Ղարաբաղի հայության ցանկացած ընտրություն: Պատասխանի կարիք չկա: Այդ պատասխանն արդեն իսկ մեկ անգամ տրվել է` 1990-ին: Եվ ամենևին էլ պատահական չէ այն ձևակերպումը, որով Էլնուր Ասլանովը ամփոփում է հոդվածը. «Ինչի՞ն է հավատում Ղարաբաղի երիտասարդ սերունդն այսօր: «Անկախության» մասին հեքիաթի՞ն: Այդ դեպքում ո՞ւր մնաց կյանքի իմաստը. կրթություն, թոշակներ, առողջապահություն: Ժամանակն է որոշել` ո՞վ ի՞նչ պայմաններում պետք է ապրի` շարունակել կոտրված ճակատագրեր, խեղված կյանքեր, նվազ ապահովված ընտանքիներ կերտելու ջանքերը, թե հրաժարվել երևակայական պսևդո-գաղափարներից, որոնք միայն թշնամանք ու ատելություն են սերմանում»: Սրանով Էլնուր Ասլանովը երկրորդում է Իլհամ Ալիևին, ով վերջերս «Եվրանյուզին» տված հարցազրույցում, չհասկանալով, որ իրեն վաղուց արդեն քաղաքակրթված մարդիկ են լսում, պնդել էր, թե ինքը պետք է ցմահ կառավարի, որովհետև Ադրբեջանում նյութական բավարարվածությունն ավելին արժե, քան մարդու կյանքն ու ազատությունը, իսկ ինքը կարողանում է նյութական բարիքներ բաշխել:

No comments: