Wednesday, March 17, 2010

Էրդողանը սպառնում է Թուրքիայից արտաքսել ապօրինի բնակվող հայերին

Tert.am. 17-3-2010- Եթե հարկ լինի, Թուրքիայի իշխանությունները կարող են երկրից վտարել ապօրինի բնակվող հայերին: Այս մասին BBC-ի թուրքական ծառայության հետ հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունի հրավերով պաշտոնական այցով Լոնդոնում է: «Տեսեք, իմ երկրում 170 հազար հայ կա, որոնցից 70 հազարն իմ քաղաքացիներն են: Սակայն մյուս 100 հազարի վրա մենք աչք ենք փակում: Իսկ վաղն էլ, եթե հարկ լինի` այդ 100 հազարին էլ կասեմ` գնացեք ձեր երկիր: Ինչո՞ւ, որովհետև նրանք իմ քաղաքացիները չեն, ես էլ պարտավոր չեմ նրանց պահել իմ երկրում»,- հայտարարել է Էրդողանը: Թուրքիայի վարչապետը խոսել է նաև աշխարհի տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերի ընդունման մասին` հայտարարելով, թե նման բանաձևերի ընդունման հետևանքով առաջացած ճգնաժամը վնասելու է հենց Հայաստանին: «Նրանցից և ոչ մեկը մեզ չեն հետաքրքրում: Նրանցից և ոչ մեկը տեղ չունի Հայաստանի և Թուրքիայի միջև: Նրանք իրենք իրենց համար են խաղում: Այդ երկրները Հայաստանի հետ ի՞նչ առնչություն ունեն, ո՞վ է նրանց տվել այդ պարտականությունը: Նրանք իրենց ընդունած որոշումներով շոու են ցուցադրում… Եվ Հայաստանի ժողովրդին էլ վնասում են…»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետը: «Մենք վճռականորեն շարունակում ենք և շարունակելու ենք «հարևանների հետ զրո խնդիր» սկզբունքի վրա հիմնված մեր քաղաքականությունը: Սակայն երբ մենք պարզում ենք մեր ձեռքը, իսկ դիմացինը ցույց է տալիս բռունցք, մեզ այլևս անելու բան չի մնում: Բայց մենք միշտ էլ մեր ձեռքը պարզելու ենք հանուն հաշտեցման և խաղաղության, հանուն սիրո: Բավական է, որ մեր դիմացի ձեռքը բռունցքի չվերածվի…»,- ասել է Թուրքիայի վարչապետը` միևնույն ժամանակ կոչ անելով Հայաստանի բարեկամ երկրներին աջակցել երկու պետությունների միջև մեկնարկած հարաբերությունների կարգավորման գործընթացին: Ի պատասխան այն հարցին, թե արդյո՞ք Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերի ընդունման արդյունքում թուրքական արտաքին քաղաքականությունը հայտնվել է նեղ դրության մեջ, Թայիփ Էրդողանը հայտարարել է. «Ներկա պահին նման խնդիր չկա: Հայաստանի հետ կապված զարգացումները ոչ թե մեր, այլ Հայաստանի խնդիրն ու մտահոգությունն են… Եվ ներկա պահին հարկ է, որպեսզի Հայաստանը շատ կարևոր որոշում կայացնի: Հայաստանը պետք է ազատվի Սփյուռքից կախվածությունից: Եթե Հայաստանին սիրող երկրներ կան, ի դեմս Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի, նրանք Հայաստանին պետք է ազատեն Սփյուռքից կախվածությունից»: Ի պատասխան այն հարցին, թե ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձևի ընդունումն արդյոք բացասական ազդեցություն չի՞ ունենա թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա, Էրդողանն ընդգծել է, որ ինքը շարունակում է հավատալ ու վստահել Միացյալ Նահանգներին: «Ես այդպես չեմ կարծում, դա հնարավոր չէ: Ցանկանում եմ նշել հետևյալը` թուրք-ամերիկյան հարաբերությունները բացարձակապես առնչություն չունեն հայ-թուրքական հարաբերությունների հետ: Մենք ռազմավարական հարաբերություններ ունենք»,- հայտարարել է Էրդողանը:

No comments: