Wednesday, March 31, 2010

«Ժառանգությունը» իշխանությանն ու ընդդիմությանն առաջարկում է միավորվել

«Ժառանգություն» կուսակցությունը կոչ է անում Հայաստանի հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր», Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցություններին և Հայ ազգային կոնգրեսին` ձևավորել նոր, քաղաքական ոչ-ֆորմալ կենտրոն Կլոր սեղանի ձևաչափով` Արցախի և hայ-թուրքական խնդիրներում ահագնացող արտաքին ճնշումներին, այդ թվում` Ադրբեջանի կողմից նոր պատերազմի սանձազերծմանն ի պատասխան։ Այսօր տարածած հայտարարությունում «Ժառանգությունը» նշում է, որ բովանդակ հայ ժողովրդի հետ մեկտեղ խիստ անհանգստացած լինելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և արցախյան խնդիրների շուրջ տեղի ունեցող վտանգավոր զարգացումների և առկա սպառնալիքների առնչությամբ, կուսակցությունը ստեղծված իրավիճակը գնահատում է որպես Հայաստանի և Արցախի Հանրապետություններին ուղղված ամենավտանգավոր մարտահրավերը, որը երբևէ եղել է 1993-ից ի վեր։ «Այս պայմաններում Արցախի և hայ-թուրքական խնդիրներում ահագնացող արտաքին ճնշումներին, այդ թվում` Ադրբեջանի կողմից նոր պատերազմի սանձազերծմանն ի պատասխան` «Ժառանգությունը» կոչ է անում ընդդիմադիր ՀԱԿ-ին ու ՀՅԴ-ին և կոալիցիոն կուսակցություններին` ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին և ՕԵԿ-ին, մինչև ԱԺ արտահերթ կամ հերթական ընտրությունները, գործող խորհրդարանի քաղաքական ցածր արդյունավետության պայմաններում ձևավորել նոր, քաղաքական ոչ-ֆորմալ կենտրոն` Կլոր սեղանի ձևաչափով, որում կընդգրկվեն նշյալ 3 ընդդիմադիր և 3 կոալիցիոն ուժերը, ինչի շնորհիվ համամասնորեն ներկայացված կլինեն ընդդիմությունն ու իշխանությունը։ Կլոր սեղանը առաջարկում ենք ձևավորել առանց նախնական օրակարգի, ապա սեղանին դնել ընդդիմադիր ու իշխանական ուժերին հուզող բոլոր հիմնական խնդիրները և առանց նախապայմանների գալ ընդհանուր հայտարարի մի շարք հարցերում։ Սա կարող է անհրաժեշտ նախադրյալներ ստեղծել պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում ներհասարակական-ներքաղաքական միասնության ապահովման և համախմբված ուժերով հակառակորդին դիմակայելու համար, ինչպեսև` խթանել ժողովրդավարական բարեփոխումները»,- ասվում է կուսակցության հայտարարությունում։ «Ժառանգությունը» նշում է, որ Կլոր սեղանը պետք է լինի առաջին քայլը` ազգային միասնության առավել լայն քաղաքական, քաղաքացիական և հոգևոր ձևաչափի կայացման ուղղությամբ, որն ի վերջո կընդգրկի Հայաստանի և Արցախի Հանրապետությունների, ինչպեսև Սփյուռքի քաղաքական ուժերին ու քաղաքացիական առանցքային դերակատարներին, Մայր եկեղեցու և մյուս հիմնական հարանվանումների ներկայացուցիչներին։ Նմանատիպ առաջարկով «Ժառանգությունը» պատրաստվում է պաշտոնապես դիմել նաև վերը նշված ազգային միավորներին։ Առաջիկայում «Ժառանգություն» կուսակցությունը պաշտոնապես կդիմի ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի, ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՕԵԿ-ի առաջնորդներին` քննարկելու այս առաջարկը և վերոնշյալ շրջանակներին ներգրավելու հարցը։

No comments: