Tert.am. 2-4-2010- ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել Ցեղասպանության 95-ամյակի միջոցառումների նախապատրաստման հանձնաժողովի նիստը, որը վարել է վարչապետ, հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Հանձնաժողովի անդամները ևս մեկ անգամ քննարկել են ընթացիկ տարվա միջոցառումների ցանկը, որ 2009թ. ընթացքում ներկայացվել է ոչ միայն նրանց, այլև պետական գերատեսչությունների ու հասարակական կառույցների դատին` ներառելով ընդունելի բոլոր առաջարկությունները։ Վարչապետը նշել է, որ պետք է արվի հնարավորը, որ լավագույն մտահղացումներն ու նախաձեռնությունները կյանքի կոչվեն պատշաճ մակարդակով։
Հայոց ցեղասպանության 95-ամյա տարելիցի միջոցառումների ցանկը ներառում է ձեռնարկումների ութ ուղղություն 2010թ. համար. գիտակրթական, մշակութային միջոցառումներ (երեկոներ, ցերեկույթներ), գրքերի ու ալբոմների հայերեն և օտարալեզու հրատարակություններ ու վերահրատարակություններ, ցուցահանդեսներ, թատերական բեմադրություններ, երթեր, հուշ-երեկոներ, դպրոցականների այցելություն Հայոց ցեղասպանության թանգարան, ինչպես նաև ֆիլմերի նկարահանում, ցուցադրություն, ցուցապաստառների պատրաստում ու տեղադրում և այլն։ Բոլոր նախաձեռնությունների իրականացման գործում ներգրավված են պետական գերատեսչություններ, տարբեր հասարակական ու քաղաքական կառույցներ։
Կարևորվել են հայ և օտարազգի գիտնականների և իրավագետների համախմբման ու գիտաժողովների անցկացման հարցերը։ Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ հատկապես ԱՄՆ-ում և Եվրոպայում միջազգային իրավունք ուսանող երիտասարդներին ու նրանց դասախոսներին պետք է համախմբել։ Բոլոր երկրներում առկա գիտական ներուժի` ուսանողների ևւ դասախոսների համախմբման և համատեղ աշխատանքի կազմակերպման հարցում մեծ ներդրում կարող է ունենալ «Լույս» հիմնադրամը։ Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ Հարվարդի ուսանողների մի խումբ որպես դիպլոմային աշխատանքի թեմա ընտրել է Հայոց ցեղասպանությունը։
Ի մի բերելով արդեն ընթացքի մեջ գտնվող և դեռ կայանալիք ձեռնարկումները` Տիգրան Սարգսյանը կարևորել է բոլոր միջոցառումների պատշաճ կազմակերպման ու կատարման բարձր մակարդակը։
Saturday, April 3, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment