Saturday, April 3, 2010

ԱՌԱԿ. Ազատագրված տարածքները ոչ միայն ԼՂՀ-ի, այլեւ Հայաստանի անվտանգության կարեւորագույն երաշխիքներն են

/PanARMENIAN.Net/ 02.04.2010 - Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող զարգացումների առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել Արմենական-Ռամկավար Ազատական կուսակցությանը: «Ղարաբաղի անվտանգության երաշխիքների բացակայության եւ Ադրբեջանի կողմից ամեն օր հնչող ռազմատենչ հայտարարությունների պայմաններում որեւէ խոսակցություն զիջումների կամ նույնիսկ փոխզիջումների մասին անտեղի է ու վտանգավոր: Արմենական-ՌԱԿ-ը կարծում է, որ տարածքները, որոնք ազատագրվել են հազարավոր հայ մարտիկների կյանքի գնով, ընդհանրապես չեն կարող առեւտրի եւ սակարկման առարկա լինել: Մյուս կողմից, հայկական կողմը իրավասու է նյութական փոխհատուցում պահանջել Ադրբեջանից Ղարաբաղում պատերազմ սանձազերծելու եւ հազարավոր անմեղ քաղաքացիներ սպանելու համար: Այս կապակցությամբ պետք է պետական մակարդակով բարձրացվի Շահումյանի եւ հայաբնակ մյուս շրջանների խնդիրները, ինչպես նաեւ 400 հազար հայ փախստականների հարցը: Պետք է նաեւ, թեկուզ եւ ուշացումով, պետական ավելի լուրջ եւ հեռանկարային քաղաքականություն իրականացնել ազատագրված տարածքները վերաբնակեցնելու եւ տնտեսապես հզորացնելու ուղղությամբ: Ազատագրված տարածքները ոչ միայն ԼՂՀ-ի, այլեւ Հայաստանի Հանրապետության անվտանգության կարեւորագույն երաշխիքներն են եւ խաղաղության պահպանման միակ գրավականը»,-ասվում է կուսակցության հայտարարության մեջ:

No comments: