Tuesday, April 6, 2010

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵ՞Ն ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

«ԱԶԳ» , 06-04-2010- Ադրբեջանական, իսկ վերջին շրջանում նաեւ թուրքական պետություններից հնչող հակասական հայտարարություններին մեր թերթը բազմիցս է անդրադարձել: Հատկապես ադրբեջանական ուղղությունից եկող տեղեկություններում հաճախ հակասում են խոսքերը, նույնիսկ բառերը` միեւնույն նախադասության մեջ: Այսպես, Թուրքիայում գտնվող Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիեւը հայտարարել է, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը չի կարող վնասել ադրբեջանա-թուրքական հարաբերություններին, քանի որ դրանք «եղբայրական են, իսկ բոլոր լարվածություններն անցյալում են»: Այս նույն Ադրբեջանը ամենաբարձր մակարդակով ոչ վաղ անցյալում հայտարարում էր, որ Թուրքիան` ստորագրելով արձանագրություններ (վավերացման մասին դեռ խոսք չկա- Հ. Ա.) Հայաստանի հետ, դավաճանում է Ադրբեջանին, այս նույն Ադրբեջանը հայ-թուրքական գործընթացների մեկնարկից անմիջապես հետո հանկարծ «հիշեց», որ գազը բավական էժան է մատակարարում «ավագ եղբորը», եւ վերջապես այս նույն Ադրբեջանն էր, որ Բաքվի շեհիդների պուրակից հանում էր թուրքական դրոշները: Ուրեմն ի՞նչ պատահեց Բաքվին: Թերեւս նա էլ հասկացավ, որ Անկարան բոլորովին էլ միտք չունի վավերացնելու արձանագրությունները, եւ հետեւաբար` չվավերացված արձանագրությունները, իհարկե, չեն կարող խոչընդոտել ադրբեջանա-թուրքական հարաբերություններին: Մեհտիեւի հայտարարության շարունակությունը պարզապես ապշեցնում է իր իսկ քիչ առաջ արտասանած բառերի նկատմամբ հակասությամբ. «Թուրքիայի իշխանությունը հավատացնում է մեզ, որ Հայաստանի հետ սահմանը չեն բացի, մինչեւ չլուծվի ղարաբաղյան հարցը»: Փաստորեն պարզվում է, որ, այնուամենայնիվ, հայ-թուրքական արձանագրությունները կարո՞ղ են հակասել Ադրբեջանի շահերին: Եթե «թուրքական երկրորդ» պետության նախագահի աշխատակազմի ղեկավարը չգիտի, ապա նշենք, որ արձանագրություններում չկա որեւէ դրույթ, որը պարտադրի Երեւանին` զիջել Ղարաբաղը, եւ որ միջազգային հանրությունը բազմիցս է կրկնել եւ կրկնում` վավերացրեք առանց նախապայմանների, եւ միայն թուրքական պետությունն է, որ «ամաչելով» Ղարաբաղ անունը մտցնել արձանագրությունների մեջ, դրանք ստորագրելուց հետո է խոսում Ղարաբաղի հարցի մասին: Իսկ որ թուրք-ադրբեջանական լարվածությունը «մնացել է անցյալում», այնքան էլ այդպես չէ. այս երկու «եղբայրական պետությունները» այնպես էլ չհամաձայնեցին գազի նոր սակագներ սահմանելիս, իսկ այս տարաձայնությունների պատճառով, ի դեպ, վտանգի տակ է «Նաբուկկո» գազամուղի միջազգային նախագիծը: Այնպես որ, Ռամիզ Մեհտիեւը պիտի անկեղծ լիներ, չհակասեր ինքն իրեն` ընդամենը նշելով, որ հայ-թուրքական արձանագրությունները, միայն չվավերացված լինելու պարագայում չեն խոչընդոտի թուրք-ադրբեջանական հարաբերություններին: ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

No comments: