Tuesday, April 6, 2010

Ադրբեջանի ընդդիմությունը խնդրում է ԱՄՆ-ի աջակցությունը Ալիևին գահընկեց անելու համար

Tert.am. 6-4-2010- Այն ժամանակ, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անողոքաբար ճնշում է երկրի ընդդմությանն ու անկախ մամուլին, Միացյալ Նահանգները պետք է կենտրոնանա ոչ թե Հարավային Կովկասի ամենամեծ երկրի էներգետիկ ռեսուրսների, այլ այդ երկրում ժողովրդավարության հաստատման քաղաքականության վրա: Այս մասին The Washington Post պարբերականում գրում է «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցության նախագահ Ալի Քերիմլին` նշելով, որ «Ալիևն Ադրբեջանը վերածել է սեփական կալվածքի»: «Չի բացառվում, որ բազմաթիվ ամերիկացիներ Ադրբեջանի մասին լսած լինեն հարուստ նավթի պաշարների կամ Հայաստանի հետ ղարաբաղյան հակամարտության պատճառով: Մարտի 5-ին այս թերթում տեղ գտավ մի հրապարակում, որի համաձայն, իշխանության գլուխ կանգնած ընտանիքը Դուբայում ունի 75 միլիոն դոլարի սեփականություն, այդ թվում` շքեղ վիլաներ: Դա լիովին գծագրում է երկրի պատկերը: Սակայն մենք` Ադրբեջանում ապրողներս, ամենևին էլ չզարմացանք. ի՞նչ կարելի է սպասել մի առաջնորդից, ով կեղծված ընտրությունների արդյունքում հորից ժառանգեց իշխանությունը»,- գրում է Ալի Քերիմլին և շարունակում. «Ալիևի` երկրի ընդդիմության և անկախ ԶԼՄ-ների դեմ ճնշումներն սկսվեցին 2003թ. ընտրություններով: Իշխանությունը ժառանգաբար փոխանցելու դեմ բողոքող հազարավոր ադրբեջանցիներ ձերբակալվեցին և խոշտանգվեցին: Երբ ընդդիմության կողմնակիցներն ուղղակի փտում էին բանտերում, այդ ժամանակվա ԱՄՆ փոխպետքարտուղար Ռիչարդ Արմիթեյջը զանգահարեց Ալիևին և շնորհավորեց նրան ճնշումների շնորհիվ տարած հաղթանակի առնչությամբ: Ժողովրդավարության մասին աղաղակներն էլ լռեցվեցին ոստիկանների մահակներով: Իսկ արևմտյան ուժերը նախընտրեցին աշխատել այդ երիտասարդ և, իրենց կարծիքով, առաջադեմ ղեկավարի հետ»: Ալի Քերիմլին, նշելով, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին պատրաստվում է լուրջ պայքար մղել Ադրբեջանի ներկայիս ռեժիմի դեմ, գրում է, որ այդ հարցում ակնկալում է ոչ թե Միացյալ Նահանգների ուղղակի միջամտությունը, այլ նրա բարոյական աջակցությունը: «Մեր նպատակն է Ադրբեջանում հիմնել գործուն ժողովրդավարություն, նվազեցնել մեր երկրի կախվածությունը նավթից, ձևավորել ազատ մրցակցության վրա հիմնված տնտեսություն: Մենք ցանկանում ենք, որ Ադրբեջանն ինտեգրվի Եվրոատլանտյան համայնքին և այլևս դադարի լինել ավտոկրատ Ռուսաստանի արբանյակը: Այն ժամանակ, երբ մենք շարունակում ենք ազատության համար մեր պայքարը, կենսական նշանակություն ունի Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանի հանդեպ ճիշտ քաղաքականության որդեգրումը: Ցավալի է, որ բազմաթիվ ադրբեջանցիների կարծիքով` ԱՄՆ-ն հետաքրքրված է միայն էներգակիրներով և ահաբեկչության դեմ գլոբալ պայքարով, այսինքն` ժողովրդավարությունը Միացյալ Նահանգներին այնքան էլ չի հետաքրքրում: Հուսով ենք, որ Օբամայի վարչակազմի համար առաջնահերթություն կլինի Ադրբեջանի նախագահին ժողովրդավարական բարեփոխումների և մարդու իրավունքերի մասին հիշեցնելը… Ադրբեջանական ընդդիմությունը ԱՄՆ-ի միջամտությունը կամ ֆինանսական աջակցությունը չի խնդրում: Մեր ուզածը Միացյալ Նահանգների բարոյական աջակցությունն է»:

No comments: